1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Վրացական պետհամարանիշերով մեքենաների մաքսազերծման` անլուծելի թվացող խնդիրը հրատապների շարքում է մնում: Կարելի էր կարծել, թե գործադիրի վերջին նիստում «օդում մնացած» մեքենաները մաքսազերծելու նպատակով անտոկոս վարկ տրամադրելու առաջարկը հիմնավոր ու վերջնական լուծում կտա հարցին: Մեր օրերում պետական միջոցներից 300 միլիոն դրամի մասհանումն, իհարկե, փոքր քայլ չէ: Սակայն պարզվում է, որ վարկ ստանալու համար շուրջ 20 տոկոսանոց վարձավճարի պայմաններում պետհամարանիշերի ձեռքը կրակն ընկած վարորդները հրաժարվում են նույնիսկ գործադիրի բացառիկ թվացող առաջարկից: Ենթադրվում էր, թե Կառավարության քայլն այն առավելագույնն էր, որ հնարավոր էր նման իրավիճակում, սակայն գյումրեցի և վանաձորցի վարորդներին նույնպես կարելի է հասկանալ… Թեկուզև 6 ամսում ու առանց հավելյալ վճարումների` միևնույն է, կառավարությունից ստանալիքը նրանք պետք է վերադարձնեն: Ու նման պայմաններում մեծ խորաթափանցություն պետք չէ` պատկերացնելու համար, որ եթե նման գումար չունեն այսօր, ապա առաջիկա ամիսներին մաքսազերծման աստղաբաշխական գումարը թեկուզ մաս¬մաս վճարելու հնարավորություն նույնպես հազիվ թե ունենան: Այսինքն, կծիկը բոլորովին այլ կողմից պետք է քանդվի, և մաքսատուրքի չափը նվազեցնելը տարբերակներից ամենանախընտրելին է մնում: Բնականաբար, փողոցներ դուրս եկած մարդիկ ինչ¬որ գումար էլ մաքսազերծման համար են նախատեսել: Ուստիև, երբ որ վճարվելիք գումարի չափն ու վարորդների նախատեսած թիվը համընկնեն, խնդիրն ինքնաբերաբար կլուծվի: