Արտիստական այցեքարտ Քսան տարի ամենուր, ապա հայրենի բեմում


Արդի պարարվեստում Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ունեցած միջազգային բարձր համարումը, երկու տասնամյակից ավելի ձգվող վերընթաց հաստատունությամբ, շոյում է մեր ազգային սնապարծությունը: Հայրենիքից դուրս ստեղծագործող արվեստագետի համար բացառիկ բախտավորություն է հավուր պատշաճին գնահատվել ու մշտապես պահանջված լինել օտար ափերում` չկաշկանդելով երևակայության ու մտքի ազատ սլացքը: Այդուհանդերձ, այդ նախանձելի հաջողության բանալին 40-ամյա արտիստական տարեգրության ակունքներում պետք է որոնել: Պարի պաշտամունքը մանկուց է որդեգրել: Ավարտելով Երևանի պարարվեստի ուսումնարանը (ղեկավար` Մաքսիմ Մարտիրոսյան)` մասնագիտական ունակությունները հղկել է Լենինգրադի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանում (ղեկավար` Ալեքսանդր Պուշկին): Առաջին լուրջ գլխավոր դերակատարումը Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը» բալետում էր` 1956-ին գրված «Սևան»-ի խմբագրված տարբերակում, որի բեմադրիչը նրա առաջին պարուսույցն էր` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը, ով 1967-71 թթ. ղեկավարում էր թատերախումբը: Եվ այդուհետ (1968-89 թթ.) նրան են վստահվում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ողջ դասական խաղացանկի գլխավոր դերերը: 1974-ին Ռուդոլֆ Խառատյանը ստանում է Artist Emeritus անունը: Պարարվեստում կարծրացած ստերեոտիպները հաղթահարելու, ժամանակի միջազգային չափորոշիչներին համարժեք նոր արտահայտչամիջոցներ գտնելու բավարարություն փնտրող մղումով 1979-ին ստեղծում է իր խումբը` Հայաստանի հեռուստատեսության կամերային բալետը: Հընթացս բեմադրական բարձրակարգ կրթություն է ստանում Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում (թԼՁԼհ), Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռոստիսլավ Զախարովի արվեստանոցում: Ուսումնառության մոսկովյան տարիները, ըստ էության, վարպետության անզուգական գործնական դարբնոց էին տաղանդավոր արտիստի համար: «Խորհրդային բալետի աստղեր» խմբում ընդգրկված համակուրսեցիների` Տիտ Խյարմի, Կոֆտունի, Վիլեն Գալստյանի և մյուսների հետ միասին մասնակցում էր տարբեր բեմադրությունների, շրջագայում: Բազում պարգևներն ու մրցանակները վկայում են կատարողական վարպետության աստիճանական բյուրեղացման մասին: 1985-ին ստանալով խորեոգրաֆ-բալետմայստերի որակավորում` մտահղանում է առաջին բեմադրությունը` «Իպոստասներ»-ը (Մոցարտի մոտիվներով): Անսովոր նորը բոլոր ժամանակներում էլ հնավանդների բուռն ընդդիմությանն է արժանանում: Քարկոծվում է դուդուկի նվագակցությամբ բեմադրված երկու գործողությամբ «Անուշ»-ը` ընկճելով, բայցև չշեղելով սեփական գեղագիտություն զարգացնող արվեստագետին նախընտրած ճանապարհից: Ձեռնարկում է իր ամենադժվար` Նարեկացու «Մատյան ողբերգության» բեմադրությանը (ըստ Արսեն Տերտերյանի VI սիմֆոնիայի): Հավելում է Նարեկացու տաղերից, Մաշտոցի շարականներից, տեղ-տեղ խոսքային մեջբերումներ մտցնում: Ասելիքի մարմնավորման որոնումներն այդպես էլ գոհացուցիչ արդյունքի չեն հասցնում: Զբաղվում է արևելյան մարզաձևերով մոտ տասը տարի և դրանցում գտնված փիլիսոփայական հենքով վերջնականապես հրաժարվում ոչ մի կերպ Նարեկացու ոգուն հարազատ չստացվող այդ մտահղացումից: Տարիներ անց միայն զղջալով, որ կատարած հսկայական աշխատանքը չտեսագրելով` կորցրել է երբևէ վերստին անդրադառնալու ռեալ հնարավորությունը: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի համար բեկումնային նշանակություն է ունենում Մոնրեալի «Le balle°t classique de Montreal» փոքր բալետային խմբի 1989-ի հրավերին հաջորդած Օլեգ Վինոգրադովի առաջարկը: Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան (այժմ` Մարիինյան) թատրոնի 25-ամյա գլխավոր բալետմայստերը Վաշինգտոնում հիմնադրում էր ռուսական բալետի դպրոց, որի մասին Բուշն ու Գորբաչովը պաշտոնական պայմանավորվածություն էին բեռք բերել դեռևս 1988-ին: Եվ 1991-ին, դերացանկում ունենալով մոտ հարյուր անուն, Հայաստանից հրավիրված բալետային արտիստների հետ միասին, Ռուդոլֆ Խառատյանը հանդես է գալիս իր վերջին կատարմամբ` Օթելլոյի դերով Հենրի Պուրսելի «Մավրի պավաննան» (բեմադրիչ խորեոգրաֆ` Խոսե Լիմոն) բալետում: Անցնելով մանկավարժական գործունեության` միաժամանակ ձեռնարկում է դասական, ավանգարդ-փորձարարական բեմադրությունների: Պարբերաբար վարպետության դասընթացներ է անցկացնում Կիրովի պարարվեստի ակադեմիայում, Նյու Յորքի ABT ամերիկյան բալետային թատրոնում, Բոստոնի բալետում, ԱՄՆ ամենատարբեր դպրոցներում: Նրա պատրաստած սաները հաջողությամբ նվաճում են աշխարհի ամենահեղինակավոր բեմերը,շահում մրցանակներ, արժանանում մեդալների: Ռաստա Թոմասը, Միշել Ուայլզը, Ադրիեն Կանտերնան, Դանիելա Սևերյանը, Շինգո Յոշիմոտոն, Սամվել Աբրահամյանը, Ալբերտ Միրզոյանը, Բհատ Իդվալը, Ջոնաթան Ջորդանը… Նաև զավակները` Սոնան և Հակոբը: Խառատյանը այսօր մոտ հարյուր ինքնատիպ խորեոգրա ֆիկ գործերի հեղինակ է: Ամբողջական պատմություն ներառող և մեկ գործողությամբ բալետային բեմադրություններ, որոնք ներկայացվում են Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Մոնրեալում: Նրա ստեղծագործության բարձր գնահատության խոսուն վկայություններից է Մերիլենդ նահանգի լավագույն խորեոգրաֆի կոչմանը եռակի արժանանալը (1997 թ., 1999 թ., 2001 թ.): Պարարվեստում հեղափոխական միտումներ դրսևորելու համար հայրենիքում դատափետվող մեր հայրենակիցը շուրջ քսան տարի Վաշինգտոնում ապրում է բեղուն կյանքով, ստեղծագործական միտքը չի ծերանում նրբաճաշակ կնոջ` զտարյուն հայուհի Տանյայի խանդավառող աջակցությամբ և համաշխարհային պարաբեմում փայփլող սաների անպարտելի հերթագայությամբ: Ծնվում են փորձարարական սինթետիկ նոր բեմադրությունների իրականանալի մտահղացումներ: Հայկական պարարվեստին օգտակար լինելու ցանկությունը երբեք չի մարել նրանում: Հայրենիքի հետ կապն էլ երբեք չի խզել: Եվ, ստանալով բեմադրություն անելու պաշտոնական հրավեր, այժմ փորձում է իր հարուստ բեմափորձով աշխուժացնել հարազատ թատրոնի բալետային առօրյան: Ցանկալի հյուր հայրենի բեմում` անջատումից քսան տարի անց: Կարևորը` վաստակաշատ նվիրումով: