ԶԲՈՍԱ՞ՆՔՆ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ


Հայաստանում չկա ներքաղաքական ճգնաժամ, հասարակական կյանքը վաղուց իր բնականոն հունով է ընթանում, իսկ հետընտրական իրադարձությունները, թվում է` հեռավոր անցյալում են արդեն մնացել: Փետրվարի 19-ին հաջորդած անհանգիստ ու լարված իրավիճակի հանգուցալուծումը գտնված է, և միայն Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին կայացող, այսպես կոչված, քաղաքական զբոսանքները ոչ այլ ինչ են, քան հետընտրական մարած շարժման վերջին, եզրափակիչ ակորդներ: Ուստիև դժվար չէ համոզվել, որ ամենահաճելի զբոսանքն անգամ ավարտվում է երեկոյան թեյով և անուշ քնով: Նույնը կարելի է մաղթել նաև նշված քաղաքական զբոսանքների մասնակիցներին: Հակաօրինական ցանկացած քաղաքական շարժում, առավել ևս պարսպապատված առաջնորդի բացակայության, լռության պայմաններում չի կարող երկար կյանք ունենալ: Հետևաբար «խաղաղ ցուցարարների»` սպասվածից էլ արագ հիասթափությունը միանգամայն բացատրելի է… Իսկ զբոսնել կարելի է ցանկացած պարագայում և նույնիսկ առանց քաղաքական նկատառումների: Ընդ որում, «խաղաղ ցուցարարների վրա ոստիկանության վայրագ հարձակման թեմայով» արկածային պատմությունները, ըստ երևույթին, բավարար չափով ազդեցություն չեն ունեցել առաջին Նախագահի համակիրների վրա: Արդյունքում խորը հիասթափության ամբողջացած չափաբաժինը դեռ երկար կամ միգուցե ընդհանրապես շարժումը վերակենդանացնելու հնարավորություն այլևս չեն տա: Հաջողակ թիմ առաջին Նախագահը չկարողացավ ձևավորել` ոչ իր պաշտոնավարման տարիներին, ոչ էլ, առավել ևս, վերջին ընտրություններից առաջ: Այսօր, երբ ամեն ինչ արդեն անցյալում է մնացել, դարձյալ հնարավոր չէ հավատալ այն մարդկանց, ովքեր նախ պնդում են, թե ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին, իսկ մի փոքր անց նույն «սկզբունքայնությամբ» հրաժարվում այդ պնդումներից` հիմա էլ արդարանալով (՞), թե լավ չեն տեսել, քիչ են տեսել, կողքից են տեսել կամ էլ ուրիշից են լսել… Պնդող-հրաժարվողներն էլ ոչ թե շարքային սադրիչներ են, այլ ԱԺ պատգամավորներ: Այսքանից հետո այլևս դժվար է մեղադրել դեպքի օրը աղբամանից գտած մանկական կոշիկը ընդդիմության «հաղթաթուղթ» դարձրած ու մտորումները ամբոխին բարձրաձայն ներկայացրած շարքային ցուցարարներին: Այդ օրերին քաղաքական ջրերն այնքան պղտոր էին, որ ով ինչ ցանկանար, կարող էր որսալ: Այսօր արդեն, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն էր սիրում հանրահավաքներում ասել, եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: Եվ հիմա է միայն, որ հնարավոր է դառնում արևերես հանել այն, ինչը ժամանակի արագահոս ընթացքը հետընտրական խառնակ օրերին ուղղակիորեն թողնում էր ապագային: Պարզվում է նաև, որ ընտրակեղծիքների թեմայով փետրվարի 20-ից Ազատության հրապարակը վերստին մարդաշատ դարձրած առաջին Նախագահի կողմնակիցները կեղծ փաստաթղթեր են Սահմանադրական դատարան ներկայացրել: Մասնավորապես Շիրակի մարզի մի քանի ընտրատեղամասերից ստացված` թվային անհամապատասխանատվություններով ու ջնջումներով փաստաթղթերը ասվածի լավագույն վկայությունն են: Խոստովանենք, որ նաև այսպիսի բացահայտումներով է հիմնավորվում հանրահավաքային քարոզչության և իրականության միջև եղած տարբերությունը: Տարբերություն, որ շատ մեծ է, և այդ մեծությունը աստիճանաբար պատկերացնելի է դառնում ոչ միայն հանրության համար ընդհանրապես, այլ նաև հենց առաջին Նախագահի կողմնակիցների: Ահա թե ինչու մարդաշատ հանրահավաքները քաղաքական զբոսանքների վերափոխվեցին: