ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ


 

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ պետական մրցանակ շնորհվեց թատերական արվեստի ասպարեզում: Իսկ մրցանակակիր դարձավ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` Վ. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրության համար:

Այս առթիվ էլ մենք զրուցեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրության հեղինակ` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆԻ հետ:

 

Հայտնի է, որ Հայաստանում երբեք շեքսպիրյան բեմադրությունները չեն արժանացել մեր երկրի պետական մրցանակին, իսկ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է մրցանակ շնորհվում դրամատիկական արվեստին: Ինչպե՞ս ընդունեցիք մրցանակի արժանանալու լուրը:

- Նախ ասեմ, որ նախկին ԽՍՀՄ-ում էլ թատերական արվեստի բնագավառում շեքսպիրյան բեմադրությունների համար միայն մեկ անգամ է շնորհվել ԽՍՀՄ պետական մրցանակ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Կորիոլան» ներկայացումը արժանացավ այդ բարձրագույն պարգևին: Մեր թատրոնի մի շարք բեմադրություններ նախկինում ստացել են պետական մրցանակներ` «Աստվածների կանչը», «Աշնան արև»: Անտարակույս, երբ տեղեկացա, որ հենց մեր ներկայացումն է արժանացել պետական մրցանակի` ուրախությունս բազմապատկվեց: Աննախադեպ է երևույթը, սակայն` պարտավորեցնող, որովհետև ամեն մի մրցանակ ու պարգև նաև մեծ բեռ ու պատասխանատվություն է դնում ուսերիդ, պարտադրում ամեն ինչ անել, որպեսզի հետագայում ստեղծվող ներկայացումները չզիջեն իրենց գեղարվեստական-գեղագիտական որակներով:

Հ. Ղափլանյանի անվան թատրոնը հետևողականորեն հարստացնում է շեքսպիրյան ստեղծագործությունների բեմադրական ավանդույթները: Սա ստեղծագործական ծրագի՞ր է, թե՞ այս կամ այն բեմադրիչի նախասիրություն միայն:

- Թատրոնի ծրագիրը ձևավորվում է նրա բեմադրիչների, գեղարվեստական ղեկավարների կողմից և դառնում շարունակական: Հ. Ղափլանյանը հիմնավորեց շեքսպիրյան բեմադրությունների ավանդույթը` հայկական բեմական շեքսպիրապատում բերելով իրապես նոր մտածողություն: Դեռևս նրա ներկայությամբ` 1979-ին, ես բեմադրեցի «Համլետը», որը մեծ աղմուկ բարձրացրեց: Հայ թատերագետներն ու շեքսպիրագետները չընդունեցին այս բեմադրությունը, մինչդեռ Հայաստանից դուրս մենք արժանացանք ամենաբարձր գնահատականների: «Համլետ» ողբերգության բեմադրությամբ էլ սկիզբ առավ իմ ճանապարհը դեպի Շեքսպիրը: Հետագայում բեմադրեցի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ» ողբերգութ յունները, 1992-ին և 2010-ին անդրադարձա «Հուլիոս Կեսարին»` չկրկնելով իմ բեմադրությունները: Ուրեմն, սա նախասիրություններից ծնունդ առնող ծրագիր է, որի շնորհիվ թատրոնը մշտապես դիմում է ինքնատիպ փորձությունների:

Իսկ արդյո՞ք մտադիր եք «Հուլիոս Կեսարը» ներկայացնել Հայաստանից դուրս:

- Անշուշտ: Արդեն աշխատանքներ ենք տանում, որպեսզի բեմադրությունը ներկայացնենք առաջին հերթին Մոսկվայում, քանի որ Մոսկվան միշտ էլ մեզ համար մնում է յուրատեսակ քննավայր: Մոսկվայից զատ` ուզում ենք հանդես գալ Եվրոպայում, մասնակցել տարբեր փառատոների: Այս ամենի համար մեր ցանկությունը, բնականաբար, քիչ է: Ֆինանսական միջոցներ են հարկավոր, հովանավորների աջակցությունն է պետք:

Ցավոտ խնդիր եք շոշափում: Այսօր թատերական արվեստն իսկապես հովանավորների կարիք ունի: Պետական միջոցները բավարար չեն թատրոնների գործունեությունը կազմակերպելու համար:

- Մեր թատրոնը հատկապես հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրության կենտրոնում էր գտնվում: Նա աջակցել է մի շարք բեմադրությունների կայացմանը, մենագրությունների ստեղծմանը: Համոզված եմ, որ աստիճանաբար մեզանում ևս կձևավորվի մեկենասության գաղափարը, շատ ունևորներ կգան դեպի թատրոններ` համոզված, որ իրենց ներդրումները նաև փոխշահավետ կլինեն: Ցանկացած երկրի համար թատրոնը ազգային պատմության մի մասնիկն է, ազգային նկարագիրը ներկայացնող հրաշալի վայր, նաև` քաղաքակրթության դրսևորում: Մենք պետականություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք թատրոն, որն էլ պահել է ազգը, նրա լեզուն, դարձել մշակութային հիմնառանցք ներից մեկը: Մենք այսօր մեծ ցանկություն ունենք մեր այս համոզմունքի անունից ծնունդ առնող մեր ստեղծագործությունները ներկայացնել նաև Սփյուռքին, որովհետև Սփյուռքն էլ արհեստավարժ թատրոնի կարիքն ունի:

Գիտեմ, որ տարիներ շարունակ թատրոնը սերտորեն կապակցված է եղել Սփյուռքին, հանդես եկել գաղթավայրերում: Վերջերս ես Հալեպում էի, որտեղ դեռ հիշում էին Դրամատիկականի ներկայացումները:

- Հույս ունեմ, որ այս լավ ավանդույթը շուտով կվերականգնենք: Երկիրը ծանր օրեր ապրեց, մեծ դժվարություններ հաղթահարեց, իսկ հիմա արդեն մենք կամաց-կամաց շտկում ենք մեր մեջքը: Համոզված եմ, որ շուտով պետական մակարդակով կլուծվի նաև թատրոնների հյուրախաղերի հարցը: Մեր շատ սփյուռքահայ հայրենակիցներ բողոքում են, որ Հայաստանից արտահանվող մշակույթը շատ հաճախ էժանագին է, գետնատարած, ուստի նրանք ամաչում են օտարներին հրավիրել համերգների և ներկայացումների: Սփյուռքն ուզում է հպարտանալ ազգային արվեստով և մշակույթով, ցանկանում է օտարների մոտ հպարտանալ մեր ձեռքբերումներով: Ուստի մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի հանդես գանք մեր հայրենակիցների մոտ, նրանց միջոցով` նաև օտարազգի հանդիսատեսի: