ԵՐԵԿ ՄԱՐՏԻ 1-Ն ԷՐ


 

Մի վերին նախախնամությամբ, թե՞ ճակատագրի հեգնանքով`` հայ ժողովրդի սև ու հաղթական էջերը դրսևորվել են գարնանը: Բնության զարթոնքին եղավ 1915-ը, որ մասին հետո Բանաստեղծը պետք է գրեր`` Գարուն ա, ձուն ա արել...… Բայց նաև դարձյալ բնության զարթոնքի հետ պետք է 15 թվականն իրականացրած բորենու հետնորդներից ազատագրվեր Շուշին ու հետո, դարձյալ բնության զարթոնքի առաջին օրը, արդեն Երևանի կենտրոնում պետք է հեղվեր մեր անմեղ 10 եղբայրների արյունը...…

Երբ 4 տարի անց փորձում ես հասկանալ`` ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ կատարվեց, հաջողվում է միայն հասկանալ, որ պատահածն ընդամենը քաղաքական ծայրահեղականության, անհանդուրժողականության ու անպատասխանատու հավակնությունների արդյունք էր: Կարելի էր չընդունել ընտրությունների արդյունքը, բողոքարկել, անգամ ընդվզել դրա դեմ, բայց օգտվելով հասարակության մեջ առկա դժգոհություններից, թշնամանք ու ատելություն հրահրե՞լ...

Մինչև հիմա` արյունալի իրադարձություններից 4 տարի անց, չի հաջողվել հայտնաբերել ողբերգության իրական մեղավորներին, իրական մարդասպաններին, խժդժությունների սադրողներին ու ժողովրդի վրա կրակողներին, թեև դա պարզելու նպատակով խորհրդարանական հատուկ հանձնաժողով էր ստեղծվել: Որքան էլ, հաշվի առնելով քաղբանտարկ յալների ազատ արձակումը, ընդդիմության հետ իշխանությունների սկսած երկխոսությունը, Եվրախորհուրդը մարտի 1-ի էջը փակված համարի, այնուամենայնիվ, այն ազդեցություն է թողել Հայաստանի հետագա ներքաղաքական զարգացումների վրա: Պարզ է, որ իրավականից բացի, խնդիրը նաև քաղաքական հարթություն ունի: Այս ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ բազմաթիվ վերլուծություններ ու հայտարարություններ են արել: Բայց դրանցով արյունալի իրադարձությունների զոհերին հետ չես բերի:

Մարտի 1-ին, Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքից առաջ, ներքաղաքական զարգացումների թեմայով բանավեճի մասնակիցներ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին ու Կոնգրեսին անդամակցող Գուրգեն Եղիազարյանին չհաջողվեց խուսափել քաղաքական հակադրությունից ու 4 տարի առաջ տեղի ունեցածի մեջ մեղավոր ու անմեղ փնտրելուց:

- Քաղաքական առումով, մարտի 1-ի բացահայտումն այսօր ամենից շատ իշխանություններին է պետք,-վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավորը` նշելով, որ այնուամենայ նիվ, վերջիններիս վրա է ընկնում պատասխանատվության ամենամեծ բաժինը:

Բանավիճողների վկայակոչած փաստարկներից պարզվում է` երկրում առկա դժգոհություններում մեղքի իրենց բաժինն ունեն և´ նախկին, և´ ներկա իշխանությունները. ամեն ինչի հիմքը ընտրություններն են, որոնք կեղծողներ միշտ էլ գտնվել են: Իսկ այդ ամենին վերջ տալու համար մեզանում լուրջ, արմատական փոփոխությունների կարիք կա:

- Ես տեսնում եմ, որ փոփոխությունների կամք կա հանրապետության այսօրվա նախագահի մոտ,-ասում է Լեռնիկ Ալեքսանյանը:

Սակայն հանրության շրջանում մտավախություն կա, որ առաջիկա ընտրությունները նույնպես կարող են մարտիմեկյան սցենարով ավարտվել: Այդ կասկածների համար հիմք է հանդիսանում արտակարգ դրության մասին օրինագծի ընդունումը: Գուրգեն Եղիազարյանը հեգնում է, թե այդ օրինագծի ընդունման մեջ մի լավ բան կա: Ըստ նրա, այդ օրինագծի ընդունումը կնպաստի, որ հետընտրական հուզումները զսպելու համար «Ղարաբաղից Երևան զորք չեն տեղափոխի»: Իսկ Լեռնիկ Ալեքսանյանն իրավացիորեն հակադարձում է` եթե այդ օրենքն այն ժամանակ ունենայինք, ողբերգությունը տեղի չէր ունենա.

- Ո՞վ է ասում, որ արտակարգ դրության մասին օրինագիծը միայն հանրահավաք ճնշելու նպատակ ունի: Հարկավոր է ամբողջությամբ ծանոթանալ օրինագծին և չշահարկել այն:

Այնուամենայնիվ, բանախոսները կարծես մոռացել էին, որ մի քանի ժամ հետո, 2008-ի արյունալի իրադարձության նույն օրը, Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքն է: Այն մարտի 1-ի զոհերի հիշատակի, թե՞ նախընտրական հանրահավաքների սկիզբ կազդարարի: Լեռնիկ Ալեքսանյանը երկմտում է.

- Դժգոհ մասսա կա, և հանրահավաքներ միշտ կլինեն: Վատն այն է, որ ամեն ընդդիմադիր կուսակցություն ջանում է այդ դժգոհ մասին իրեն ենթարկել, իր շահերին ծառայեցնել: Ընտրություններ են, և կլինեն սրացումներ: Բայց չեմ կարծում, որ այդ դժգոհ տարրը կմեծանա և կսատարի որևէ ընդդիմադիր ուժի: Ես ճիշտ չեմ համարում այս սգո օրը հանրահավաք կազմակերպել. Մարտի 1-ը չի կարելի շահարկել: Իսկ եթե ընդդիմադիրներն այսօր սահմանափակվեն մեր զոհերի հիշատակումով, նրանց հարգանքի տուրք մատուցեն, եթե շահարկումներ չեն լինելու, մենք կողջունենք, ինքս անձամբ կմասնակցեմ հանրահավաքին:

Տ. Մ.