ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ


Հայրի´կ, իմ սիրելի հայրիկ, շնորհավոր ծնունդդ: Քեզ հղված լավագույն բարեմաղթանքը հոգուդ խաղաղությունն է: Դու ռազմի դաշտ գնացիր ու ետ էլ չնայեցիր: Կարծում ես մոռացե՞լ եմ: Հրաժեշտ չտվեցիր... Ուզեցիր միշտ սպասե՞մ... Գիտե՞ս` ինչ դժվար է սպասումը: Տեսնես ի՞նչ մտածեցիր: Ինձ հիշեցի՞ր: Ես քեզ այնքա˜ն եմ կարոտել: Ես քո կարիքն այնքա˜ն եմ զգում: Քանի որ հայրենիքդ ինձանից թանկ էր, դու նրան ընտրեցիր: Ասում էիր` «Աստված, Ազգ, Հայրենիք»: Իսկ ե՞ս, ես որտե՞ղ տեղավորվեմ: Ասում էիր` մենք միասին կհաղթենք չարերին: Ուղեկցի´ր ինձ, հա´յր, օգնի´ր ինձ իմ կյանքի ճանապարհին: Ես էլ զինվորի մայր կդառնամ, բայց որդուս բանակ ճանապարհելիս կօրհնեմ և անփորձանք ծառայություն կմաղթեմ: Որովհետև վստահ եմ, որ նա անպայման կվերադառնա: Նա իմ հոր, իմ և իր հայրենիքն ապրելով պիտի պաշտպանի: Ես հավատում եմ քեզ: Ես գիտեմ` ամեն ինչ կանենք, որ մեր կյանքի հեքիաթներում է´լ չար մարդիկ չլինեն: Հա´յր, խնդրում եմ, ասա ինձ, ասա, որ ես քեզ համար ավելի թանկ էի, այնքան թանկ, որ նույնիսկ կյանքդ զոհեցիր` ինձ հայրենիք տալու համար: Դուստրդ` Գոհարիկ 03.12.1996թ. Կան անհատներ, ովքեր իրենց ապրած կյանքով առասպել են դառնում: ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը վաղը կդառնար 50 տարեկան... Նա կյանքի` ցավալիորեն կարճ` 28 տարիներն ապրեց ազնիվ, շիտակ և իր անբիծ նկարագրով լուսավոր հետագիծ թողեց: Ժողովուրդը ճանաչեց, սիրեց, հավատաց իր հերոսին ու դասեր առավ նրանից: Նրան ոչ ոք չկարգեց առաջնորդ: Նա այդպիսին էր ի ծնե` հոգով, խառնվածքով: Մովսես Գորգիսյանը դարձավ Անկախության առաջին սերմնացաններից, ազատատենչ հայ ժողովրդի միասնության մարմնացումը և 70-ամյա խորհրդային կարգերի արգելքներից հետո առաջին անգամ հպարտորեն ծածանեց Հայոց Եռագույնը: Նա մի գերդաստանի զավակ էր, որ տեսել էր ջարդ, հալածանք, աքսոր: Պապը` Սամվել Գորգիսյանը (Սամի Չաուշ), անվանի հայդուկապետ էր, Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Ազատատենչ Սամի Չաուշի երազանքը հզոր, անկախ և միացյալ Հայաստանն էր, և այդ վեհ նպատակն իրագործելու առաքելությունը հետագայում պետք է ստանձներ Մովսես թոռը: Մովսեսի ծնողները հանդիպեցին հեռավոր աքսորավայրում` Սիբիրում: 50-ականներին ընտանիքին վերջապես վիճակվեց վերադառնալ Հայաստան, որտեղ և ծնվեց Մովսեսը: Երեք տարեկանում նա զրկվեց հորից: Ուսուցիչները վկայում են, որ նա աչքի էր ընկնում իր ուղղամտությամբ և մշտապես ընդվզում էր անարդարության դեմ: Հրաշալի տիրապետում էր հայոց պատմության յուրաքանչյուր դրվագին: 18 տարեկանում անդամագրվեց Խորհրդային Միությունում գործող միակ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ-ին), որի առաջնահերթ նպատակն էր Հայաստանի անկախ պետականության վերականգնումը: 1987-ին ԱՄԿ-ի 5 նվիրյալներ ստեղծեցին Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), և քաղաքական պայքարը ընդհատակից դուրս բերեցին բացահայտ գործունեության: Մովսեսը հրատարակեց «Հրապարակայնություն», հետագայում` նաև «Հայրենիք» ամսագրերը: Անուրանալի է նրա դերը Արցախյան և ազգային-ազատագրական պայքարում: Հանրահավաքներին նրա ելույթները հնչում էին համոզիչ, ազդեցիկ և գրագետ: Օժտված էր մարդկանց համախմբելու բացառիկ կարողությամբ: Նրա շուրջը հավաքվում և բռունցքվում էին տարբեր գաղափարների տեր մարդիկ: «Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պետք է ազատել շղթաներից»,- ասում էր Մովսեսը և վանելով հոգու կապանքները, հայ մարդու մեջ սերմանում էր ազատության տենչը, մատնանշում, որ անկախությունը պետք է դառնա յուրաքանչյուր մարդու ապրելու կենսաձևը: - Մովսեսի հետ կապված յուրաքանչյուր ակնթարթ մի պատմություն է: Նա կարճ ժամանակում ազատագրվեց մարդկային թուլություններից, և ոգեղեն մղումը նրան ուղղորդեց դեպի անմահության թռիչք: Այդ թռիչքը կայացավ... Ընդամենը 28 տարեկան էր, սակայն հասուն կեցվածք և զորեղ մտածելակերպ ուներ: Նույնիսկ զոհվելուց հետո շատերը չգիտեին նրա տարիքը և զարմանում էին, որ այդքան երիտասարդ էր: Նա ազնվության տիպար էր, և հայ ժողովուրդն այդպիսին ընկալեց նրան. ժողովուրդն իմաստուն է, գիտի` ում հավատալ: Շատերը միացան Արցախյան շարժմանը, սակայն քչերն էին ընկալում անկախության գաղափարը: Նա դարձավ ժողովրդի սիրելին և միաբանության ու համախմբման ջատագովը: - Մենք դեմ չենք ոչ մեկին, մենք կողմ ենք հայ ազգի շահերին,- ասում էր Մովսեսը: Շատ ինքնատիպ ընդդիմախոս էր, ներողամիտ էր նույնիսկ գաղափարական հակառակորդների նկատմամբ: Լսում էր բազմաթիվ կարծիքներ և հաստատում, որ քարոզելու իրավունք ունի միայն նա, ով այդ բարոյականությունը կրում է իր մեջ, ում խոսքն ու գործը ներդաշնակ են,- Մովսեսին ներկայացնում է ընկերը` Հայկ Գևորգյանը: Թվում էր, թե պայքարի այդ թոհուբոհը կարծրացրել էր նրա բնավորությունը, մինչդեռ իրականում, նա փխրուն հոգի ուներ: Երևանի բանտից դստերն ուղղված նամակի տողերում այդ անծայրածիր հոգու ելևէջներն են, և հավատը` բարու ու գեղեցիկի նկատմամբ. «Եվ հեքիաթներում, հիշո՞ւմ ես` չար ու բարի մարդիկ կան: Բարի մարդիկ ուժեղ են, իսկ չար մարդիկ` շատ: Բարիները չարերին ոչինչ չեն անում, որովհետև հավատում են, որ չարերը կհասկանան և բարի կդառնան: Իսկ չարերը միշտ չարություն են անում և իմանալով, որ բարի մարդիկ ուժեղ են, վախենում են ու նրանց բանտ են տանում: Հայրիկն ուզում է, որ բարի մարդիկ չհավատան չարերին և այնպես անեն, որ էլ չար մարդ չմնա մեր կյանքի հեքիաթներում»: Ավաղ, չհասցրեց լիարժեք իրականացնել կյանքի հեքիաթները... 1990-ի հունվարին Երասխավանի բախումները ազդարարեցին հայ-ադրբեջանական պատերազմի սկիզբը: «Անկախության Բանակ» ռազմա-քաղաքական միավորման մարտիկները մեկնեցին Երասխավան: Անմնացորդ նվիրումը և պարտքի գիտակցումը մոռացության տվեց քաղաքական գործչի և մտավորականի իր կոչումը, որպես հայրենյաց պաշտպան` Մովսեսը մեկնեց ի մարտ... Նրա առաջին մարտն էր, ավաղ, դարձավ վերջինը... Ընդհատվեց հերոսի կյանքը: Անհայտի ծալքերում մնացին բյուր երազանքներն ու անկատար իղձերը... Նա դեռ պիտի շարունակեր կերտել իր երազած` վաղվա Հայաստանը: - Մովսեսի կենսագրությունը Ինքնակերտման Դասագիրք է: Այդ դասագրքին պարտավոր ենք տեր կանգնել, սերտել յուրաքանչյուր էջը. դրանցում մեր պատմության լուսավոր դրվագներն են, մեր հաղթանակների ամփոփագիրը: Գնահատելով Մովսեսին` մենք արժևորում և փառաբանում ենք հայի տեսակն ու էությունը: Նրա թողած ժառանգությունը պետք է դառնա մշտառկա պատգամը գալիք սերունդներին: Խոնարհում Հայաստանի պետականության վերականգնման պայքարի սերմնացաններին: Նաև նրանց, ովքեր իրենց նվիրումը հաստատեցին խորհրդային բանտերի և աքսորների տանջարաններում: Խոնարհում բոլոր նրանց, ովքեր իրենց զոհաբերմամբ սրբագործեցին հող Հայրենին և Հերոսացան: Խոնարհում պատերազմից վերադարձած հաղթանակած քաջերին: Խոնարհում.... Այսօր էլ դեռ որպես հրամայական հնչում է Մովսես Գորգիսյանի հռչակագիրը` «Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու», - ասում է հերոսի կինը` Ռուզաննա Գորգիսյանը: Վաղը Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է, և ինչպես միշտ ընկերներն ու հարազատները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հերոսի շիրիմին: Հուսանք, որ ՀՀ ազգային հերոսի կոչման արժևորումը գիտակցող մեր հայրենակիցները կմիանան նրա հիշատակը հավերժացնող հարգանքի երթին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ