«Սեռական արենդավճարներ»


 

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների տեսադաշտում հայտնված 31-ամյա Մետաքսյա Մարտիրոսյանն արդեն բերման է ենթարկվել բաժին: Հետաքննությամբ պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի իր բնակարանը 2010 թվականից ի վեր դարձնելով անառականոց` մի շարք կանանց ներգրավել է պոռնկության որոգայթը և շահ ստացել: Այսպես, 33-ամյա Հեղինե Հ.-ին, 35-ամյա Հայկանուշ Ն.-ին և 36-ամյա Արևիկ Հ.-ին նա պարբերաբար միջնորդել է սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ` յուրաքանչյուր «հանդիպումից» վերցնելով 5000-10000 դրամ միջնորդավճար: Եվս մի քանի օր, և ոստիկանների համար ամբողջացավ իր շրջապատի համար պատիժ դարձած կնոջ կերպարը:

Աբովյան քաղաքում շատերը գիտեին, որ Մետաքսյան վարսահարդար է, մեծ շրջապատ և «կլիենտուրա» ունեցող կին, սակայն քչերը կարող էին ենթադրել, որ այդ մասնագիտությանը զուգահեռ` նա զբաղվում է նաև կավատությամբ: Փաստորեն, կինն իր երկրորդ «մասնագիտությունը» խնամքով ու բծախնդրությամբ թաքցնում էր: Բայց դա երկար շարունակվել չէր կարող...

Ոստիկանության բաժին հրավիրվեցին նաև վարսահարդար-կավատի հետ շփվող կանայք, նրանք, որոնց միջոցով Մետաքսյան գումար էր վաստակում: Ի դեպ, նրանցից մեկը` Հասմիկ Մ.-ն, Մետաքսյային հանդիպել էր անչափահաս տարիքում: Աղջիկը տնեցիների հետ տարաձայնությունների պատճառով լքել էր ընտանիքն ու ծանոթանալով այդ կնոջ հետ` կամաց-կամաց ներքաշվել էր անառակության ճահիճը: Ավելին, հարազատ օջախը լքելուց հետո Հասմիկը միառժամանակ Մետաքսյայի հետ է ապրել: Անչափահասն իր մարմինը վաճառելուց և «սեռական արենդավճար» մուծելուց բացի, պահում էր նաև Մետաքսյայի երեխաներին, զբաղվում տնտեսությամբ:

Մի օր էլ, հոգնած իր ապրելակերպից, փորձել է հեռանալ և այդ մասին տեղեկացրել է Մետաքսյային: Վերջինիս համար դա նշանակում էր զրկվել օգնող ձեռքից և կտրվել եկամուտի աղբյուրից: Ճիշտ է, չընդդիմացավ, թողեց նրա հայեցողությանը, սակայն հանգիստ չէր տալիս. մշտապես զանգում ու անհանգստացնում էր:

Մյուս կանայք էլ ունեին կենցաղային խնդիրներ, որոնց լուծման «բանալին» Մետաքսյան տվել էր` առաջարկելով զբաղվել մարմնավաճառությամբ: Գումարը «կլիենտներից», «գործի ավարտին», վերցնում էր անձամբ, հետո մի չնչին մասը տալիս էր աղջիկներին...

Մետաքսյա Մարտիրոսյանն իր երկրորդ «մասնագիտությունն այլևս» ստիպված է մոռացության տալ, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: