«Պակասում» էր միայն Պակիստանը


 

Երեկ Բաքու էր այցելել Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ առիթով ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել երկրի սենատի փոխխոսնակ Միրիջան Ջամալին: Նա մասնավորապես ասել է.

- Պակիստանը միջուկային երկիր է, այն արտադրում է մարտական ինքնաթիռներ, տանկեր, ռազմանավեր: Եթե կատարվեն ներդրումներ, ապա ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել: Այդ ոլորտում Պակիստանը հիանալի հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:

Այնուհետև Միրիջան Ջամալին հավելել է, որ «Իսլամաբադը պատրաստ է դիտարկել մուսուլմանական երկրների ռազմական բլոկի ստեղծման հարցը»:

Արդյո՞ք Պակիստանը միայն իր զենքի վաճառքի նոր շուկա է որոնում հանձին Ադրբեջանի` նկատի ունենալով նավթադոլարներով «հարստացած» այս երկրի պոտենցիալը: Ո´չ միայն: Ակնհայտորեն պակիստանա-ադրբեջանական ռազմական համագործակցության թիկունքից ցցված են Թուրքիայի «ականջները»: Էրդողանի քաղաքականությունը երկու գլխավոր ուղղություն ունի` նեոօսմանիզմ և պանիսլամիզմ: Եվ հենց պանիսլամիստական քաղաքականությամբ` մրցակցելով Իրանի հետ, Թուրքիան փորձում է իր կողմը գրավել մահմեդական շատ երկրների: Սակայն Թուրքիային հաջողվում է ջերմ հարաբերություններ ստեղծել միայն մուսուլմանական այն երկրների հետ, որոնք լավ են տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ: Իհարկե, դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին` Իրանի ազդեցությունը չեզոքացնելու առումով:

Այնպես որ, իր «պուճուր ախպեր» Ադրբեջանին Պակիստանի պես խոշոր պետության հետ մերձեցնելը Թուրքիայի ռազմավարական հերթական խնդիրներից մեկն է:

Այն սուր ծայրով ուղղված է Իրանի, Ռուսաստանի, բնականաբար նաև Հայաստանի դեմ: