ԳՅՈՒՄՐԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՔԱՂԱՔ Է


 

Չնայած ժամանակակից Գյումրու հատակագիծը փոխվել, ու քաղաքը վերածվել է մի քանի կղզյակների, քաղաքում երեկոյան ժամերին դադարում է տրանսպորտի աշխատանքը: Արդեն մի քանի ամիս է` երեկոյան ժամը 19-ից հետո գրեթե չեն գործում երթուղայինները, ինչն էլ ստիպում է մարդկանց երեկոները դուրս չգալ տներից, չգնալ թատրոն և համերգասրահներ: Սա քաղաքի յուրատեսակ առօրյան է դարձել: Ինչպես տեղեկացնում են գյումրեցիները, քաղաքի մի շարք միկրոշրջաններ դարձել են անհասանելի, իսկ Անի թաղամասի բնակիչների մոտ այն տպավորությունն է, թե ապրում են բոլորովին այլ քաղաքում: Խնդրի շուրջ, սակայն, մարզային և քաղաքային իշխանությունները լռություն են պահպանում, որովհետև երթուղիների մրցույթները շատ վաղուց այստեղ իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Եվ ոչ ոք չի համարձակվի երթուղիների տերերին կարգադրել կամ պահանջել` կատարելու իրենց պարտականություններն ու կազմակերպել բնակչության սպասարկումը: