ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ´


Մայրաքաղաքի ազդագրային պաստառները նորից սկսել են ստվարանալ£ Հետտոնական հանգստից հետո նորից մշակութային օջախները սկսել են դեպի իրենց կանչել արվեստասերներին, տարբեր շոուների սիրահարներին: Բնականաբար, ամենից շատ ազդագրեր ներկայացրել են երևանյան թատրոնները, որոնք փետրվարի 10-ից հետո արդեն առաջարկում են իրենց խաղացանկերը: Նոր բեմադրությունները չափազանց քիչ են, առաջնախաղ է առաջարկում միայն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը` Հ. Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի բեմականացմամբ, որն իրականացրել են ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը և Դավիթ Հակոբյանը£ Ազդագրային բազմազանության մեջ նկատելի դարձավ նաև «Բարեկամություն» պարային վաստակավոր կոլեկտիվի հրավերը, ինչն, անտարակույս, ուրախալի երևույթ է£ Առավել ևս` բացի Էդուարդ Թոփչյանի գլխավորած ֆիլհարմոնիկ նվագախմբից, մեր մյուս կատարողական համույթները գրեթե չեն ներկայանում հանդիսատեսին` որոշակի օտարացում ձևավորելով ազգային երգարվեստն ու պարարվեստը քարոզելու կոչված համույթների և արվեստասերների միջև: Հենց սա էլ լուրջ մտահոգություն է ծնում: Հավանաբար, շատերն են մոտ մեկ տարի փնտրել ու չեն գտել Պարի պետական համույթի ազդագիրը£ Մեկ տարուց ավելի մոռացության է մատնվել նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի համերգները ևս դարձել են բացառիկ: Ինչու՞ են այս համույթների համերգները դարձել «անհասանելի»£ Մի՞թե չքացել են ազգային երգարվեստի ու պարարվեստի սիրահարները: Բնականաբար, չեն չքացել, նրանք կան և շատ էլ ցանկանում են մերձ լինել այն ամենին, ինչը մեզ սերտացնում է ազգայինին, մեր Ոգու իրականությունից բխողին: «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը մի քանի պատճառներ է նշում, որոնք խանգարում են համերգների պարբերականությանը: Պատճառներից գլխավորը աշխատավարձն է. 40 հազար դրամով, բնականաբար, ոչ ոք չի համաձայնի աշխատել, մանավանդ որ պարողի աշխատանքն իսկապես բարդ է, ֆիզիկական մեծ լարում պահանջող: Եվ մինչ պատրաստվում է նոր ծրագիրը` պարողներից շատերը հեռանում են£ Նույն խնդիրներն, իհարկե, հառնում են նաև պարի պետական և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլների առջև£ Սակայն կան նաև այլ պատճառներ, որոնք խանգարում են, խոչընդոտում համերգային ակտիվ գործունեությանը. գովազդի, դահլիճների վարձակալություն, նաև` համերգային հստակ քաղաքականության բացակայություն: Տարված ամենատարբեր շոուների կազմակերպմամբ, մենք, ասես, մոռացության ենք տվել այն հանգամանքը, որ հենց այս համույթներն են այսօր ի զորու` լուծել հայեցի դաստիարակության շատ խնդիրներ, նպաստել ազգագրական, ժողովրդական և կոմպոզիտորական երգերի տարածմանը, դեռ մեզ անհայտ պարերի ու մեղեդիների հայտածմանը: Հենց այդ համերգների շնորհիվ հնարավոր կլինի պայքարել ակադեմիական թատրոնների բեմ թափանցած «ռաբիսի» դեմ, ձևավորելու ժամանակակից ժողովրդական պարի ու երգի բեմադրական ավանդույթները: Այլապես կգա ժամանակ, որ ժողովրդական պարն ու երգը մեզ համար կկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը` տեղը զիջելով թուրքա-արաբական այն մեղեդիներին, որոնք որոշ երգիչներ ջանադրաբար մատուցում են իբրև ազգային…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ