ԳՅՈՒՄՐԵՑԻ ՎԱՐՊԵՏԸ


Մուշուբան պղնձից պատրաստված բաժակ է, որը կլկլան է դարձրել Վարպետ Էդիկի հայրը` Սուրեն Ժամկոչյանը: Բաժակի ներսում այնպես է հարմարեցված, որ երբ ջուր է լցվում, օդը մեջն է մնում, և խմելիս պղպջակներ են առաջանում` լսելի դարձնելով կլկլոցի ձայն: Մուշուրբան դարձել է Գյումրիի խորհրդանիշերից մեկը. արդեն մի քանի տարի շարունակ քաղաքում անցկացվում է «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկեջրած մուշուրբաներ են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ընկերություններին, մարդկանց: Ի դեպ, բոլոր մուշուրբաների վրա կարելի է տեսնել Վարպետ Էդիկի «ֆիրմային նշանը»` «ԺԷՍ» (Ժամկոչյան Էդիկ Սուրենի): Գյումրեցի միակ մուշուրբիստ (մուշուրբայագործ) 66-ամյա Էդուարդ Ժամակոչյանը, սկզբում բարևում է մտերմաբար, առաջարկում նստել ու ինքն էլ տեղավորվելով մի փոքրիկ աթոռի` ձեռքի արագ շարժումով տարուբերում է արդեն պատրաստ մուշուրբան (կլկլան բաժակ) ու խոսում. - էս մուշուրբեն Էրևան պտի տանին` բժշկի համար է, նվեր է…,-շտապում է բացատրել վարպետը,- չեմ կրնա, դու սկսե խոսա, ես հմի կմիանամ… Վարպետն արդեն երեսունվեց տարի է, ինչ զբաղվում է հորից` տոհմիկ գյումրեցի Սուրեն Ժամակոչյանից ժառանգած մուշուրբա պատրաստելու իր արհեստով: Մուշուրբայի պատվիրատուները ներսի հայերն են, իսկ նվերների հասցեատերերն` հիմնականում արտասահմանյան հյուրերը: -էս ձեռքի աշխատանք է ու քրտինք է թափած սոր համար,- մատնանշում է սեղանին լցված արույրի կտորներն ու գնահատում իր արհեստը: Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, արույրից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդուարդ Ժամակոչյանին: Քանի որ մուշուրբայի պատրաստման հումքը տարբեր է, տարբեր են նաև դրանց գները: Ու գրեթե միշտ արծաթե մուշուրբայի սեփականատերերը դառնում են մեծահարուստ ու տարբեր երկրներից ժամանած մարդիկ: Պղինձն Հայաստանում թանկ է, իսկ Գյումրիում, վարպետի բացատրմամբ` ավելի թանկ: - Կամպյուտրով մեկ էլ կնայեն, թե Անգլիա ինչ գին ունի էդ պղինձը, օր ստեղ էլ էդ գնով ծախեն… Իսկ մուշուրբայի հումքը դժվար ճարվող է ու հաճախ բերվում է Երևանից` «10 կիլո, 5 կիլո, 3 կիլո»: - Էս էլ, խո հոգեվարքի մեջ է, մատերիալ չկա,-խոսում է իր արհեստի մասին վարպետը: Երեկվա ու այսօրվա Գյումրին փոխվել է, ու դա ակնառու է: Արհեստն ու արվեստն աստիճանաբար հեռանում են Գյումրիից ու միակ մուշուրբիստի գործն այսօր ոչ թե շարունակում է կրտսեր` 29-ամյա որդին` Վահանը (ինչպես շատերն էին կարծում Գյումրիում), այլ պարզապես «օգնում է»… - Դոմիկ չէղնի ու գործ էղնի,-հոգու խորքից նվիրական ցանկություն է հնչեցնում ու ինչ-որ հիշողություններով տարված շարունակում է ձեռքի գործը,- ան, տղես, 15-16 տարի ստեղ չէ,-նշում է վարպետ Էդուարդը: Դոնի Ռոստովը հեռու է, հեռու են նաև որդին, հարսն ու թոռները, ու նրանց կարոտը կանչում է: Կամաց ձայնով խոսում է նրանցից, հանում է ակնոցն ու փակում աչքերը, հազիվ լսում եմ. - Կներես… Դեպի սենյակի պատը կանգնած` վարպետը երկար ժամանակ սրբում է արցունքներն ու կրկնում. - Չեմ կրնա էլի, էրթալուց էրկու տարի հեռախոսին չեմ մոտիկցել… Հանկարծ ներս է մտնում կինը` տիկին Անահիտն ու ավելացնում. - Վերջերս մե 21 օրով էկան ընտանիքով, բայց էնքան շուտ թռան էդ օրերը… Ռոստովում ապրել ու մնալ չի կարողացել վարպետը, ու հարազատ քաղաքը դարձել է է´լ ավելի թանկ: - Սիրտս ուռավ, հենց օր քաղաք մտանք, մերն ուրիշ է, ընդեղ, չիդեմ, ասֆալտի հոտ գուքա,-պատմելով Ռոստովում եղած օրերի մասին` անկեղծանում է մեր հերոսն ու շարունակում.- Էրևան էլ իրեք օր մնալուց հետո չորրորդ օրը կպոկվիմ… Ռոմանտիկ հանդիպումներ, նվերներ, խոստումներ. այսպիսին է եղել վարպետ Էդուարդի ու տիկին Անահիտի նախաամուսնական կյանքը: Ապագա կնոջից ստացած թունդ վարդագույն ճարմանդներն անգին են եղել վարպետի համար: Ջահել ժամանակ հագել է կարմիր շապիկ ու կրել Անահիտի նվիրած ճարմանդները: Ընտանեկան ջերմ հարաբերություններում ծնվել ու մեծացել են նրա երեք զավակները` Սաթիկը, Սուրենը, Վահանը: Մեծին հարգել, լինել սիրված ու աշխատասեր: Ընտանիքում կինը համեստ ու հնազանդ է եղել, իսկ տղամարդը` չափ ու կշռի մեջ` ինչպես գերադասում են գյումրեցիները: - Տղամարդը իրա խոսքը պտի ունենա, բայց պտի հարգի ընտանիքի մյուս անդամների կարծիքը: Այ` թոռս հմիկվանից կարծիք ունի, պտի չհարգե՞նք իրա խոսքը,- ասում է ու տխուր ժպտալով մատնանշում տան փոքրիկին` 1 տարեկան 9 ամսեկան Վահեին: Կից սենյակից դանդաղ քայլերով մեզ է մոտենում Վահեն: Շիկահեր մանկան ներկայությունը մեծապես ոգևորում է պապին: Ու վարպետ Էդուարդը խոստովանում է իր միակ երազանքը. - Թոռանս հարսանիքը տեսնիմ…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ