Երբ Ոգուց է ծնվում երգը...


Սովետական բարքերի թիրախ է եղել նաև տաղանդավոր երգահան Սասուն ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ: 1980¬ին Միացյալ Նահանգներ տեղափոխված երաժիշտը հայրենիք է վերադառնում 2004¬ին` հանձն առնելով շարունակել անավարտ գործեր և ձեռնամուխ լինում մշակութային նորանոր գոհարների արարման.. Հայրենիք վերադառնալուց հետո մի առիթով ինձ հարցրեցին` կարո՞տը Ձեզ բերեց. ասացի` ոչ. որովհետև մեր օրերում առանց վերադառնալու սրտիդ ուզածի չափ կարող ես այցելել քո երկիր. ի՞նչ կարոտի մասին է խոսքը… Իմը հոգեբանական վերադարձ էր: Ինձ հողն էր կանչում. բավ է հիշել Արշակ թագավորի պատմությունը: Աննկարագրելի հզոր կապ կա մարդու և հայրենի հողի միջև: Երբ 11 հազար կմ հեռավորությամբ այդ «ջանդամուշկայում» էի, մի տեսակ հող չէի զգում ոտքերիս տակ: Հետո հասկացա, թե մեր Վազգեն Ա Կաթողիկոսն ինչու էր հեռացածներին «արմատախիլներ» անվանում… Գնացածս առաջին իսկ օրվանից հասկացա, որ օտար ափերում հայտնվելս ճակատագրի սարկազմն էր: Այդուամենայնիվ, ամեն ինչ վերագրում եմ Աստծո կամքին: Ինչպես Տերունական աղոթքի մեջ է ասվում` «Քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա». ամեն ինչում Արարչի նախախնամությունն է… - Երգ կոչվածն այսօր մի տեսակ բազմանշանակ հասկացություն է դարձել, և այդ անվան ներքո ունկնդրին ինչ ասես որ չեն հրամցնում: Ինչպիսին պիտի լինի իսկակա´ն երգը: - Երգ ասելով` նախ հասկանում եմ խոսք և երաժշտություն, թեև այսօր հեռուստատեսությամբ երգի փոխարեն մեզ հրամցնում են «վիդեոկլիպ»: Երգի մեջ բառերն ու մեղեդին պետք է համահունչ լինեն: Իհարկե` եթե խոսքը ԿԱՐԳԻՆ երգի մասին է: Հարկ է չմոռանալ, որ մենք խոսում ենք մշակույթի` հոգևոր սնունդի մասին, որի բաղկացուցիչն էլ երգն է: Մինչդեռ այն ներկայումս (ռուսերեն ասված) «սեմչկա» է դարձել: Մի պահ պատկերացնենք, որ հրավիրում են, ասենք, ծննդյան տոնի և «սեմչկայով» են հյուրասիրում. արդյո՞ք տեղին է… Նույնն է, ինչ համերգի են հրավիրում և` «ձեռքերդ վե˜ր, տաշի˜, տուշի˜… »: Բոլորովին այլ է հարսանիքների պարագայում. մարդիկ գինովցած են լինում ու զուտ պարել են ուզում… Մի հարսանիքի ժամանակ հատուկ ուշադրության արժանացրեցի հնչող երգը. 140 անգամ նույն տողն էր կրկնվում` «ամեն մարդ իրա դարդին, ինչպես ուռին ու բարդին»… Երգիչներին 5 կարգի եմ դասում. օրինակ` 100¬ից 60¬ը երգող են: 40¬ի մի մասը կատարում է, մյուս մասը` մեկնաբանում: 100¬ից 3-4¬ն են, որ մտնում են կերպարի մեջ, և 1 կամ 2¬ն են, որոնց մեջ տեղավորվում է կերպարը, այսինքն` երգը գտնում է երգչին: Երգն էլ, իր հերթին, 5 անկյուններում է ԵՐԳ դառնում. առաջինը` ստեղծագործողն է, 2¬րդը` երգիչը, 3¬րդը` գործիքավորողը, 4¬րդը` նվագախումբը, 5¬րդը` ձայնագրությունը: Եթե այս 5¬ից որևէ մեկը թերանում է, երգը տուժում է: - Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հայկական երգը և ինչպիսի՞ն է այն այսօր: - Վիլյամ Սարոյանին հարցնում են` ո՞վ է հայը, ասում է` ով իրեն հայ է համարում… Երգը լեզվամտածողություն է: Եթե ողջ կյանքում լսել ես թուրքական, պարսկական, ամերիկյան և այլն, չես կարող ըմբռնել հայ երգը: Պիտի հայի ոգին ունենաս: Հայ երգը մեր էթնիկ հոգեբանությունն է, պատմությունը` անցյալն ու ներկան: Սակայն ի՞նչ են այսօր ունկնդրում… Լսում են վա´տ երաժշտություն, որովհետև անընդհատ նույնը ստանալով` հայտնվել են կախվածության մեջ: Հայաստանում երգարվեստն այսօր անտերության է մատնված` տարբեր պատճառներով: Ձևավորվել է մի իսկական «բազար»` ոչ թե շուկա, որտեղ ճարպկորդիք «սաղացնում» են իրենց ապրանքը, իսկ լավ երգն այնտեղ, անշուշտ, տեղ գտնել չի կարող: Այն մարդիկ, ովքեր կարողանում են ոչ թե «թխել», այլ երգեր ստեղծել, ցավոք, անտեսված են… Իսկ այս բարձիթողի իրավիճակի պատճառը համատարած ու քար անտարբերությունն է: Նժդեհն ասում էր` «Հանիր ազգից երաժշտությունն ու պոեզիան, և այն կդառնա խոզանոց»: Մենք սկսել ենք ուրիշ երգեր երգել, իսկ դա արդեն վտանգավոր է… Մեզանում մշակութային աղանդներ են ձևավորվել: Մենք Ուելսի նույն պատմությունն ենք կրկնում. 13-րդ դարում Անգլիան ուզում է նվաճել Ուելսը, սակայն երկար տարիներ չի հաջողվում: Հետո Անգլիայի թագավորը «ձևը» գտնում է` իր մշակույթը ներմուծում է Ուելս, և վերջինս ինքնաբերաբար միանում է Անգլիային: Մեկնաբանութ յունների կարիք չկա… - Երգ ստեղծելը բարդ ու միևնույն ժամանակ հրաշալի գործընթաց է. Ձեր մեջ ինչպե՞ս են դրանք ծնունդ առնում: - Ամեն ինչ Աստծուն եմ վերագրում. իմ երգերը ՆՐԱ տված ոգու շնորհիվ են ծնվում: Թեև մասնագիտությամբ շինարար եմ, բայց Արարիչն ինձ երգաստեղծի ոգի է շնորհել: Պատահում է, որ երազիս մեջ (քնած ժամանակ) երգեր եմ լսում, հենց գիշերն էլ նստում եմ դաշնամուրի մոտ և անմիջապես նվագում ու ձայնագրում այն, որ հետո չմոռանամ: Ի դեպ, ես երաժշտական կրթություն չունեմ` անգամ նոտաները չգիտեմ: Այն ոգին, որ մարդու մեջ է, այդ նա է մղում երգ ստեղծելու… Մի անգամ մեքենայով ինչ¬որ տեղ էի գնում ու, հանկարծ, հենց ղեկին «Կուզեմ հիմի փչե զուռնեն…» տողի երաժշտությունը «եկավ». ասեցի` սա է որ կա ու մեքենան ետ` դեպի տուն ուղղեցի: Ճանապարհին երաժշտությունն անընդհատ կրկնում էի, որ չմոռանայի: Եկա տուն, նվագեցի ու այդպիսով երգը շարունակվեց: Ի դեպ, այն ինձ համար ճակատագրական դարձավ... Ինչպես Սայաթ¬Նովան է ասել` «Իմ ջուրն ուրիշ ջրեն է»: Ջուրը` H2O¬ն, տաբեր միջոցներով կարելի է ստանալ: Իմ «ջուրը» հայրենի հողի խորքից է գալիս… Եվ իրոք, Սասուն Պասկևիչյանի ջուրը` արվեստը, եզակի զուլալ ու անխառն է. այն ոգուց բխած ջրերից է, հետևաբար էլ` կենարար, հարատև: Համեմատաբար իրեն նախևառաջ արվեստասեր համարող երգահանը, թերևս, դեռ շատ ասելիք ունի. նրա ստեղծագործությանը հաղորդակից սկսել է լինել նոր սերունդը` երգելով և ունկնդրելով այն մեղեդիները, որոնց մի մասը ժամանակին փայլեցրել են հայ մեծանուն շատ երգիչներ… Այդուհանդերձ, տրտմեցնող երևույթ կա մեզանում… Զանազան պաշտոնների տեղի¬անտեղի «բազմած» մեր այրերը մի թյուր սովորություն ունեն. նրանք միշտ «վաստակավորի», «ժողովրդականի» տիտղոսներն «աջ ու ձախ» են անում, որը, մեղմ ասած, մտորելու տեղիք է տալիս: Մեծերի համեստությունը թույլ չի տալիս, որ իրենց նկատեն, փոխարենը փրփուրն է «ջրի երես ելնում», նկատելի դառնում, և, զարմանալիորեն, «գնահատվում»… Համենայնդեպս, ճշմարիտ ունկնդիրն ու ժամանակն անաչառ դատավոր են, և վերջին խոսքը միշտ իրենցն է…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ