1 ՀԱՐՑ


 

ԻՆՉՊԵՍ ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ

Հարցին պատասխանում է Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Կոալիցիոն քննարկումներն ու համաձայնությունները քաղաքական մշակույթի դրսևորումներ են: Դրանք, ի վերջո, ցրում են այն թյուր կարծիքը, թե կոալիցիոն գործընկերների մեջ հակասություններ կան, թե առկա են անառողջ հարաբերություններ: Երկրի Նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումը վկայում է, որ ձևավորված սերտ հարաբերություններն իրենց զարգացումները և իրենց արտացոլումն են ունենալու ընտրական գործընթացների ժամանակ:

Իհարկե, կլինեն տարաձայնություններ, կլինեն հարցեր, երբ ուժերից ամեն մեկը կձգտի ապացուցել իր ճշմարտությունը, սակայն դրանք նորմալ և օրինաչափ են, որովհետև ուղղված են մի բանի` լավ ընտրություններ կազմակերպելու գաղափարին: Երկիրը մեկն է, ուրեմն մեկն է նաև բոլորիս նպատակը` ամեն ինչ անել, որպեսզի մեզ մոտ ճգնաժամեր չլինեն, չլինեն սուր հակամարտություններ: Ի վերջո, կոալիցիոն գործընկերներից ամեն մեկն առանձին կուսակցություն է` իր ծրագրերով ու հայեցադրույթներով: Միասնական պիտի լինի քաղաքական կամքը և երկրի ապագայի հանդեպ մտահոգությունը: