ԿԱՐԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՄԱՆ


Առաջիկա օրերի կարևորագույն իրադարձությունը ակնհայտորեն նոր կառավարության կազմի ձևավորումն է դառնալու: Այս հարցի վերաբերյալ առայժմ գերակշռում են այնպիսի քննարկումները, որոնք ավելի շուտ դեռևս կանխատեսումների շրջանակներում են: Իսկ նոր կամ իրենց տեղերը պահպանած պաշտոնյաների ցանկի հրապարակումից հետո, թերևս, ավելի գերիշխող կդառնան դրական կամ բացասական գնահատականները: Հատկանշական է սակայն, որ ոչ դրական վերաբերմունքի համար նախադրյալներ գրեթե չկան: Սերժ Սարգսյանի` ինքնանպատակ փոփոխությունները բացառելու խոստումը որքան էլ կոնկրետ լինի, միևնույն է, առայժմ դժվար է մնացող-գնացողներին որոշակիորեն տարանջատելը: Մանավանդ, որ այսպես թե այնպես` փոփոխություններ լինելու են: Ավելին, նշվել է նաև, որ կառավարության նորեկների շարքում ամենաանսպասելի նշանակումների հավանականությունն էլ մեծ է: Եվ մինչ իշխանությունը չորս մասի բաժանելու թվացյալ խմորումներն ավարտին կհասցվեն, նկատենք, որ դա ամենևին էլ չի նշանակում ամբողջ իշխանության քառատում` չորս հավասար մասերի: Համենայն դեպս, կոալիցիոն կառավարման նախորդ փորձը հուշում է, որ քաղաքական անակնկալները կարող են անգամ ամենախոստումնալից կոալիցիաների անբաժան ուղեկիցները դառնալ: Ուստիև, այն հանգամանքը, որ տվյալ դեպքում չորսի ստորագրությունների թանաքը դեռ մի կարգին չչորացած` կողմերից յուրաքանչյուրը խոստովանեց, թե պաշտոնների ու նախարարությունների «մենաշնորհումներ» այս անգամ չեն լինելու, ինչ-որ բան արդեն ասում է: Նոր կառավարության հետագա գործունեության ցածր արդյունավետությունը միայն հանուն դրանց համաչափ բաշխվածության, բնականաբար, արդարացված չի լինի: Ավելին, եթե նորակազմ գործադիրը նոր Նախագահի ծրագրերը կյանքի կոչելու միջոց պետք է հանդիսանա, ուրեմն նշանակումներն էլ բծախնդրորեն և նրա հայեցողությամբ պետք է կատարվեն: Այլապես, մի փոքր ավելի ուշ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ քառակողմ իշխանության թևերից յուրաքանչյուրն սկսի մեկը մյուսին մեղադրել, և արդյունքում մեկի գործունեության ցածր արդյունավետությունը հավասարապես տարածվի մյուս երեքի վրա էլ: Նման նախադեպ արդեն կա: Եվ խնդիրն այստեղ վստահության այն տեսանելի չափաբաժնով չի սահմանափակվում, երբ հասարակությունը դարձյալ վստահ է, որ Հանրապետականը ցանկացած պարագայում կարող է ստանձել ամբողջ իշխանության պատասխանատվությունն ու միայնակ արդարացնել հանրության հույսերն և ակնկալիքները: Կուսակցական համագործակցության նորացված ձևաչափի գոյությունը, բնականաբար, դժվարին իրավիճակում իշխանության նավը լքելուն չպետք է միտված լինի: Ցանկացած պահի կարող է նման իրավիճակ ստեղծվել, և այս անգամ իշխանությունից «փախուստը» բնավ էլ ինքնաապահովագրման երաշխիք չի կարող դառնալ: Համաձայնագիրը, բնականաբար, ստիպողաբար չի կնքվել, և եթե կողմերից յուրաքանչյուրը նոր իրավիճակում երկար ծանր ու թեթև անելուց հետո նաև իր անելիքն է տեսել, ուրեմն համագործակցության չկայանալու հիմքեր պետք է որ չլինեն: Ավելին, մեծ են քաղաքական բարձր արդյունավետությամբ աշխատելու նախադրյալները: Այսուհանդերձ` մինչև կառավարության նոր կազմի «բացահայտումը», հասարակության համար դեռևս որոշ հարցականներ, ինչպես ասում են, շարունակում են օդից կախված մնալ: Իսկ մինչ այդ, ևս մեկ անգամ վերահաստատելով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրատեսական, եթե չասենք հենց առաջիկա տարիների համար ընդհուպ մինչև տեսանելի լինելու փաստը, ընդգծենք, որ մեծ է նաև բազմաբևեռ կառավարության գործունեության նշանակությունը: Ներկայում կարևորը կադրերի անսխալ ընտրության խնդիրն է: Առավել ևս, երբ համոզված ենք, որ քաղաքական կուսակցությունների բազմանդամ ընտանիքներում քիչ չեն այնպիսի ներկայանալի և ինքնադրսևորվել պատրաստվող մարդիկ, ովքեր նոր կառավարության կազմում ծավալելիք գործունեությամբ ոչ միայն իրենց, այլ նաև հայրենի կառավարության, երկրի նորընտիր Նախագահի, ինչու չէ նաև հարազատ կուսակցության վարկը կարող են նշանակալիորեն բարձրացնել: Կարելի է ենթադրել, որ կադրեր առաջադրելիս կուսակցությունները կառաջնորդվեն ոչ միայն լավագույն թեկնածուների մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլ, որ նույնքան կարևոր է, որոշումներ կկայացնեն` հաշվի առնելով նաև վերջիններիս չարատավորված կենսագրությունները` մեկ անգամ ևս ամենայն մանրակրկիտությամբ զննելուց հետո: Վարկաբեկված պաշտոնյաներ մեզ պետք չե°ն: Մանավանդ` ինչպես անցյալի փորձն է ապացուցում, ցածր վարկանիշը միայն ապականում և անգործության մթնոլորտ է ձևավորում այն օղակում, որի ղեկավարումը նման մեկին է հանձնվում: Նման կադրերը թույլ ու խոցելի են դարձնում նաև կառավարությունն ընդհանրապես... Ասել է թե` ապագա պաշտոնյաների ընտրությունը բացառապես պետք է պայմանավորված լինի երեք կարևորագույն գործոններով` մասնագիտական հմտություններ + մարդկային արժանիքներ + անբասիր կենսագրություն: Ու տա° Աստված, որ այս նախապայմաններից ոչ մեկը «ավելորդ» երրորդ չդառնա: