ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ


Վերջին տարիներին ջավախահայությունը յուրատեսակ պատանդի կարգավիճակում է հայտնվել` ռուս-վրացական հարաբերությունների պատճառով: Հայերն այնտեղ միշտ էլ համարվել են ռուսական կողմնորոշման կրողներ, հետևաբար Վրաստանն աշխատել է նրանց պահել պարփակված, զրկված բազմաթիվ քաղաքական իրավունքներից: Այսօր տարածաշրջանում նկատվում է ռուսական ազդեցության նվազում, ինչն էլ երաշխիք է, որ այժմ ջավախահայերի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Ավելին, Վրաստանում այժմ միանգամայն այլ կերպ են գնահատում Հայաստանի դերն ու նշանակությունը, սկսել են բարեկամական քայլեր կատարել, որովհետև ի վերջո հասկացան, որ Վրաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական օղակի մեջ և վերածվել նրա կամքը կատարողի: Ջավախահայությունը, ում թիկունքին կանգնած է Հայաստանը, այն հզոր պատվարն է, որը կարող է խոչընդոտել ցանկացած թուրք-ադրբեջանական հարձակում... Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանը վստահաբար հայտարարում, որ ջավախահայերի համար նոր իրավիճակ է ստեղծվել, որ այլևս վտանգ չի սպառնում նրանց համայնքների գոյությանը: Ավելին, այսօր արդեն հայ-վրացական հարաբերություններում նոր էջ է բացվում, որը կարող է փոխշահավետ լինել… Ջավախահայության հետ ունեցած հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք հուսադրել են Վրաստանի հայաշատ բնակավայրերում ապրողներին, նրանց վստահեցրել, որ իրենց խնդիրները հատկապես վերջին շրջանում հայտնվել են հայաստանյան իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նման համոզումն արդեն կարելի է շրջադարձային համարել, քանի որ շատ երկար ժամանակ Ջավախքը հայտնվել էր մոռացության գոտում, ինչն էլ վրացական իշխանություն ներին առիթ էր տվել այնտեղ իրականացնելու հայաթափման քաղաքականություն, շրջանը զրկել զարգացման հեռանկարներից, սոցիալական կայունությունից: Սակայն նախագահ Սարգսյանի հայտարարությունը մտորելու առիթ է տալիս: Ստացվում է, որ թե´ հայ-վրացական հարաբերություններում, թե´ տարածաշրջանային քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, կայացվել են որոշումներ, որոնք առայժմ մնում են չգաղտնազերծված: Ակնհայտ է, որ մինչև վերջերս վտանգված է եղել համայնքների գոյությունը, որ Ջավախքը կանգնած է եղել մարտահրավերների առջև, որոնք միշտ կամեցել են սքողել: Սերժ Սարգսյանի հայտարարությունն է բերել նման եզրակացության, իսկ նախագահը, հաստատ, մեկ այլ երկրի տարածքում, թեկուզև հայրենակիցների շրջանում, անզգույշ հայտարարություններ չէր անի… Ստացվում է, որ նախագահ Սահակաշվիլիի հետ բանակցութ յուններում քննարկվել են ջավախահայությանը հուզող հարցերը: Ավելին, միջազգային հանրությունն է որոշ երաշխիքներ տվել, հավանաբար` քննարկման նյութ դարձրել նաև Ջավախքի հարցը: Գիտենք, որ Ջավախքը երբեք քննարկումների կենտրոնում չի եղել, որ այս տարածաշրջանը մշտապես ընկալվել է որպես Վրաստանի անքակտ բաղադրիչ` զուրկ էթնիկական և կրոնական խնդիրներից: Կրոնական խնդիրներն, իհարկե, պարփակվել են միայն վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայ եկեղեցիների յուրացման և վրացականացման միտումների մեջ: Սակայն էթնիկական խնդիրները, որոնք սերտակցված են սոցիալական խնդիրներին, միշտ էլ առկա են եղել: Դրանք առավել ցայտունացել են նախագահ Գամսախուրդիայի օրոք, իսկ ահա Սահակաշվիլիի կառավարման շրջանում` նոր ծավալներ և բովանդակություն ձեռք բերել: Վրացական իշխանությունները միշտ էլ հատուկ ծրագրեր են մշակել Ջավախքի թիկունքին` պայմանավորվածություններ ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ` այստեղից հայերին օտարելու մասին: Վիրահայ ընդդիմադիր գործիչները, որոնց կարելի է հայրենասիրական ուժեր կոչել, ժամանակ առ ժամանակ պայքար են սկսել հայկական ինքնության պահպանման, ջավախահայության դեմ ուղղված քայլերը կանխելու համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ