ԲԵՄԵԼԻ ընդգծված կարոտով


Էդգար Հովհաննիսյանի երրորդ սիմֆոնիայի երաժշտության հիման վրա բեմադրված «Վարդանանք» մեկ գործողությամբ բալետը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հայրենասիրական նկրտումների ցցուն արտահայտություններից է: Առաջին անգամ ներկայացվելով Նյու Յորքում 2001 թվականին` միջազգային, հատկապես ամերիկյան պարարվեստի զարգացման առումով կարևոր դերակատարություն ձեռք բերած մեր հայրենակցի փոքրածավալ կամերային այս ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայոց պատմութ յան և արդի հայերի նկատմամբ: Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյա պատմական փաստի նշանավորումը կարևորելով օտարի դրոշի տակ` XXI դարում հինավուրց մեր երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների խորքերը ներթափանցելու միանգամայն նոր մոտեցման պահանջ հարուցելով այլազգիների մոտ: Վերստին հաստատելով, որ բարձր մշակույթի լեզուն թարգմանչական միջնորդության կարիք չունի: Ոչ միայն մատչելի է տարալեզու արվեստասերներին, այլև ժողովուրդների շփումները բարիդրացիական ռելսերի վրա տեղափոխող ամենազորեղ հոգևոր ազդակն է: Օրերս Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնում ամերիկաբնակ մեր հայրենակիցը նույն «Վարդանանք»-ը ներկայացրեց տեղի երիտասարդ ուժերով: Ասենք, տարիքի առումով պարարվեստը ամենադաժանն է բոլոր տեսակներից: Զուտ երիտասարդական ավյունով նրան միայն հատուկ դժվարությունները հազիվ թե հաղթահարվեն: Մեր պարարվես տի ուսումնարանի շրջանավարտների անցյալ հաշվետու ելույթից ստացած իմ տպավորությամբ, թատրոնի բալետային խումբը համալրած շնորհալի պարող-պարուհիները, այս ընթացքում որոշակի աճելով, պետք է, որ գոհացնեին աշխարհաճանաչ բեմադրիչ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին` խթանելով ՀՀ Մշակույթի նախարարի հրավերով հանձն առած բեմադրության հաջող իրագործումը: Կարծես թե իրականանալի է դառնում արդի հայ ազգային օպերային և բալետային արվեստում առկա ստեղծագործական ճգնաժամը «դրսի» կարող ուժերի ներգրավմամբ ճեղքելու առաջարկներիցս մեկը: Առաջին հուսադրող նախանշանը համարելով միջազգային համբավի արժանացած խորեոգրաֆ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի «Վարդանանք» (Էդ. Հովհաննիսյան) և «Տանգո» (Ա. Պիացոլա) մեկ գործողությամբ բալետների բեմադրությունները` բարյացակամ ակնկալություններով շտապում են ներկա գտնվել դրանց առաջնախաղին: Խանջյանի հանրահայտ գոբելենի հենքով ձևավորված բեմում (նկարիչ` Ա. Բարսեղյան) պարային արտահայտչամիջոցներով ուրվագծվում է Ավարայրի ճակատամարտի նախօրեն: Դժվար է, իհարկե, կամերային միջավայրում, դերակատարների փոքր խմբով ստանալ ահեղ ռազմի ներազդու էպիկական տեսապատկերներ: Եվ բեմադրիչը կենտրոնանում է սպարապետ Վարդան Մամիկոնյանի անհատական զգացողությունների բացահայտման վրա` մի քանի հայրենանվեր իշխանների, Մամիկոնեից տիկնոջ հետ ունեցած փոխհարաբերություններում: Դասականի և ժողովրդականի յուրատիպ հարաբերակցությամբ է աչքի ընկնում ընդհանուր պարաոճը: Հենց սկզբից բեմական բարեկրթությամբ ու շքեղ արտաքինով առանձնանում է Ռուբեն Մուրադյանի Սպարապետը: Խաչատրյանի «Սպարտակ»-ի հեռավոր հուշն է արթնանում Վարդանի և նրա տիկնոջ (Սյուզի Փիրումյան) հրաժեշտի դրվագում: Ներքին ապրումի որոշակի արտիստական ունակություններ Մուրադյան-Փիրումյան զույգը երևան է հանում առավելապես էլեգիական այս հատվածում: Ներկայացման դրամատիզմը հարկավոր բարձր հնչեղության չի հասնում: Ոչ այնքան պարախմբի փորձառության (նաև` փորձի, որ երբեմն հանգեցնում է պարային պլաստիկայի անհամաչափության, թերհղկվածության) պակասի, որքան նրանց զգեստների հատկապես գունային լուծումների բացահայտ թերարժեքության (նկարիչ` Ռ. Հովհաննիսյան) պատճառով: Ինչպե՞ս կարելի է դահլիճը ցնցել Վարդանի և մյուս հայ քաջերի մահվան ողբով, երբ եղերամայրերը սգո ծեսին ներկայանում են դալկականաչ փերիների հանգույն: Եվ հարկավոր ներգործություն չի ունենում ողբերգական տեսարանի ճնշող ազդեցությունից թոթափելու կոչված լավատեսական ավարտը` հանձին հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի երևացող պատկերի` ապագա փառավոր հաղթանակների, ամփոփ խորհրդանշմամբ: Չլիներ հանդերձանքի գունային վանող աններդաշնակությունը, Պիացոլայի «La revancha del tango» («Տանգո») բալետի ներկայացումը միանշանակ ավելի հաջողված կարելի էր համարել: Դասական և ժամանակակից պարի հետաքրքիր համադրությամբ, կինեմատոգրաֆիական տարրերի կիրառությամբ բեմի վրա վերակենդանում է երիտասարդության առօրյան իր բարդ ու հակասական հարաբերություններով, հախուռն կրքերով ու հետաքրքրություններով: Փորձի նկատելի պակասը ամենևին չի խաթարում պարախմբին բեմելի ընդգծված կարոտով մարմնավորել ներկայացրած տիպերին, զուգապարերում հնարավորինս երևութական դարձնել Բուենոս Այրեսի արվարձաններից մինչև Եվրոպա հասած, ապա` ողջ աշխարհով տարածված տանգոյի ինքնահատուկ գրավչությունը. ինտիմ և կրքոտ գրկախառնություններում ծավալվող ներքին ընդվզումը տղամարդու և կնոջ զգազական ընկալումների, դրանց միահյուսումն ու տարանջատումը: Անհամեմատ պարզ ու անկաշկանդ է ողջ պարախմբի բեմական վարքագիծը: Տրամադրող` բեմական միջավայրը (նկարիչ` Ա. Բարսեղյան): Հոգեհարազատ են պարային ռիթմերն ու նրանցում ամփոփված թեմաները, տեղ-տեղ` ապրված: Ավելի ինքնավստահ, դյուրաթեք ու տպավորիչ մենակատարներ Սոնա Առուստամյանի, Մերի Հովհաննիսյանի, Ռուբեն Մուրադյանի, Զավեն Հարությունյանի, Նարեկ Մարտիրոսյանի և Ժաքլին Սարխոշյանի կատարումները: Պատշաճ գունային լուծումներ գտնվեն զգեստների համար` արտաքին տպավորությունը համահունչ կդառնա «Տանգո»-ի պարփակած բովանդակությանը: Եվ կասկածից վեր կլինի ներկայացման ստեղծագործական խմբի ջանադրությամբ հստակվող գլխավոր ասելիքը` մարդկային փոխհարաբերությունների մասին կոնկրետ վերաբերմունքով արտահայտվող: ...Կյանքն ու պարը միշտ էլ անբաժան են եղել իրարից: Դեռևս անհիշելի ժամանակներից: Պարով իրենց ներքին կուտակումները արվեստասերներին հասցնելու կոչված երիտասարդներին պետք է հնարավորություն տալ հաճախակի ելույթներով, ինտենսիվ փորձերով ամրապնդել Ռուդոլֆ Խառատյանի հետ համատեղ աշխատանքում ձեռք բերածը` ազատագրելով կողմնակի խութերից:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ