ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ


 

Հայաստանը խորհրդային իշխանության տարիներին հռչակվեց որպես գիտատար երկիր, որի Գիտությունների ակադեմիայի համակարգում աշխատում էր մոտ 27 հազար մարդ: Դա գիտական կադրերի ուռճացում չէր, ավելորդ շռայլություն չէր: Այսօր այդ 27 հազարից մնացել է մոտ հինգ հազարը, իսկ մնացածների մի մասն էլ, պաշտպանելով ատենախոսություններ` հեռանում է գիտությունից: Գիտության մարդիկ մի շարք պատճառներ են տեսնում այս իրողության մեջ: Առաջին հերթին, իհարկե, գիտության հանդեպ պետական վերաբերմունքի խնդիրը, ասել է թե` գիտական քաղաքականությունը, որն արդեն երկար ժամանակ է` չի անցնում խոսակցությունների մակարդակից: Գիտությունների ազգային ակադեմիան, կառավարությունը, գիտության և կրթության կոմիտեն պիտի համատեղ մշակեին գիտության զարգացման հայեցակարգը, այն դարձնեին ծրագրային դրույթ: Մինչդեռ այստեղ գերակա դարձած հապաղումը հաղթահարելն այնքան էլ դյուրին չի լինելու:

Երկրորդ խնդիրը, որը կարևորեցին մեզ հետ զրուցած ակադեմիական ինստիտուտների առաջատար մասնագետները, վերաբերում է աշխատաձևերի հնացածությանը, նախագահություն-ինստիտուտներ բյուրոկրատական առնչություններին: Շատ վաղուց բոլորն են խոսում այն մասին, որ ԳԱ նախագահությունը վերածվել է յուրատեսակ քաղբյուրոյի, որը կտրված է ինստիտուտներից, չի կարողանում գտնել ու արմատավորել կառավարման արդիական ձևեր և սկզբունքներ: Նշանակում է` գիտության կառավարումն էլ այնպես է ծերացել, ինչպես ակադեմիայի նախագահությունը, որի կազմում չեն ցանկանում տեսնել երիտասարդ գիտնականների, նոր գաղափարներով տոգորված մարդկանց: Ժամանակ առաջ ակադեմիկոսների երիտասարդացման խնդիր դրվեց, սակայն չափազանց քիչ համեմատաբար երիտասարդներ կարողացան դառնալ թղթակից-անդամներ, մինչդեռ շարունակ վում է 65-ից բարձր տարիք ունեցողների հոսքն ակադեմիա:

Գիտնականները նշում են նաև, որ պետական ներդրումները չափազանց քիչ են, քիչ են նաև ակադեմիային տրվող պատվերները: Գիտության պետական կոմիտեն, որը վաղուց դարձել է բոլորի քննադատության թիրախը, անարդար է բաշխում ֆինանսական միջոցները, առաջնորդվում է ԳԱ նախագահությունից եկող ցուցումներով` այսպես ակադեմիան ևս տրոհելով հարուստների և աղքատների…

Առավել մտահոգող է պատկերը գիտական աստիճանաշնորհման ասպարեզում, ուր վաղուց ոտնահարվում են բոլոր չափանիշները: Գիտական աստիճաններ են շնորհվում պարզունակ շարադրանք պարունակող աշխատանքներին, որոնցից շատերը չեն կարող անգամ մագիստրական ավարտաճառեր դիտարկվել: Վիճակը հատկապես ողբալի է հայագիտության և հումանիտար գիտությունների ասպարեզում, արվեստաբանության մեջ: Վերջին շրջանում սուր քննադատության են ենթարկվել մի շարք ատենախոսություններ, որոնց իրական հեղինակները թաքնվել են բանակից խուսափող երիտասարդ «դիսերտանտների» թիկունքում: Նշանակում է, որոշ ասպարեզներում արդեն իսկ հայտնվել են մարդիկ, ովքեր ատենախոսություններ են գրում ուրիշների համար և ջանքեր գործադրում` դրանց «հեղինակներին» աստիճաններ շնորհելու համար:

Լ. Մ.