ՀԱ՞ ՈՐ...


Քիչ հավանական է, որ դեղերի շուկայում վաղուց գերիշխող քաոսն առաջիկայում կարգավորվի: Նախքան տվյալ բուժամիջոցի հանրապետություն մուտք գործելը` Առողջապահության նախարարությունը միայն դրա գործածության թույլտվությունն է տալիս: Մինչդեռ մանրածախ վաճառքի գները կարգավորող որևէ կառույց չկա: Դեղատների առատությունն էլ պայմանավորվում է գերշահութաբերությամբ: Նույնիսկ այս բիզնեսով զբաղվողներն են խոստովանում, որ եթե մնացած դեպքերում շահույթը մի քանի տոկոսով է չափվում, ապա դեղերի վաճառքից ստացվող եկամուտը երբեմն մինչև հինգ անգամ գերազանցում է ձեռքբերման գնին: Ինչպես սուպերմարկետներում, այնպես էլ դեղատներում վաղուց գտնվել է աճպարարական այն հնարքը, ինչի միջոցով ապրանքի պիտանելիության ժամկետը հեշտությամբ կեղծվում է: Ասում են, թե անորակ ու հին ապրանքը մարդիկ ստիպված են լինում մի քանի անգամ գնել. թեև ժամկետանց, այսինքն` ազդեցությունը կորցրած դեղը չի կարող ցավ ամոքել` քանի անգամ էլ որ գնես ու վերագնես: Ավելին, վաղուց շրջանառվում ու այդպես էլ չեն հերքվում նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն` վերջին շրջանում բնակչության թունավորման հաճախակի դարձած դեպքերի զգալի մասը հենց բուժանյութերի անորակ լինելու արդյունք է: Չէ, պարոնայք, ձերը բիզնես չէ, այլ` բիզասպանություն: Բուժանյո՞ւթ, թե՞ թունանյութ …