ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻՈ ՊԱՏԱՆԴԸ


 

Դժվար է հավատալ, որ այս որոշումն ընդունվել է Ֆրանսիայում, դասական օրենսդրության և իրավագիտության երկրում, որն ինքն է իրավունքի դասեր տալիս ողջ Եվրոպային: Դժվար է նաև հավատալ, որ որոշման տակ իրենց ստորագրությունները զետեղած անձինք լուրջ կեցվածք են ունեցել և իրենց շարադրանքը չեն համարել ծաղր` ուղղված ժողովրդավարությանը:

Մեզ պատած ցնծությունն ու ուրախությունը, պարզվեց, երկարաժամկետ չէին: Ֆրանսիայում գտնվեցին ուժեր` սենատորների տեսքով, ովքեր ծախվելով Թուրքիային և արհամարհելով իրենց երկրում ապրող ավելի քան կես միլիոն հայերի շահերը` դիմեցին Սահմանադրական խորհուրդ` հակասահմանադրական ճանաչելու ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Անտարակույս, նախագահ Սարկոզիի հապաղումն է´լ ավելի ոգևորեց օրենքի հակառակորդներին, բոլոր նրանց, ովքեր ակնհայտորեն կաշառվել էին Թուրքիայի կողմից և գործում էին իրենց գրպանների համար: Սա զգացմունքային հայտարարություն չէ, այլ հիմնավորված մեղադրանք, որովհետև օրինագծին «դեմ» քվեարկած, ապա Սահմանադրական խորհուրդ դիմած սենատորներից մի քանիսը շատ սերտ կապեր ունեն թուրքական շրջանակների հետ: Նրանք տարեկան մի քանի անգամ հանգստանում են թուրքական թանկարժեք հյուրանոցներում` վայելելով ծովի հրապույրները` երբեք չհիշատակելով ֆինանսական այն միջոցների մասին, որոնք ծախսվում են այդ «վոյաժների» ժամանակ:

Թուրքական իշխանությունների վստահ հայտարարությունները, թե Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչելու օրենքը հիմնավորված էր, որովհետև նրանք հասցրել էին կաշառել նաև Սահմանադրական խորհրդի անդամներից շատերին: Սրանք նույնպես մահկանացու են, իսկ թուրքական իշխանություններն էլ միշտ շռայլ են իրենց շահերին ծառայողների հանդեպ:

Իհարկե, Նիկոլա Սարկոզին արդեն դիմել է կառավարությանը` օրենքի նոր նախագիծ պատրաստելու խնդրանքով, սակայն Սահմանադրական խորհրդի որոշումը վկայում է, որ եվրոպական արժեհամակարգերն էլ կարելի է առնել ու ծախել: Այսինքն, մեզ համար օրինակելի համարվող երկրներում անգամ կոռուպցիան ու քաղաքական անբարոյականութ յունը ևս անսահման են: Անսահման է նաև ցինիզմը, որով էլ հիմնավորվել է խորհրդի «պատմական» որոշումը: Մոտ 120 պատգամավոր և սենատոր ապացուցեցին, որ իրենց համար գոյություն չունեն համամարդկային արժեքներ, որ անգամ օրենքների հարցում կարող են առաջ մղել շահադիտականությունը: Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը, նրանց տրամաբանությամբ, սահմանադրական է, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերողը` հակասահմանադրական...

Իհարկե, խորհուրդն ամեն ինչ արել է «իմաստուն և խելամիտ» ձևակերպումներ հորինելու համար, սակայն պետք չէ իրավունքի և սահմանադրության մասնագետ լինել` տեսնելու համար, որ Սահմանադրական խորհրդի կարծիք-որոշումը հեռու է խորը իմաստավորումից: Այսպես, օրենքի 1-ին հոդվածի նպատակը «ֆրանսիական օրենսդրության կողմից որպես այդպիսին ճանաչված»`  ցեղասպանությունների ժխտման ու նվազեցման պարագան հանցագործությունը ճանաչելն է: «Խորհուրդը նշել է, որ պատժելով հանցագործությունների իրավական որակավորման և գոյության ժխտումը, որն օրենսդիրը ինքն է ճանաչել և որակավորել որպես այդպիսին, օրենսդիրը ոչ սահմանադրական ոտնձգություն է կատարել կամարտահայտման և փոխշփման ազատության հարցում: Այդպիսով, Սահմանադրական խորհուրդը հակասահմադրական է ճանաչել օրենքի 1-ին հոդվածը, հետևաբար նաև` 2-րդը: Սահմանադրական խորհուրդը տվյալ որոշմամբ չի արտահայտվել 2001-ի հունվարի 29-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման» օրենքի վերաբերյալ: Այդ օրենքը նրան չի փոխանցվել. ավելին, նա փաստերին գնահատական չի տվել: Խորհուրդը չպետք է քններ նաև 1990 թ.-ի հուլիսի 13-ի օրենքը  բոլոր ռասիստական, հակասեմիստական և այլատյացության վերաբերյալ, որը չի պատժում «օրենքով ընդունված» հանցագործությունների ժխտման համար»: Ահա այսպիսի հայտարարություն է տարածել Սահմանադրական խորհրդի մամլո ծառայությունը: Ստացվում է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելով` սահմանափակվում են մարդու ազատ կամարտահայտման հնարավորությունները: Սա, անտարակույս, զավեշտի բնագավառից է, որովհետև Հոլոքոստը ժտելը հանցագործություն է դիտվում, մինչդեռ կարելի է ազատ ժխտել Հայոց ցեղասպանությունը և դա համարել ազատ ու ժողովրդավարական կամարտահայտություն...

Միով բանիվ, «մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»: Ըստ ամենայնի` առաջիկա ամռանը ևս մոտ 120 սենատոր և պատգամավոր, Սահմանադրական խորհրդի անդամներ կարող են իրենց հանգիստը վայելել թուրքական բարձրակարգ հյուրանոցներում: Մինչդեռ Հայ դատի գրասենյակը, ողջ ֆրանսահայությունը չեն համակերպվելու կատարվածի հետ, նրանց են միանալու աշխարհի հայերը, ովքեր խորին հիասթափություն ապրեցին Ֆրանսիայի հանդեպ: Պայքարն, ուրեմն, չի ավարտվել, հիմա նոր ուժով պիտի պայքարի հայությունը: Ֆրանսիայում ոմանք համոզված են, որ այս «սցենարը» վաղօրոք մշակված էր, մանավանդ որ մինչև խորհրդարանական նստաշրջանի ավարտը` մարտի 6-ը, հնարավոր չի լինի նոր օրինագիծը դնել քննարկման: Իսկ սա կառավարությանը հնարավորություն կտա հայտարարելու, որ ինքն արել է ամեն ինչ, սակայն Սահմանադրական խորհուրդը վարվել է այլ կերպ: Ինչպես անգլիացիներն են ասել. «Եվ գայլերը կուշտ կլինեն, և ոչխարները` անվնաս»: Սակայն ցանկացած սցենար չի զարմացնում և չի կաշկանդում հայությանը: Կատարվել է ոճրագործություն, որը ժխտելու համար պիտի լինի պատիժ: Այլ ճանապարհ չկա:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ