ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔ
Մտորումներ
Հայրենանվեր ու կենսագրական շատ փաստեր թե´ աղավաղվել, և թե´ այսպես ասած «աչքաթող են արվել» հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին պատմող` թեպետ արժեքավոր, բայց նույնքան էլ պակասավոր ուղեցույց-գրքույկները կազմած հեղինակների կողմից: Փաստեր, որոնք մեծ հայորդու հայեցի կենսագրության կարևոր էջերն են կազմում և էության անբաժանելի մասնիկը: Իսկ կենսագրությունները հնարավոր չէ «սրբագրել» ըստ ցանկության, առավել ևս` Այվազովսկու նման հանճարինը...
...Դեռևս հեռվից ուրվագծվում էր Թեոդոսիա քաղաքի համայնապատկերը, իսկ երբ դանդաղ ընթացքով ավտոբուսը մոտենում է ծովափնյա այս գողտրիկ քաղաքին, ինձ թվում է, թե հարազատ օջախ եմ մտնում: Շատ եմ եղել այս քաղաքում և միշտ նույն զգացումն եմ ապրել: Հաճախ եմ բազմաթիվ անգամ մտորել այդ մասին:
...Գուցե պատճառն այն է, որ այս քաղաքում չափից ավելի շատ հայկական շո՞ւնչ կա, թե՞ այն, որ այս ծովափնյա քաղաքում է ապրել ու ստեղծագործել հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ ու ազգին նվիրյալ Հովհաննես Այվազովսկին, կամ ինչպես ինքն է իր կտավների տակ հաճախ հայերեն ստորագրել` Հովհաննես Այվազյանը: Թեոդոսիայում գտնվելու հենց առաջին իսկ պահից որոշում եմ լինել Հովհաննես Այվազովսկու տուն թանգարանում, որն այժմ անհասկանալիորեն «Ծովանկարչի անվան պատկերասրահ» է կոչվում, բայց... նախ ցանկանում եմ լինել այն տանն ու այն փողոցում, որտեղ ծնվել և ապա անցել են մեծ հայորդու վաղ մանկության ու պատանեկության ոչ այնքան անհոգ ու խաղաղ տարիները, որտեղ վազվզել, իսկ հաճախ էլ ցանկապատերին և ուրիշի տան պատերին իր երազների առագաստն է ածուխով խզբզացրել ու փորձել տարբեր նկարներ պատկերել մանուկ Հովհաննեսը:
...Ահա նաև տունը` ամբողջովին ավերակ, չկա տանիքը, պարզապես մի կերպ կիսականգուն մնացած պատերն են հիշեցնում, որ այս նախկին վսեմաշուք շենքում երբևէ մարդիկ են բնակվել: Տխուր է իրողությունը, շատ տխուր, բայց փաստ է, այնինչ այն մասունքի արժեք պետք է ունենար: Քիչ հեռվում «Միհրդատ» անունը կրող սարն է, որի գագաթին հաճախ է բարձրացել պատանի Հովհաննեսը և զմայլվել ծովի երկայնքով սփռված քաղաքի գեղեցիկ համայնապատկերներով, իսկ ավելի շատ` այնքան գրավիչ ու հիասքանչ ծովի գեղեցկությամբ: Եվ գուցե այդ պահերին էլ նա մտորել է իր երազների երազ առագաստի մասին, որը պետք է հայտնվեր մշուշի մեջ կորած ծովի անեզր ու անսահման հորիզոնից...
...Մոտերքում հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին է: Կառուցվել է 11-րդ դարում, այն ժամանակ, երբ դաժան ճակատագրի բերումով իրենց հայրենիքից տարագրված հայերը սկսեցին խոշոր համայնք կազմել Ղրիմի ծովափնյա շրջաններում, այդ թվում նաև` Թեոդոսիայում: Այս եկեղեցում է մկրտվել, իսկ այնուհետև իր մահկանացուն կնքել Հովհաննես Այվազովսկին: Շիրիմը գտնվում է եկեղեցու բակում, հավերժ կանաչավուն եղևնիների շրջապատման մեջ, որի վրա հայերեն գրված է` «Աստ հանգչի պրոֆեսոր Հովհաննես Կոնստանդ ինի Այվազյան. 1817-1900 թթ.»:
Հաջորդ երեսին գրված է. «Ծնվեց մահկանացու, իրենից հետո թողեց անմահ գործ»: Այս խոսքերն առնված են 5-րդ դարի պատմիչ, տիեզերահռչակյալն Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից:
Բայց. ցավոք, այս հիասքանչ եկեղեցին, տասնամյակներ շարունակ թողնված լինելով բախտի քմահաճույքին, ամբողջովին ավերվում էր. ջրակալվել էր եկեղեցու ներսը, ճաք էին տվել պատերը, կիսափուլ էր տանիքը: Հայկական ուրույն ու հետաքրքիր զարդանախշերով շատ խաչքարեր, որոնք եկեղեցու զարդն էին կազմում ու նաև հիմնաքարը, պատերից դուրս ընկել ու շպրտված էին ուր պատահի: Միջնադարյան հայ քարագործների ձեռքով կերտված հայկական այդ մասունքները ժամանակներ առաջ փչանում էին, կորչում անհետ ու անվերադարձ: Բարեբախտաբար այսօր թեպետ դանդաղ, բայց աստիճանաբար վերականգնվում է եկեղեցին, շնորհիվ մի քանի նվիրյալների ժամանակին նախաձեռնած գործնական քայլերի, այդ թվում` տողերիս հեղինակի բարձրացրած հարցերի ...
... Մի տխուր ու դառը համեմատություն ...
Եկեղեցու շրջակայքը միշտ էլ քիչ թե շատ բարեկարգված է եղել, իսկ ներսը` պարզապես գտնվել է աղետալի վիճակում... Մեկնաբանությունները թողել եմ յուրաքանչյուրին, իսկ ես իմ ցավի ու դժգոհության մոմն եմ վառել: Ի՞նչ եք կարծում` դա տվյալ երկրի իրական պատկերը չէ՞ր... Դրսից գեղեցիկ ու պարկեշտ, իսկ ներսից` ստի ու կեղծիքի գարշանքով լեցուն, որը պետք է որակավորվեր որպես լճացման ու ճահճացման հանցավոր տասնամյակների շարունակությո՞ւն...
Եվ այդ պատկերները տարիներ շարունակ իրար կողք-կողքի.. Հանցագործություն չէ՞ր միջնադարյան այդ հայաշունչ կոթողը թողնել բախտի քմահաճույքին: Թե՞ դա հայկական է.... հայը գիտե կառուցել, նորից կկառուցի... Ոչ մի պետություն չի կարոդ քաղաքակիրթ համարվել, եթե տվյալ պետության ներսում ոտնահարվում է ազգային մշակույթը:
Այո, կործանվում էր նախկին վեհաշուք եկեղեցին և կկործանվեր, եթե անհապաղ օգնության ձեռք չմեկնվեր, իսկ օգնությունը առաջին հերթին պետք է լիներ Հայաստանից, ինչը որ եղավ ժամանակին, նաև տողերիս հեղինակի նախաձեռնությամբ:
...Ճիշտ է, 1971 թ. քաղաքի Երկրագիտական թանգարանին կից բացվեց քարեդարան, որտեղ ցուցադրվում էին միջնադարյան հայ հանճարի ձեռքով կերտված անկրկնելի խաչքարեր, ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու ինը հրաշալի կտավները, որոնք նա անվերադարձ նվիրել էր եկեղեցուն: Ի դեպ մեծ դժվարությամբ պարզեցի, որ այդ կտավները գտնվում են Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում, և տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց եկեղեցին լիովին վերականգնելուց հետո այդ կտավները վերադարձ նել իր իսկական տիրոջը` եկեղեցուն: 1888 թվականի մեծ հրդեհից հետո այս հռչակավոր եկեղեցին վերականգնվել է մեծ հայորդու նախաձեռնությամբ ու միջոցների շնորհիվ: Ի դեպ` մինչև այսօր էլ չի գործում նաև զանգակատունը, որի հայկական բրոնզաձույլ զանգը, եթե մի ժամանակ դուրս էր նետված իր տեղից և գցված էր հեռվում, առայժմ այդպես էլ չի հաջողվում հայտնաբերել, թե ո՞ւր է անհետացել զանգը...
...Կարծես հենց այս ամենի մասին է ասել հայ բանաստեղծը:
...Լռած զանգ է կյանքս,
Ես` ավերակ վանքս,
Էլ աղոթող չունեմ ...
(Համո Սահյան)
...Ահա մեծ հայի արձանը` իր տան առջև: Վրձնակալը ձեռքին հանճարեղ հայը նայում է ծովի հեռուները և կարծես պատրաստվում է արարել իր հերթական հանճարեղ կտավը... Տունը կառուցել է ինքը` Հովհաննես Այվազովսկին, այն ժամանակ, երբ ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, որոշել էր մեկընդմիշտ բնակություն հաստատել, ինչպես ինքն է ասել` «իր սրտին այնքան մտերմիկ Թեոդոսիայում»: Կառուցվել է իր իսկ նախագծով, և իզուր չէ, որ ամբողջ շենքն իր վրա կրում է 19-րդ դարի հայ ճարտարապետության կնիքը:
Դեռ պատկերասրահ չմտած` հանդիպեցի ամենամեծ անակնկալին: Մուտքի մոտ այցելուների համար վաճառվում էր Հովհաննես Այվազովսկուն ու նրա ստեղծագործությանը նվիրված փոքրիկ ուղեցույց գրքույկներ: Բազմաթիվ անգամ մանրակրկիտ կերպով թերթելով այդ գրքույկները, զայրույթից պարզապես քարանում ես... Փաստորեն գրքույկների ոչ մի էջում, ոչ միայն չի նշվում աշխարհահռչակ հայորդու ազգային պատկանելության մասին, այլև, թե ինչ ընտանիքում և ինչպիսի հայաշատ միջավայրում է ապրել ու ստեղծագործել մեծ հայորդին: Ովքե՞ր են եղել, և որտեղի՞ց են եկել հայազգի աշխարհահռչակ նկարչի նախնիները ...
... Նաև այդ չէ՞ պատճառը, որ երբ փողոցում պատահական անցորդներին հարցնում ես, թե ո՞վ է Հովհաննես Այվազովսկին, և ի՞նչ ազգության է պատկանում, հետևում է թյուրիմաց պատասխանը, թե. «Նախ Իվան և ոչ թե Հովհաննես, և ապա. Այվազովսկին ազգությամբ ռուս է և պատկանում է ռուս ժողովրդին, իսկ նրա ստեղծագործությունները միմիայն ռուսական ոճի են»):
... Իհարկե, ռուս ժողովուրդը և ոչ միայն ռուս ժողովուրդը, իրավամբ կարող է հանճարեղ հայորդուն նաև իր զավակը համարել: Դա նախ և առաջ ռուս ժողովրդի երախտագիտության արտահայտությունն է: Չէ՞ որ հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչը այնքան շատ բան է արել ոչ միայն ռուս, այլև ուկրաինացի, բելառուս և ուրիշ շատ ժողովուրդ ների համար: Նա մեծ համակրանքով է արձագանքել և նյութապես օժանդակել նաև հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին: Իմիջայլոց, Հովհաննես Այվազովսկին մեծ գումարով օգնել է հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի 1891-1892 թթ. սովյալներին, Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայի աշակերտներին, բելառուս չքավոր ուսանողությանը: Լինելով հնագիտության սիրահար` մեծ հումանիստը Թեոդոսիա քաղաքում բացել է Հնագիտության թանգարան, որն այսօր երկրամասային թանգարան է կոչվում, ի դեպ, վատ չէր լինի, որ Հովհաննես Այվազովսկու անվամբ այն կոչվեր:
Մեծ հայը իր ամբողջ կյանքում փայփայել է այն երազանքը, թե կկարողանա՞ արդյոք մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը: 1890-ական թվականների հայկական կոտորածների ծանր օրերը մեծ վիշտ են պատճառել ծովային ստեղծագործության հանճարեղ երգչին ու անչափ դառնություն:
Նա ապրել է իր ժողովրդին բաժին հասած ամեն տեսակի դժբախտությունները և այս ամենի ազդեցությամբ էլ ստեղծել «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և շատ այլ իր հանճարին բնորոշ բարձրարժեք աշխատանքներ, որոնցով արտահայտել է իր ցասումն ու զայրույթն ընդդեմ... վաչկատուն թուրք ազգասպանների...
1898 թ., այդ կտավաշարերը ցուցադրվել են Մոսկվայում, իսկ «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել է նաև նույն թեմայով գրչանկարներ:
...Մեծ հայորդին ապաստան է տվել և նյութապես օգնել կոտորածներից Ղրիմ փախած հայ գաղթականներին: Եվ պատահական չէ, որ հանճարեղ ծովանկարիչը եղել է նաև Ղրիմահայ գաղթօջախների հովանավորը ...
Ռաֆայել ՇԱՀԻՆՅԱՆ
Համամիութենական հեռուստամրցույթի դափնեկիր (1985 թ.)
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
Ռեժիսոր-սցենարիստ