Հասարակական տրանսպորտ` հատուկ գեղեցիկ սեռի համար


 

Հասարակական տրանսպորտում պարբերաբար կանանց նկատմամբ կիրառվող բռնության, ոտնձգության դեպքերի դեմ պայքարը փաստորեն համաշխարհային բնույթ է կրում: Սակայն ճապոնական երկաթուղային ընկերությունները գտել են այս աղետի դեմ պայքարի արդյունավետ եղանակները` ստեղծելով գնացքներ և մետրոպոլիտենի վագոններ` հատուկ կանանց համար: Հայտնի է, որ Տոկիոն բազմամարդ քաղաք է: Իրավիճակն ավելի սրվում և պարզապես անկառավարելի է դառնում հատկապես պիկ ժամերին, երբ մետրոյի աշխատակիցներն, ուղևորներին մի կերպ հրելով, տեղավորում են վագոններում, որպեսզի դռները փակվեն: Հենց այս հրմշտոցն ու խառնաշփոթն էլ ոմանց համար անշարժ կանգնած կանանց վրա «հարձակվելու» կատարյալ պայմաններ են ստեղծում: Սովորաբար գնացքում յուրաքանչյուրն իր գործով է զբաղված` ամսագրեր կարդալով, հեռախոսազրույցներ ծավալելով: Սակայն ոմանք էլ հարևանությամբ կանգնած կնոջը հպվելու հնարավորությունը բաց չեն թողնում` միաժամանակ տհաճ արտահայտություններ թույլ տալով: Ոտնձգության այս եղանակը, որ ճապոնացիներն անվանում են «chikΖn», տեղի է ունենում ամեն օր, ամեն ժամ ծագող արևի երկրի մարդաշատ քաղաքներում: Կանանցից շատերը, դժբախտաբար, նախընտրում են լռությամբ համակերպվել, քանի որ ճապոնական հասարակության մեջ անխախտ օրենք է` ցանկացած հարցում իշխող են տղամարդիկ: Խնդիրը իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և հենց դրա լուծմանն են միտված կանացի գնացքների թողարկումը: Դրանց մի մասն աշխատում է ամբողջ օրը, իսկ մի մասը` միայն գերծանրաբեռնված ժամերին: Բացի գեղեցիկ սեռից` այս տրանսպորտից կարող են օգտվել նաև երեխաները, թոշակառուները և անդամալույծ տղամարդիկ:

Ճապոնիայի ոստիկանությունը յուրաքանչյուր տարի ձերբակալում է հազարավոր տղամարդկանց: Վերջին շրջանում այն մարդիկ, ովքեր անիրավացիորեն մեղադրվել են կամ այդպիսի մտավախություն ունեն, խնդրանք-առաջարկով են դիմել երկաթուղային ընկերություններին, որպեսզի վերջիններս նաև տղամարդկանց համար առանձին տրանսպորտային միջոցներ հատկացնեն: