ԸՆՏՐԱՄԱՆՐԱ-ՊԱՏՈՒՄՆԵՐ

Կուսակցական «խանութ»


 

Ես ու Հորիզոնն անցնում էինք մի նոր ու շքեղ խանութի կողքով: Ընկերս ուրախությամբ բացականչեց.

- Վա˜յ, ինչ լավ է, մեր շենքն է. մթերային խանութ են բացել:

- Չէ, ճակատին գրված է «Կուսակցության շտաբ»:

- Ես էլ կարծում էի` մեր շենքի 1-ին հարկում մթերային խանութ են սարքում: Շենքավորներս ուրախացել էինք: Մտանք խանութ: Սիրունիկ վաճառողուհին, ով 36 տարուց չէր անցնի, մեր հարցին պատասխանեց.

- Սա յուրատեսակ խանութ է: Մեզ մոտ վաճառում ենք մեր կուսակցության ծրագրերի, գաղափարների տեսականին` նախընտրական ծրագիր` նախագահի ժպտադեմ լուսանկարով, բուկլետներ, բրոշյուրներ, թերթիկներ, գաղափարներ և զանազան այլ թանկարժեք թղթերով տպագրված ծանուցումներ: Դուք այս թաղամասի՞ց եք:

- Ոչ միայն այս թաղամասից, այլև` այս շենքից եմ, իսկ Գուրգենը ուրիշ համայնքից է,- մեկնաբանեց Հորիզոնը:

- Ուրախ ենք այցելության համար, մենք ոչ միայն մեր խոստումներն ենք վաճառում, այլև` գնում ենք ձայներ: Օրինակ. դուք որքա՞ն եք գնահատում ձեր ձայնը:

- Հարգելի տիկին, ձայնը մարդու ողջ էությունն է, այն շատ է բնորոշում իր տիրոջը: Ժամանակին ում ձայնազուրկ էին անում, նրան կենդանի-մեռած էին համարում: Մենք ձայնավաճառ չենք. ձայն վաճառողը մարմինն էլ կվաճառի…

- Դա ձեր իրավունքն է, որ ձայն չեք վաճառում, խնդրեմ, վերցրեք մեր նախընտրական ծրագրերը, ծանոթացեք:…

- Պետք չէ, ունենք, ձեր թիմակիցները դրանցից կապոցներով են մեր տուն բերել:…