«...Պարզապես սովորելը խանգարում է»


ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ բուհական համակարգում ամենատարածված ու նույնիսկ անշրջելի թվացող երևույթներից է: Ոմանք նույնիսկ պարծենում են, որ կարող են միջնորդությամբ կամ «մաքսանենգ ճանապարհով» գնահատական կորզել` իրենց այդ «հնարամտությունը» նույնիսկ որպես սխրանք ներկայացնելով: Օրինակ, մեկը կարող է հպարտանալ իր ազդեցիկ բարեկամով և նրա հեղինակությունը նսեմացնելով` հրապարակայնորեն շահարկել վերջինիս անունը: Մեկ ուրիշն էլ կարող է պարծենալ, որ գործող «տաքսաներից» ինքը զեղչի արտոնությամբ է բաղձալի գնահատականը «վաստակել»… Բավական տարածուն այս երևույթը պետք է նորից ու միայն պետության կամ համապատասխան գերատեսչության ապակառուցողական քաղաքականության հետ պայմանավորել: Իրականում դա ընտանիքներում սխալ դաստիարակության և ոչ ճիշտ ուղղորդման դառը հետևանքներից է: Որովհետև, եթե ծնողները վճարում են երեխայի կրթության համար` հասկանալի է: Բայց երբ ուսման վարձից զատ նաև հավելյալ միջոցներ են տրամադրում` չունեցած գիտելիքների գնահատականի համար, նշանակում է այդ ծնողները նույնպես մասնակիցն են ոչ միայն իրենց զավակի, այլև աճող սերնդի անգրագիտացմանը: Շատերի համար ուսանող լինելը ոչ թե ընդհանրապես գիտելիքներ և կոնկրետ մասնագիտություն ձեռք բերել է նշանակում, այլ ընդամենը որևէ ուսհաստատությունում ժամանակ վայելել. ծանոթություններ հաստատել, հագուկապ ցուցադրել: Ոմանց համար էլ ընդամենը բանակից խուսափելու միջոց է: Ինչպես ասում են` «Ուսանող լինելը լավ բան է, պարզապես սովորելը խանգարում է»: Կան դիմորդներ, ովքեր ինչ¬որ ֆակուլտետ են դիմում (նույնիսկ բուհն էլ կարևոր չէ` նմանների համար)` տարրական պատկերացում չունենալով դրա մասին: Ավելին, մի քանի տարի սովորելուց հետո անգամ չեն գիտակցում, թե իրենց ինչ է պարտավորեցնում դիպլոմ անվանյալը, որը հատկապես աղջիկների պարագայում, միայն որպես օժիտացու է ծառայում: Ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր: Հավատացեք` ոչ այնքան` սնկի արագությամբ բազմացած ուսհաստատությունները` «խամ» ականջի համար գայթակղիչ իրենց գովազդներով, որքան` ծնողները: Վերջիններս նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս` ճանաչել սեփական երեխայի նախասիրություններն ու ունակությունները: Ինչ խոսք, կրթական հաստատություններում էլ թերանում են պատշաճ որակ ապահովել: Ավելի ստույգ` ի՞˜նչ որակ կարող է ապահովել, դիցուք, վերը նշված հոգեբանությամբ ուսանողը, ով հետո դասավանդող է դառնում նույն կամ մեկ այլ բուհում: Օրինակ` ԵՊՀ¬ի Միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի ուսանողներից մեկի պնդմամբ` դասախոսներից շատերը ձանձրալիորեն ներկայացնում են միայն տեսական նյութը և այդքանով սահմանափակվում: Նույն ֆակուլտետի դիվանագիտության բաժնի 3¬րդ կուրսի ուսանողուհի Արմինեն էլ նշում է, որ թեև համալսարանը չի տալիս լիարժեք կրթություն և չի կազմակերպում պրակտիկան, այդուհանդերձ ներկայումս ներդրվել են նորարարական մեթոդներ, որոնք դասախոսին հնարավորություն են ընձեռում` նյութը ներկայացնել վիրտուալ պատկերի միջոցով: ԵՊՀ¬ի Քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներից մեկի հավաստմամբ` դասախոսները հաճախ բացակայում են` նախապես տեղյակ չպահելով ուսանող ներին, իսկ իրենք այդ մասին իմանում են համալսարան գալուց միայն:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ