Միայն երկխոսության ճանապարհով


Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հիրավի մտահոգության տեղիք է տալիս: ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ գերքաղաքականացված մթնոլորտի լիցքաթափումը տեսնում է քաղաքական երկխոսության և փոխհանդուրժողականության մեջ: - Ես անկեղծ չէի լինի, եթե ասեի, թե ներքաղաքական իրավիճակը մեր երկրում բացարձակապես կայուն է: Կարծում եմ, որ Հանրապետությունում դեռևս պահպանվում է ներքաղաքական լարվածությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և անձամբ ես ներքաղաքական լարվածության լիցքաթափման միակ ուղին համարում ենք երկխոսությունը` բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Երկխոսություն` նաև արմատական ընդդիմության հետ: Վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից արդեն արվել է երկխոսության առաջարկ, իսկ վերջերս «Վաշինգտոն-պոստ»ում նորընտիր Նախագահը խոսել է առանց նախապայմանների երկխոսության մասին, որը վերաբերում է նաև արմատական ընդդիմությանը: Սակայն տպավորությունս է, որ, նախապայման առաջ քաշելով, ընդդիմությունը հրաժարվում է երկխոսությունից: Մինդեռ ներկայացված բոլոր խնդիրները, ընդհուպ ձերբակալվածներին ազատ արձակելը, պետք է լուծվի երկխոսության կլոր սեղանի շուրջ: - ԲՀԿ-ն պատասխանատվություն կրո՞ւմ է իշխանության գործողությունների համար` նաև մարտի 1-ի դեպքերի առնչությամբ: - «Բարգավաճ Հայաստան»-ը պատասխանատվություն է կրում երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի, այդ թվում մարտի 1-ին տեղի ունեցածի համար: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են թե° իշխանությունը, թե° ընդդիմությունը. յուրաքանչյուրն` իր չափով: Ես ցավով եմ փաստում, որ խոսքի ազատությունը շատ դեպքերում մեզանում խեղաթյուրվում է: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ լրատվամիջոցը դառնում է գործիք այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին: Մինչդեռ այդպես չպետք է լինի: Լրատվամիջոցի խնդիրը ազատ, անաչառ և օբյեկտիվ լրատվություն հաղորդելն է: Արտակարգ ռեժիմը թելադրում է իր օրենքները, ինչի հրամայականով էլ Ազգային ժողովն ընդունել է որոշում` հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Երկրի շահերից բխող այս պահանջը նույնպես, դժբախտաբար, խեղաթյուրվեց: Եվ, ընդհանրապես, ես ցավ եմ ապրում, որ այսօր իմ գործընկեր լրագրողները բաժանվել են 2 խմբի: Լրագրողի խնդիրը չէ քաղաքականությամբ զբաղվելն ու քաղաքականության գործիք դառնալը. չէ՞ որ ճշմարտությունը 2 բևեռների կենտրոնում է: Լինելով լրագրող` ես միշտ գործել եմ այն խաղի կանոններով, ինչն ընդունված է եղել տվյալ լրատվամիջոցում, բայց միշտ ասել եմ այն, ինչ մտածել եմ և երբեք իմ խղճի դեմ չեմ գնացել: Ինչ վերաբերում է նորաստեղծ կոալիցիային, ես ուզում ես վստահ լինել, որ նրա գործունեությունն ավելի հաջող կլինի` նկատի ունենալով 2003 թ. ստեղծված կոալիցիայի ոչ հաջող փորձը: Այն ժամանակ քաղաքական ուժերից մեկը, դուրս գալով կոալիցիայից, անցավ ընդդիմադիր դաշտ: Այս պահին չեմ ուզում դատավոր լինել, բայց հիշենք, թե հենց նույն քաղաքական ուժը ինչպես էր իրեն դրսևորում: Ուզում եմ վստահ լինել, որ այս համագործակցության արդյունքում կլուծվեն հուշագրում ամրագրված բոլոր քաղաքական առաջնահերթությունները: Եթե 2003 թ. հուշագրում ի սկզբանե ամրագրված էին այս կամ այն քաղաքական ուժին հատկացված պորտֆելները, ապա այսօր 4 քաղաքական ուժերը ներկայացնող լիդերները ստորագրել են քաղաքական առաջնահերթությունները ամրագրող համաձայնագիր, ուր հստակ են քաղաքական սկբունքները: Ապրիլի 9-ից հետո, երբ կմեկնարկի քվոտաների, պորտֆելների հատկացման գործընթացը, այդ ժամանակ կերևա` ազնիվ էին այդ քաղաքական ուժերը, թե՞ ոչ: Կարծում եմ և հուսով եմ, որ նրանք այս անգամ կդրսևորեն քաղաքական կամք` առաջնահերթելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը: Համենայն դեպս, «Բարգավաճ Հայաստանը» հավատարիմ կմնա իր կորեկտ ու սկզբունքային պահվածքին: Քարոզարշավի ընթացքում և հետագայում ԲՀԿ-ն չի տրվել պոպուլիզմին, դեմագոգիային և ամբոխահաճո այլ վայրիվերումներին: Հ. Գ. Ի դեպ, վերջին ասուլիսներից մեկում Ն. Զոհրաբյանի պատասխանն ամբողջական էր նաև գործընկերների այն հարցին, որ որոշ լրագրողներ չեն թաքցնում հակակրանքն իր հանդեպ : - Ինձ համար բացարձակապես անընդունելի է կույր ատելությունը: Դիցուք, ես հարգում եմ բոլոր ընտրողների կարծիքն ու տեսակետը և չեմ ատում որևէ մեկին նրա համար, որ ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ ոչ մեկն էլ իրավունք չունի ինձ ատել այն բանի համար, որ իմ վստահության քվեն տվել եմ Սերժ Սարգսյանին: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս լինել հանդուրժող, այլապես կույր ատելությունը կարող է փակուղի տանել:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ