«Երբեմն էլ ասում են` Գրիգորյա´ն, բա քեզ պե՞տք էր...»


Տարիներ շարունակ երգի պետական թատրոնն ուրախացնում է` այնտեղ ուսանած և այնուհետև բազում բեմեր նվաճած շնորհալի երգիչ երգչուհիներով: Անդրե, Ալլա Լևոնյան, Զարուհի Բաբայան, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյան և այլք... Անուններ, որոնք հայտնի են դարձել Երգի պետական թատրոնի տնօրեն, կոմպոզիտոր, բազմաթիվ հիթերի հեղինակ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻ շնորհիվ: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ասում են` դժվար եմ ծնվել. մեծ եմ եղել` 5 կգ 400 գ: Իսկ դժվարություններ շատ են եղել: Ես այնպիսի մարդկանցից չեմ, որ դրանցից վախենամ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպիսի դժվարություններով եմ դարձել Արթուր Գրիգորյան, հասկանում եմ, որ գուցե դրանք պետք էին: Ոչինչ սկուտեղի վրա չի մատուցվում: Ես չեմ էլ հպարտանում, որ դժվարությունների հաղթահարմամբ եմ հասել ինչ¬ինչ բաների: Ես ապրում եմ, որ ապրեմ, ոչ թե գոյատևեմ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիքներ չունեմ: Կարող է տպավորություն է ստեղծվել, թե ես փակ մարդ եմ: Չնայած, այո´´, ինքնամփոփ եմ, չեմ սիրում շատ խոսել, բայց գաղտնիքներ ումի՞ց պետք է ունենամ` ինքս ինձնի՞ց: Ես շատ բաց եմ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Հա´յ… Եթե մյուս կյանքում Զիմբաբվեում ծնվեի` կզարմանայի: Ես չեմ կարող ասել` ո՞ր ազգն է լավ կամ վատ, բայց ինձ համար ամենալավը հայն է` իր բոլոր մինուսներով. իսկ դրանք շատ¬շատ են: - Որևէ զավշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Շատ են եղել, բայց նոր մի դեպք հիշեցի: Մոսկվայում սովորելու տարիներին մի օր օդանավակայանում սպասում էի, որ պետք է ինքնաթիռ նստեմ: Դե հայերին գիտեք` իրար հրելով բոլորը առաջանում էին, իսկ ես մինուս 30 աստիճանի տակ սպասում էի, որ վերջում մտնեմ: Մի մարդ եկավ, ուշադիր նայեց ու հարցրեց` «Դու Արթուր Գրիգորյանը չե՞ս»: Պատասխանեցի` այո´: «Մրսո՞ւմ ես»: Դե ասացի` այո´, մրսում եմ, նա էլ պատասխանեց` «Բա դո՞ւ ինչու ես մրսում»: Այսինքն` եթե Արթուր Գրիգորյանն եմ, չպետք է մրսեի… Իսկ ընդհանրապես շատ դեպքեր եղել են հենց անունիս հետ կապված: Ես կոմպլեքսավորվում եմ շատ, երբեմն գոռում եմ Արթուր Գրիգոյանի վրա, կռիվներ էլ եմ անում, ասում եմ` «Բա քեզ պե՞տք էր»… Բայց դե համակերպվում եմ Արթուր Գրիգորյանին… - Ի՞նչն է կյանքում դեռևս առեղծվածային Ձեզ համար: - Կյանքը, հենց կյանքը… Շա˜տ առեղծվածային է: Հենց այն, որ ծնվել ես, արդեն մեծ առեղծված է:

Արուսյակ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ