ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒՄ` թանկացման եղանակով


ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ձևը գտնվել է. ցանկացած փորձություն խոշոր բիզնեսը հեշտությամբ հաղթահարում է£ Եթե խոսքը պարենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների մասին է, ապա վաղուց տեսանելի է, որ մեծ ներկրողները կենտրոնացել են հատկապես սուպերմարկետների վրա£ Ներկրվող կամ տեղում արտադրվող ապրանքների ամենամեծ իրացնողները հենց այդ առևտրակետերն են£ Փոխգործակցության նման տեսակից հայրենի օլիգարխները պետք է որ դժգոհ չլինեին, սակայն այս տարի այնպես ստացվեց, որ դեկտեմբերյան ավանդական առևտրային բումին հաջորդած հունվարյան պարապն այնքան էլ մեր գործարարների սրտով չեղավ£ Հետտոնական շաբաթներին շրջանառության օրինաչափ անկումը, իհարկե, նրանց համար անսպասելի չէր, սակայն նախորդող շրջանում եկամուտների ու ֆինանսական հոսքերի զգալի աճը անսանձելի էր դարձրել նրանց ախորժակը` մղելով տարվա առաջին ամսին արձանագրված գնողունակության անկումը նոր գնաճով նշանավորել£ Ընդհանուր առմամբ ու առավել ևս այս պարագայում մեր գործարարների անկեղծությանը կասկածել չարժե. նրանք հենց առևտրաշրջանառության անկմամբ էլ «հիմնավորեցին» նոր թանկացումները£ Ինչ խոսք, երբ առաջիկայում այս կամ այն ապրանքատեսակի սպառման նախկին ծավալները վերականգնվեն, անգամ խորհրդան շական աննշան գնանկում հազիվ թե արձանագրվի… Խոշոր համարվող բիզնեսը միշտ էլ կարողացել է տվյալ պահին միայն իր համար հրատապ հարցերին լուծումներ գտնել` սեփական հնարամտությամբ (՞)£ Ի վերջո, դժվար է պատկերացնել գործարար աշխարհի հանրահայտ երևելիներին` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելիս£ Նրանք ընդհանրապես չեն սիրում որևէ թեմայով բարձրաձայն արտահայտվել, եթե նույնիսկ իրենց առջև ծառացած խնդիրն արհեստականորեն է ծագել, ու դրա հրապարակայնացումը կարող է հարցի լուծման առավել նպաստավոր տարբերակ առաջադրել£ Ի վերջո, առևտրաշրջանառության անկման մեղավորներ չկան. սեզոնային կոչվող գործոններն են իրենց ազդեցությունը թողնում, ինչը կանխելու հարցում անզոր է ցանկացած ոք£ Չէ՞ որ մեր օլիգարխները նման չեն տոնավաճառների առևտրականներին, ովքեր մե´կ ՀԴՄ¬ների տեղադրման դեմ են բողոքում, մե´կ տեղավարձերի գների թանկացման, հիմա էլ` մաքսատուրքի չհիմնավորված բարձրացման… Անհրաժեշտության դեպքում օլիգարխներն էլ, իհարկե, կարող են համախմբվել, սակայն առանց դրա էլ այս պարագայում հարցերն ինքնաբերաբար լուծվում են. գնաճը միշտ էլ կա ու կլինի£ Եվ որքան էլ անհեթեթ ու անտրամաբանական է` նման իրավիճակում դարձյալ թանկացումները դարձան խոշոր բիզնեսի եկամուտները այսօր կայուն պահելու, հետագայում բազմապատկելու ամենադյուրին եղանակը£