ՊԱՇՏՈՆԱԽՈՍՏՈՒՄՆԵՐ


 

Մեր ունեցած տեղեկություններով` «Օրինաց երկրում» արդեն «ճամպրուկային» տրամադրություն է: Այստեղ ոմանք համակերպվել են այն մտքի հետ, որ կուսակցությունը չի հավաքելու անհրաժեշտ ձայները: Ուստի Արթուր Բաղդասարյանն արդեն համոզում է իր «արբանյակներին»` բավարարվել ստանալիք պաշտոններով: Մասնավորաբար Բիշարյան Հեղինեին օրերս ՕԵԿ առաջնորդը մխիթարել է, որ լուծել է նրա` կրթության և գիտության փոխնախարար դառնալու հարցը: Դեռ մեկ տարի առաջ ՕԵԿ-ը մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի Բիշարյանը նշանակվեր մշակույթի նախարար, իսկ հիմա էլ նրան առաջարկվում է կրթության փոխնախարարի պաշտոնը: Բարեբախտաբար, Բիշարյանը հրաժարվել է փոխնախարարի պաշտոնի առաջարկից և հայտարարել է, որ ինքը մինչև վերջ պայքարելու է և ամեն ինչ անելու, որպեսզի ՕԵԿ-ը հայտնվի խորհրդարանում:

Հուսանք, որ տիկին Բիշարյանը մինչև վերջ սկզբունքային կլինի և չի համաձայնի ստանձնել կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը: Գոնե` հանուն մեր կրթության փրկության:

Բիշարյանից զատ, պաշտոն է առաջարկվել նաև Մարգարյան Հովհաննեսին, սակայն` տեղական մակարդակով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Արթուր Բաղդասարյանն արդեն լուծել է Մարգարյան Հովհաննեսին Գյումրու փոխքաղաքապետ նշանակելու հարցը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ