Հյուրասրահ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԿՆ Է


Հակոբ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Հալեպում ապրող ամենանշանավոր մեր հայրենակիցներից մեկն է, անվանի արվեստագետ, արձակագիր, գրականության ու արվեստի տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ: Ավարտել է ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան վարժարանը, ապա բարձրագույն կրթություն ստացել Դամասկոսի համալսարանում, հմտացել անգլերեն բանասիրության մեջ: Այժմ դասավանդում է դպրոցում և հանդիսանում է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի ատենապետը: Նկարահան վում է արաբական ֆիլմերում, իսկ թատերախմբում մարմնավորել է հարյուրից ավելի կերպար: Մենք միասին մեկնեցինք Սիրիայի մի շարք պատմական հնավայրեր, եղանք Սեն Սիմոն վանական համալիրում, ապա միասին հրաշալի ճաշ վայելեցինք Բասուտայի մոտակայքում: Շատ լավ զրուցակից է, բանիմաց անձնավորություն, հրաշալի գիտի հայ և օտար գրականությունը, ծանոթ է հայաստանյան գրական և թատերական անցուդարձին: Մի քանի տարի առաջ եկավ Երևան, այստեղ բնակություն հաստատեց դստեր մոտ, ապա նորից վերադարձավ Հալեպ, որովհետև այնտեղ իր կարիքը շատ էին զգում: Սիրում է Հալեպը, ավելի ճիշտ` Հալեպը նրա համար գոյություն ունի որպես իր ծննդավայր, մի քաղաք, որը հայության նոր ու կարևոր հանգրվանն է դարձել: - Հալեպը մեր հնագույն գաղութներից մեկն է, կարելի է ասել` մայր գաղութն է, որովհետև Ցեղասպանությունից անմիջապես հետո այստեղ եկան մեր հայրերը, բնավորվեցին ու ստեղծեցին հայ Հալեպը, որը տարբերվում է աշխարհի բոլոր հայկական գաղթավայրերից: Ինչպես բնորոշ է հային, նրա էությանը` գաղթից անմիջապես հետո այստեղ բնակություն հաստատած հայերը սկսեցին իրենց դպրոցներն ու եկեղեցիները հիմնել: Էլ ի՞նչ հայ, որ իր կեցության կռվանները չստեղծեր: Հայերին տեղավորել էին մի մեծ այգում, որը հիմա էլ կա… Դա մեր ուրախության ու ցավի այգին է: Երբ անցնում եմ նրա կողքով` հիշում եմ ծնողներիս պատմած դառնաշունչ պատմությունները… Այստեղ ամեն առավոտ հավաքում էին մահացածներին… Այստեղ երբեմն հարձակումներ էին գործում անպաշտպան հայ աղջիկների ու որբերի վրա… Բայց Հալեպը կարողացավ տեր կանգնել իր դուռը եկած հայերին, աջակցել նրանց… Երբ Սեն Սիմոն էինք գնում` ճանապարհին մի տարեց քուրդ կանգնեցրեց Հակոբ Միքայելյանի վարած մեքենան և խնդրեց իրեն հասցնել մոտակա գյուղը: Հալեպի շուրջբոլոր տարածված գյուղերում քրդեր են ապրում, նրանց մեծ մասը զբաղվում է ձիթապտղի աճեցմամբ: Նստելով մեքենան և անմիջապես մեր խոսակցությունից կռահելով, որ հայեր ենք, դիմեց Հակոբ Միքայելյանին. - Քեռի, մենք դավաճանեցինք ձեզ: Մենք լսեցինք թուրքերին և ելանք ձեր դեմ: Քրդերը հայերին քեռի են կոչում` այդպես կամենալով, հավանաբար, քավել այն մեղքերը, որոնք գործել են հայերի հանդեպ… - Այստեղ` Հալեպում, հիմա արդեն ունենք տասնյակից ավելի դպրոցներ, եկեղեցիներ, միություններ, մշակութային կենտրոններ: Ուրախալին այն է, որ նրանք բոլորը գործում են պետական թույլտվությամբ, ստանում են պետական աջակցություն: Հայերի հանդեպ միշտ էլ առանձնակի վերաբերմունք է տածել սիրիական կառավարությունը: Մենք այստեղ ապրող միակ ազգային փոքրամասնությունն ենք, որ ունենք շատ մեծ արտոնություններ: Հալեպում մեր ազգային միությունների թիվն անցնում է տասնհինգից. դրանցից յուրաքանչյուրն իր գործունեությունն է ծավալում, իր խնդիրներն իրականացնում: Հենց այս միությունների միջոցով էլ ձևավորվում է հայկական մթնոլորտը: Ես խնդրում եմ Հակոբ Միքայելյանին` պատմել «Պետրոս Ադամյան» թատերախմբի մասին, որի հոգսերով և ուրախություններով է ապրում ինքը: Մեր բոլոր հանդիպումների ժամանակ նա խոսում է բացառապես թատերախմբի մասին` մոռացության մատնելով իր գրականությունը, իր աշակերտներին, ովքեր ամեն օր սպասում են իրեն: Նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում, ղեկավարում է առարկայական հանձնաժողովը, դպրոցում ստեղծել է թատերախումբ, սակայն գլխավոր ուշադրությունը սևեռված է «Պետրոս Ադամյան» թատերախմբին: - Հեշտ չէ մեր գործը: Դժվար է ապահովել թատերախմբի կայուն գործունեությունը: Բոլոր դերասանները այստեղ են գալիս աշխատանքից հետո, երեկոյան ժամը 9-ին մոտ: Ամեն օր հնարավոր չէ հավաքվել, փորձեր անել, սակայն բոլորին պահում է մեծ սերը: Թատերախումբն ունի իր կորիզը, սակայն գալիս են նաև նորերը, հատկապես երիտասարդներ և պատանիներ: Տարեկան երկու-երեք նոր բեմադրություն ենք անում, ուշադրություն ենք դարձնում երեխաներին, մեկ անգամ էլ տարվա մեջ կորպորատիվ երեկո ենք կազմակերպում… Այս տարի մեր կատարած ծախսերը դեռ չենք կարողացել հատուցել, սակայն կարևորն այն է, որ թատրոնը ապրեցնում է մարդկանց, նպաստում լեզվապահպանմանը: Հայաստանցի բեմադրիչների հետ ենք համագործակցում, մեզ մոտ բեմադրություններ են իրականացրել Սամսոն Ստեփանյանը, Արտաշես Հովհաննիսյանը, իսկ վերջին 18 տարիների մեր պատմությունը կապակցվում է Նիկոլայ Ծատուրյանի հետ, ով ամեն տարի գալիս և բեմադրություններ է իրականացնում մեզ մոտ: Մենք մեր տեղացի բեմադրիչներն էլ ունենք` Գրիգոր Քելեշյան և Հակոբ Ճիննոզյան: Բեյրութից մեզ մոտ բեմադրություններ են արել Վաչե և Լանա Ատրունիները, Ջիջի Մանվելը: Ի դեպ, նրանք բոլորը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ են: Իր գոյության հիսուն տարիների ընթացքում մեր թատերախումբը 83 բեմադրություն է ունեցել, իսկ սա նշանակում է, որ գործում ենք կանոնավոր կերպով: Ուրախանում եմ, որ մեր հանդիսատեսներն են դառնում հատկապես երիտասարդները… Սեն Սիմոնում Հակոբ Միքայելյանը հմուտ էքսկուրսավարի նման ինձ պատմում է այս հնամենի տաճարի մասին, ցույց տալիս նրա ճարտարապետական առանձնահատկություն ները: Տաճարը խաչաձև է, սակայն խորանը փոքր-ինչ թեքված է` կարծես խախտելով ճարտարապետական համաչափությունը: Հակոբ Միքայելյանը դրա բացատրությունն էլ ունի. Քրիստոսին երբ խաչ բարձրացրեցին` նրա գլուխը փոքր-ինչ թեքված էր: Ահա այս խորանը խորհրդանշում է Քրիստոսի թեքված գլուխը: Պատմում է նաև Սեն Սիմոնի մասին, ով ծնունդով Սիս քաղաքից էր: Ըստ Հակոբ Միքայելյանի, չի բացառվում, որ հայ եղած լինի… Նա առաջիններից մեկն է, ով զարկ է տվել սյունանստակյացությանը, ութ տարի ապրել տաճարի կենտրոնում գտնված սյան վրա… Ճիշտ և ճիշտ սինյոր Մարտիրոսի նման, երկար ժամանակ սյան վրա ապրելուց հետո` մի օր որոշեց շրջել աշխարհով մեկ, լինել Կոլումբոսի նավում ու նրա հետ հայտնագործել Ամերիկան… Հակոբ Միքայելյանը ինձ պատմում է նաև Հալեպի բերդի մասին, հիշատակում, որ այստեղ եղել է նաև Տիգրան Մեծը: Մենք նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի ենք գնում: Հակոբ Միքայելյանը ցավով է նշում, որ ժամանակին եկեղեցապատկան դպրոց է եղել, սակայն հիմա այն այլևս չկա: Մարդիկ հեռացել են Հալեպից` այսպես նաև աջակցելով այն բանին, որ պակասի թիվը հայկական դպրոցների: - Հալեպից էլ մեծ թիվ են կազմում հեռացողները: Գլխավորապես բնակություն են հաստատում Մերձավոր Արևելքի այլ երկրներում և Միացյալ Նահանգներում: Ցավ է, երբ հեռանում են… Հիմա մոտ 35 հազար հայ կա Հալեպում: Ուրախանում եմ, երբ շատերը Հայաստան են գնում, հայրենիք: Բոլոր հայերի հայրենիքը մեկն է` Հայաստանը: Այդ պատճառով էլ մի օր պիտի բոլոր հայերն այնտեղ հավաքվեն: Հակոբ Միքայելյանի միջոցով կարելի է ծանոթանալ համայնքին, ճանաչել համայնքը, որովհետև նա հալեպյան հայազանգվածի ինքնատիպ խորհրդանիշերից է դարձել, մեկը, ով իր կյանքի յոթանասուն տարիները տվել է այս քաղաքին: - Աղջիկս Միացյալ Նահանգներում է ապրում: Ամառները երբեմն հյուրընկալվում եմ նրան: Միշտ առաջարկում է առմիշտ տեղափոխվել իր մոտ… Սակայն ես չեմ կարող թողնել Հալեպն ու գնալ: Սա իմ քաղաքն է, իմ ծնողների քաղաքը: Գաղթելով Զեյթունից` հայրս կարծում էր, թե շուտով պիտի վերադառնար, այդ պատճառով էլ նա հիմնավորապես չէր ուզում ամրապնդվել այստեղ, չէր ուզում կալվածքներ ձեռք բերել: Հայի միամիտ հավատով սպասում էր այն օրվան, երբ նորից Զեյթունը մերն էր լինելու: Ապրեց` այդ սպասման ու հավատի մեջ: Ես էլ ներքին մի համոզմունք ունեմ, որ արդարությունը հաղթելու է, որ մի օր, ինչպես մեզ ճանապարհին հանդիպած քուրդը, թուրքերն էլ են ներողություն խնդրելու, ասելու, որ մեզ դավաճանել են…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ