Հա՞ որ..


Մինչ հանրապետության գլխավոր ոստիկանապետը տարված է մարզական մրցաշարերի կազմակերպմամբ, անտառահատումների դեմ պայքարի մոնիտորինգի խումբն արձանագրում է, որ նույնիսկ բնության հետ կամայաբար վարվելու հետևանքով հարուցված քրեական գործերի թիվն է կրկնապատկվել: Իհարկե, կարող է զարմանալի թվալ, որ նման «երկրորդական» դեպքերը մինչև անգամ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել: Սակայն հավանաբար Ալիկ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հասարակական ճնշումից ու «ավելորդ» խոսակցություններից խուսափելու նպատակով, քրեական գործեր հարուցել ու աճպարարությամբ էլ սահմանափակվել է: Համենայն դեպս մոնիտորինգ անցկացնող խմբին ձերբակալվածների անուններ հայտնի չեն, ու հավանաբար այդպիսիք ընդհանրապես չկան: Միգուցե գլխավոր ոստիկանապետին թվում է, որ եթե ծանր քրեական հանցագործություններ կատարած անձանց հանդեպ երբեմն կարելի է անտարբեր մնալ, ապա ծառ կտրելը լրիվ անմեղ զբաղմունք է: Սակայն անտառային մաֆիան, ինչպես միշտ, շատ է հզոր, ու հատկապես վերջին տարիներին` գազի գնի շարունակական բարձրացմանը զուգընթաց, բնության հաշվին միլիոններ դիզողների գործունեության ծավալներն ավելի են ընդլայնվել: Իսկ դրանք կանխելու կոչված կառույցի վերաբերմունքն, ինչպես միշտ` զրոյական է: