Վճարովի հ/ը


 

ՌԴ գործադիրի ղեկավար ու նախագահացու Պուտինը արտահայտվել է պետական հեռուստատեսությամբ գովազդներից հրաժարվելու օգտին:

- Չեմ ուզում առաջ ընկնել, բայց պետական հեռուստատեսությունը պետք է զերծ պահել գովազդներից,- հայտարարել է նա:- Ամենակարևորն այն է, որ հիմա ծագել է լավ, որակյալ արտադրանքի պահանջարկ: Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հագեցել է ամեն տեսակի հանցագործներից:

Նախագահի թեկնածուն ճիշտ է համարում հասարակական հեռուստատեսություն ստեղծելը և մտադիր է իրագործել այդ գաղափարը` տնտեսական որոշակի բազա գտնելու դեպքում: Բայց նա կարծես վճարովի տարբերակի կողմնակից է.

- Եվս մեկ առաջարկ կա. հասարակական հեռուստատեսությունը բացառապես վճարովի դարձնել, որպեսզի ով ցանկանա դիտել` արտոնագիր գնի:

Գաղափարը` գաղափար, ինքնատիպությունը` ինքնատիպություն, սակայն դա կարծես բիզնես ծրագիր է. անվճար հեռուստաեթերները թողած` վճարովի՞ն կնախընտրեն:

Կամ կնախընտրեն, կամ էլ կպարտադրեն նախընտրել: Ու շատ չանցած` մյուս եթերներն էլ հանրային, հասարակական կամ էլիտար կկոչվեն ու արտոնագրեր կվաճառեն: