«ԵՐԳ ԵՐԳՈՑԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ


 

Օրերս Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարը նշեց իր հարյուրերորդ եթերարձակումը: Հնչեցին շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր, արժևորվեց հաղորդաշարը: Ինչպես ասում են` եկել էր քարերը հավաքելու ժամանակը, և նկարահանման տաղավարում գտնվող բոլոր հյուրերը միաբերան հայտարարեցին, որ հաղորդաշարն ահռելի դեր է կատարում անցյալի արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում: Իսկ ինչպես այս, այնպես էլ Հ1-ի բազմաթիվ հաղորդումների և ֆիլմերի սցենարների հեղինակ Լևոն Գալստյանն էլ նշեց, որ հաղորդաշարն իրենց համար նույնն է, ինչ Հին Կտակարանի «Երգ երգոց»-ը: Ողջունելով այս հաղորդաշարի գոյությունը, այն իրապես համարելով Հանրայինի ամենահաջողված նախագիծը, այնուհանդերձ անհնար է չանդրադառնալ նաև դրանում տեղ գտած բացասական դրսևորումներին, որոնց վերացմամբ կարող ենք ունենալ իսկապես դրվատելի և ուսուցողական արժեք ունեցող հաղորդաշար:

Ինչպես հղացվել էր ի սկզբանե, հաղորդման հյուրերը, ովքեր յուրատեսակ փորձագետներ էին լինելու, ոչ թե պետք է միասնականորեն դրվատանքի խոսքեր հնչեցնեին կատարողների հասցեին, այլ պիտի խոսեին կատարվող երգի պատմության մասին, ներկայացնեին տպավորություններ ու հուշեր, արժևորեին երգն իրենց կյանքում: Ցավոք, այս ինքնատիպ մտահղացումը մոռացության մատնվեց, իսկ հյուրերի խոսքն էլ վերածվեց բաժակաճառերի: Չկա առավել վտանգավոր բան, քան հեռուստաէկրանից «ցողվող» բաժակաճառն է: Անշուշտ, երբ հաղորդումներին մասնակցում էր երգիչ Արմեն Դարբինյանը, նա փորձում էր ներկայացնել երգի կենսագրությունը, հիշատակել տվյալ երգի լավագույն կատարողներին: Երևի նա դուրս էր մնում «երգչախմբից», այդ պատճառով էլ նրան այլևս չեն հրավիրում: Տևական ժամանակ էկրանին երևում էին միայն նույն դեմքերը` նույն երգիչ-երգչուհիները: Սա միօրինակություն և միապաղաղություն էր ստեղծում: Այժմ, բարեբախտաբար, արդեն նոր դեմքեր են հայտնվում էկրանին` Սևակ Ամրոյան, Նարեկ Պողոսյան, Արման Նշանյան, ուրիշներ, ովքեր թարմություն և ինքնատիպություն են բերում հաղորդաշարին:

Այս հաղորդաշարի ամենամեծ թերությունը երգերի մեղեդիների հանդեպ քմահաճ վերաբերմունքն է, մի շարք երգերի անհաջող գործիքավորումները: Անշուշտ, կարելի է դիմել փորձարարության, կարելի է ժամանակի զգացողությունը բերել ստեղծագործության տարածք, սակայն հեղինակային գործիքավորման ժխտումն ու անհասկանալի «մեղեդային կառույցների» ներմուծումը միանշանակ կերպով անընդունելի է: Խախտվում է մեղեդին, խաթարվում է երգահանի առաջադրած հարմոնիան, հեղինակային «ձեռագիրը»: Նվագախմբից զատ` երգիչներից ոմանք նույնպես «սրբագրում» են հեղինակին, ավելորդ մելիզներ և ձայնային վարժանքներ ներբերում երգի տարածք: Որքան էլ տաղանդավոր է երիտասարդ երգիչ Էրիկ Կարապետյանը, այնուհանդերձ անընդունելի է, երբ հեռանում է կոմպոզիտորական մեղեդու առանձնահատկությունից: Իսկ ահա երգիչ Մհերը, սիրահարված սեփական ձայնածավալին, դիմում է այնպիսի «վարիացիաների», որոնք որևէ աղերս չունեն կատարած շատ երգերի հետ: Հենց հոբելյանական հաղորդման նախասկիզբ դարձած Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունն այնպես աղավաղվեց, որ անհնար էր պատկերացնել, թե տաղանդավոր կոմպոզիտորը կարող էր ստեղծել խախտված մեղեդիով, անճաշակ գործիքավորմամբ նման երգ: Այս տպավորությունը հաճախ է ուղեկցում բազմաթիվ կատարումների: Վերջերս զրուցում էինք երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով այն եզակիներից է, որ պահպանում է մեղեդու մաքրությունն ու նախնականությունը: Նա լսելով մեր դժգոհությունները, այն միտքն արտահայտեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հնչի երգն այնպես, ինչպես ստեղծել է հեղինակը` գումարելով կատարողի անհատականությունը:

«Երգ երգոցն» իսկապես արժեք է: Ուստի ամեն ինչ պետք է անել, որ հաղորդաշարին մասնակցող երգիչներից ոմանք ոչ թե մտածեն իրենց անձով ունկնդրին «հմայելու», այլ երգի գեղեցկությունները մատուցելու մասին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ