ԻՐԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Մեր տարածաշրջանն աստիճանաբար վերածվում է կրակի վրա դրված կաթսայի, որում «եփվող շիլան» դառնում է անհանգստացնող: Օրեր առաջ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները վկայեցին, որ Ռուսաստանն այստեղ նպատակ ուներ ավտորիտար համակարգ ձևավորել` ամեն կերպ ջանալով նախագահ դարձնել իր թեկնածուին, ով պարտվեց: Սակայն այս պարտությունից հետո Ռուսաստանը հասավ նրան, որ դատարանը չեղյալ համարեց ընտրությունների արդյունքները և նշանակեց նոր ընտրություններ` հաղթած թեկնածուին հնարավորություն չտալով մասնակցել նոր ընտրություններին: Լարվածություն կա նաև Թուրքիայում, որը հայտնվել է ծանր կացության մեջ, քանի որ պաշտոնական Թեհրանը խոստացել է իր դեմ սկսվող ցանկացած հարձակման դեպքում գնդակոծել Թուրքիան: Թեհրանն, առհասարակ, վերջին օրերին չափազանց ակտիվացրել է իր գործունեությունը և սկսել պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ոտնձգություններ են իրականացնում: Այսպես, օրերս ԻԻՀ խորհրդարանը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Մեծ Բրիտանիայի նկատմամբ, քանի որ վերջինս հակաիրանական գործունեություն է ծավալել: Ըստ իրանական աղբյուրների, երբեք Իրանի և Միացյալ Թագավորության հարաբերություններն այսքան լարված չեն եղել, Մեծ Բրիտանիան այսքան մեծ վնասներ չի հասցրել Իրանին: Ընդունելով այս որոշումը, խորհրդարանի անդամները միաժամանակ առաջարկություն են արել պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր այն արևմտյան տերությունների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ վնասում են Իրանի շահերին: Այսպիսով պաշտոնական Թեհրանը կամենում է պատժել իր գործընկերներին և ճգնաժամային վիճակ ստեղծել ողջ արևմտյան տնտեսության մեջ: Իսկ որ Իրանի քայլերը կարող են լուրջ անհանգստություններ պատճառել ու խաթարել առանց այն էլ չկայունացող տնտեսության ընթացքը` աներկբա է: Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների առաջին քայլ է դիտարկվել ԻԻՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի արտաքսումը ու դիվանագիտական հարաբերությունների իջեցումը մինչև ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ սա ընդամենն առաջին քայլն է, իսկ հաջորդ քայլով կդադարեցվեն նավթի մատակարարումներն ինչպես Մեծ Բրիտանիային, այնպես էլ հակաիրանական գործունեություն ծավալող մյուս տերություններին: Այսինքն, ԱՄՆ-ի ու նրա գործընկերների կողմից հնչեցրած սպառնալիքներին` պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, այս երկիրը պատասխանում է համարժեքորեն: Գիտենք, որ Իրանն աշխարհի խոշորագույն նավթահանող երկրներից մեկն է, իսկ նավթի մատակարարման դադարեցումը մի շարք արևմտյան երկրներ` հիմնովին կաթվածահար կանի նրանց տնտեսությունը, սկիզբ կդնի քաոսին և տնտեսական խառնաշփոթին: Իրանում ածխաջրածնային արդյունաբերության մեջ մեծ ներդրումներ են կատարել Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան, որոնք էլ հենց կկանգնեն լուրջ խնդիրների առջև: Եթե Իրանը կատարի իր խոստումներն ու դիմի սահմանափակումների, ապա այս երկրների տնտեսական վիճակը կդառնա անկանխատեսելի: Տևական ժամանակ Իրանի նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ, սակայն դրանցից այս երկիրը չի տուժել, այլ իր արդյունաբերությունն ու տնտեսությունը կազմակերպել է այնպես, որ հնարավորինս քիչ կախվածության մեջ լինի արևմտյան տերություններից` երբեմն մեծացնելով նրանց կախվածությունն իրենից: Եթե Իրանը դադարեցնի նավթի մատակարարումը, ապա համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ աճ կարձանագրվի, մեկ բարելի համար` միջինը 200 դոլարով կթանկանա նավթը: Իհարկե, Իրանն այլընտրանք ունի և կարող է նավթի վաճառքը կազմակերպել Կենտրոնական Ասիայի երկրներին` այսպես նաև հարված հասցնել արևմտյան տնտեսությանը: Մեծ Բրիտանիայի դեմ սկսված իրանական տնտեսական պատերազմն արդեն ծավալվում է, հարձակումներ են գրանցվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա, դեսպանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Նշանակում է` Թեհրանը վճռականորեն է տրամադրված և մտադրություն չունի ընկրկելու իր քայլերից…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ