ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ՈՒ ՉԵՆ ՆԿԱՏՈՒՄ


 

Բոլոր ընտրություններին ուղեկցող աղմուկ-աղաղակը սովորաբար համատարած բացասական գնահատականների է արժանանում: Իսկ քաղաքակիրթ և խաղաղ ընտրապայքարի կարևորության մասին հայրենի քաղգործիչների մինչև հիմա տարածած հայտարարություններն ու հարցազրույցները երևի թե հազարներով կհաշվվեն: Ասվածի հետ համամիտ լինելով` նկատենք, որ մեզանում առայժմ ծայրահեղությունից ծայրահեղություն տարբերակն է գործում, և ընտրությունները կամ աննկարագրելիորեն լարված մթնոլորտում են անցնում, կամ էլ նախընտրական մթնոլորտ կոչվածն ընդհանրապես բացակայում է:

Ահավասիկ. հանրապետության որոշ մարզերում մի քանի օր հետո համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու: Իսկ մրցապայքար ընդհանրապես չկա. գործող համայնքապետերն են միայն առաջադրվել ու, բնականաբար, առանց խոչընդոտների վերընտրվել են պատրաստվում: Նրանցից մի քանիսը նույնիսկ խոստովանել են, որ իրենց տեղակալներին կամ ազգական-բարեկամներից մեկին խնդրել են առաջադրվել, որպեսզի Ընտրական օրենսգրքի պահանջը չխախտվի, և տվյալ համայնքում գոնե երկու թեկնածու հայտ ներկայացրած լինի:

Փետրվարի 12-ի ընտրություններին պատրաստվող այն հատ ու կենտ համայնքներում, որտեղ թեկնածուների թիվը երեքի է հասել, արդեն իսկ հնարավորություն է տրվում «լուրջ» ընտրապայքարի ու «հետաքրքիր» իրադարձությունների մասին խոսել: Իսկ ընդհանուր առմամբ, հետայսու փուլերով կայանալիք ՏԻՄ ընտրությունները վկայում են, որ հանրությունը որքան էլ կարևորում է վերափոխումները, բայց այդպես էլ գործնական որևէ քայլի չդիմելով` ըստ էության հակված է պահպանել ներկայիս իրավիճակը:

Տարբեր մարզերի տարբեր համայնքներում փետրվարի 12-ի համար մրցապայքարի դուրս ելածների կուսակցական պատկանելությանը ծանոթանալով` պարզ է դառնում, որ քաղաքական ուժ ասվածը (մեկ-երկու բացառությամբ) սկսվում և ավարտվում է Երևանով: Եվ միայն ՀՀԿ-ն, երբեմն էլ նաև ԲՀԿ-ն են ՏԻՄ ընտրություններում պայքարում: Ցավալիորեն` մեր կուսակցությունների խոսքն ու գործն այստեղ էլ համահունչ չեն: Խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո էլ ձախողվածների կողմից հնչող գնահատական ներում ամեն ինչի մասին խոսվելու է, բացի անհաջողության իրական պատճառներից: