Հալո՞ցք վրաց-ռուսական հարաբերություններում


 

Վրաստանը միակողմանի կերպով չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը: Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ստորագրած հրամանագիրը ուժի մեջ է մտել երեկվանից, երբ հրապարակվել է Վրաստանի «Օրենսդրական լրաբեր» կայքում: Նոր հրամանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Վրաստան այցելելու և այդ երկրի տարածքում 30 օր գտնվելու համար այլևս վիզայի անհրաժեշտություն չեն ունենա:

Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը հանելու նախաձեռնության վերաբերյալ Սահակաշվիլին հանդես էր եկել փետրվարի 28-ի երեկոյան` Վրաստանի խորհրդարանում իր տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ: Եվ ահա երկու օր անց նրա խոսքը գործ է դարձել:

- Վրաստանում ամեն ինչ արվում է շատ արագ. ասացինք, որ կհանենք վիզային ռեժիմը և հանեցինք հինգ րոպեի ընթացքում,- հպարտորեն հայտարարել է վրաց նախագահը:

Ինչ ենթատեքստ ունի առաջին հայացքից Ռուսաստանին ընդառաջող այս քայլը: Նախ ընդգծենք, որ Ռուսաստանի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերությունների հաստատումը Վրաստանից ակնկալում է Արևմուտքը: Քանզի առանց այդ էլ լարված հարաբերությունների առավել սրումը կարող է կրկին խիստ անկայուն իրավիճակ ստեղծել տարածաշր ջանում և պատերազմական գործողությունների ծավալման նոր առիթ հանդիսանալ: Իսկ ռազմական բախման հետևանքով Վրաստանը կարող է նոր տարածքներ կորցնել, կամ ընդհանրապես մասնատվել: Այդ դեպքում կրկին, ինչպես 2008-ին, Արևմուտքը չի կարողանալու գործնական օգնություն ցույց տալ իր հավատարիմ դաշնակից Վրաստանին:

Կա այլ հանգամանք ևս: Ընդդիմությունը մշտապես քննադատում է գործող իշխանություններին` Արևմուտքին չափից ավելի վստահելու և Ռուսաստանի հետ «լեզու չգտնելու» ոչ ճկուն քաղաքականության համար: Ընդդիմության քննադատության հզոր զենքերից մեկը չեզոքացնելու խնդիր ունի Սահակաշվիլին:

Եվ վերջապես վիզային ռեժիմը հանելու մի շատ պարզ պատճառ ևս կա: Չէ՞ որ դա հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 100 հազարավոր վրացիների մուտքն իրենց հայրենիք: