Կյանքի ա´յս դպրոցը


Անհանգստություն, լարվածություն, գուցե և մի փոքր վախ` պայմանավորված անորոշությամբ£ Հարազատներից դեռ չբաժանված` արդեն իսկ ծնված ու օրեցօր սաստկացող կարոտ, անհավատալի արագությամբ սլացող ժամանակ և` մի քանի օրից դու զինվոր ես£ Այսպիսին է յուրաքանչյուր երիտասարդի հոգեվիճակը ծառայության մեկնելուց առաջ£ Անորոշությունն ասես լրացնում են բանակային կյանքի մասին լսած «անհավանական» պատմությունների վրա հիմնված պատկերացումները£ Եվ նորակոչիկը մտնում է զորամաս` բանակի մասին թյուր կամ չափազանցված պատկերացումների մի ամբողջ «պաշարով»£ Ժամանակն անցնում է, ծառայությունը կարծես թե ընթանում է բնական հունով` իր դժվարություններով և դրանք հաղթահարելու զինվորի հաստատակամությամբ£ Նորակոչիկի համար բանակային ամենալուրջ «փորձությունները», թերևս, սկսվում են վաղ առավոտյան արթնանալով, ամենօրյա մարմնամարզությամբ, զինվորական օրակարգին ու կարգապահությանը ենթարկվելով£ Բանակն է հենց այն դպրոցը, որտեղ ճշտապահությունը, զգաստությունը, պատասխանատվության զգացումը, սեփական պարտականությունների գիտակցումն ու դրանք պատվով կատարելու ունակությունը դառնում են բնավորության հաստատուն գծեր£ Եվ պատահական չէ, որ «Բանակը` մինչ զորակոչն ունեցած քո պատկերացումներով և իրականում» հարցի պատասխաններում կա´ն ընդհանրություններ£ Մեր զրուցակիցներն այս անգամ մայրաքաղաքի զորամասերից մեկի զինծառայողներն են£ Ժորա ՇԱՀԻՆՅԱՆ. 19 տ., նվագախմբի ջոկի հրամանատար, սերժանտ - Նախքան զորակոչվելս սպա¬զինվոր փոխհարաբերություններն ավելի բարդ էի պատկերացնում£ Երբ անցա ծառայության, հասկացա, որ դրանք ավելի ընկերական են£ Սպան ամեն ինչ անում է, որ զինվորը լավ տիրապետի ռազմական գործին£ Դրսում սխալ են բանակային կյանքի մասին պատկերացումները£ Բանակը շատ բան է տալիս տղամարդուն£ Ցանկացած պատանի պետք է ծառայի, որ կարողանա ինքնահաստատվել£ Ինքս փոփոխություններ եմ նկատում իմ մեջ£ Այնպիսի որակներ եմ տեսնում, որոնք բացակայում էին նախքան զորակոչվելս£ Այստեղ կոփվում ենք` թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես£ Սովորում ենք դիմանալ և հաղթահարել դժվարությունները£ Արեն ՄԱԼԱՔՅԱՆ. 19 տ., զինծառայող - Նախքան ծառայության անցնելս բանակի մասին պատկերացում եմ կազմել շքերթներից, որոնցից մեծ ոգևորություն էի ապրում£ Նույնիսկ զինվորական համազգեստը, զգաստ ու համաչափ քայլերը խանդավառություն էին առաջացնում£ Գալով բանակ` հասկացա, որ ոչ թե սոսկ արտաքին շուքն են պահպանում, այլև հետևում են կարգապահությանը, ծանոթացնում են ռազմական գործին£ Հասկացա նաև, որ բանակը լուրջ կառույց է£ Չկա մի երիտասարդ, որ բանակում բացասական հատկանիշներ ձեռք բերելով` վերադառնա£ Դա հազվադեպ է լինում` տարբեր խնդիրների հետ կապված£ Մեր բանակը բոլոր պայմանները ստեղծում է, որպեսզի առնականություն ձեռք բերենք£ Պերճ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. 21 տ., զինծառայող - Մինչև ծառայության անցնելս բոլորովին այլ տպավորություններ ունեի բանակի մասին£ Տարբեր մարդկանց պատմածները լսելով` մի փոքր ավելի «դաժան» էի պատկերացնում զինվոր¬սպա հարաբերությունները£ Բայց հիմա համոզվել եմ, որ պատկերացումներս սխալ էին£ Զորացրվելով` որպես գիտակից ու հասուն մարդ` ի՞նչ է պատմելու ու նաև պարտավորեցնելու երիտասարդը` բանակ զորակոչվողներին£ Մեր զրուցակից զինծառայողները վստահեցնում են, որ երիտասարդներին կհորդորեն անպայման ծառայել, քանի որ այն օգնում է ձևավորվել որպես անհատ, կամք է դաստիարակում և դժվարութ յունները հաղթահարելու կորով£ - Քանի որ ես ինքս կյանքի այս դպրոցն արդեն անցած կլինեմ, նորակոչիկներին խորհուրդներ կտամ, կպատմեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ այստեղ£ Տեսել եմ լավը, ստացել եմ այն, ինչ օգուտ է տվել ինձ£ Սրանք միայն խոսքեր չեն,¬ ասում է Արեն Մալաքյանը£ Ցանկացած երիտասարդ թե´ ծառայության ընթացքում, թե´ զորացրվելուց հետո պետք է պատասխանատվություն զգա բանակի մասին հնչեցրած յուրաքանչյուր կարծիքի համար£ Հնարավոր է` չմտածված, անզգույշ խոսքերով նա նոր զորակոչվողի վստահությունն է խաթարում պաշտպանական կառույցի հանդեպ£ Գաղտնիք չէ, որ հենց վստահությունն է բանակի նկատմամբ դրական տրամադրվածության առաջին և գլխավոր նախապայմանը£ Դրանից էլ բխում են հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը և հող հայրենին պաշտպանելու կարևորության բարձր գիտակցումը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ