Նա «իրե°նց» շանորդին է...


Ադրբեջանական «Ազադլիգ» գործակալության հաղորդման համաձայն, օրերս Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Ստոկհոլմում Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դեմ բողոքի ցույց են անցկացրել: Նրանք այդ ցույցի նախօրեին տարածել են մի հայտարարություն, որտեղ ասված է. «Արդեն 6 տարի է, ինչ Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիևի խայտառակ իշխանությունը: Ալիևի և նրա կլանի կամայականությունները, կեղծավորությունն ու գողությունները ավելի են ուժգնանում: Չափ ու սահմանն անցած ոստիկանների կամայականության, կաշառակերության և բնակչության չքավորության պատճառով երկրի 9 միլիոն քաղաքացիների կեսը լքել է Ադրբեջանը»: Հայտարարության հեղինակները մատնանշել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների, անկախ լրատվամիջոցները փակելու, «Ամերիկայի ձայն»¬ի և «ԲԻԲԻՍԻ»-ի ադրբեջաներեն հաղորդումների հեռարձակումներն այդ երկրում կասեցնելու, լրագրողների սպանությունների, այլախոհներին ապօրինի ձերբակալելու, կալանքի տակ պահելու, կտտանքների ենթարկելու և այլ կերպ հալածելու բազմաթիվ օրինակներ: Նրանք կոչ են արել համաշխարհային հասարակայնությանը, միջազգային կազմակերպություններին, Արևմտյան պետություններին` օստրակիզմի հատուկ վերաբերմունք դրսևորել Ալիևյան վարչակազմի նկատմամբ` ընդհուպ մինչև Եվրոպայի դռները փակելով Իլհամ Ալիևի և նրա մանկլավիկների առաջ, թույլ չտալով Ադրբեջանի պաշտոնատարների այցելություններ եվրոպական երկրներ, Արևմտյան բանկերում կալանքի տակ դնել ադրբեջանական վարչակազմի ներկայացուցիչների հաշվեհամարները, որոնցում, անկասկած, պահվում են Ադրբեջանի ժողովրդից հափշտակված միլիարդավոր դոլարները: Ինչ խոսք, այս բոլոր մեղադրանքներն անվերապահորեն ճշմարիտ են: Սակայն ինչքան էլ բողոքի ցույցը ազդու լինի, իսկ ալիևյան վարչակազմի կողմից ժողովրդից կողոպտված գումարները վերադարձնելու պահանջը` արդարացի, միևնույն է, Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին դառը հիասթափություն է սպասվում: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի փորձագետների հաշվումներով` ՀՀՇ-ական իշխանության տարիներին հայ ժողովրդից կողոպտվել և արտասահմանյան բանկերի հաշվեհամարներում պարտակվել է ոչ պակաս 120 միլիարդ ամերիկյան դոլար: Արևմտյան «դեմոկրատիաները», քողարկվելով «բանկային ավանդների գաղտնիության» միջազգային օրենքներով, երբեք ոչ մեկին տեղեկատվություն չեն տրամադրի, թե Ադրբեջանի ո՞ր չինովնիկը Արևմուտքի ո՞ր բանկում ի՞նչ գումար է պահում: Չէ՞ որ այդ ավանդների շրջանառությունից Արևմուտքի բանկիրները օգուտներ են ստանում, իսկ դրանց սառեցմանը, անկասկած, կհետևի այդ գումարներն Ադրբեջանի կենտրոնական բանկ փոխանցելու պահանջը` դրանք անվերապահորեն պետականացնելու հեռանկարով, որից նույն այդ բանկիրները որևէ շահ ակնկալել ուղղակի չեն կարող: Արևմուտքում ու՞մ համար է գաղտնի, թե Ալիև կրտսերն իրականում ի՞նչ «պտուղ» է: Արևմուտքի աչքի առաջ են տեղի ունեցել ոչ միայն հայր ու որդի Ալիևների օրոք կատարված բոլոր շահատակությունները, այլև ամենախայտառակ ընտրակեղծիքները, ժողովրդավարության նորմերի այլ ամենաբազմազան ոտնահարումները: Արևմուտքն ընդամենը կեսբերան «մտահոգություն» հայտնեց, երբ ժողովրդական հանրաքվեի ֆարսի միջոցով փոխվեց Ադրբեջանի սահմանադրությունը, ինչը Ալիև կրտսերի համար ապահովեց ցմահ երկրի նախագահը մնալու հնարավորություն: Եթե երկիրը փաստացի սուլթանաթի վերածելուց հետո Հեյդար օղլիի առաջ Եվրոպայի դռները չփակվեցին, ապա հազիվ թե հիմա, Շվեդիայի ադրբեջանական համայնքի հակաալիևյան ցույցից հետո, նման պահանջ իրականանա£ Որովհետև Եվրոպան ուղղակի «թքած ունի», թե ժողովրդավարությունն ի՞նչ մակարդակի վրա է Ադրբեջանում: Եվրոպային հետաքրքրում է ադրբեջանական նավթն իր շուկաներում տեսնելու հեռանկարը, ոչ թե ադրբեջանական ժողովրդի իրական վիճակը: Իսկ Ալիև կրտսերը, ինչ-ինչ, վաղուց է ապացուցել, որ ինքը հավատարմորեն ծառայում է աշխարհում, այդ թվում նաև Եվրոպայում քաղաքական եղանակ ստեղծողների շահերին: Այնպես որ` Ալիևն, իհարկե, «շան որդի» է, բայց նա, ինչպես ամերիկյան նախկին նախագահներից մեկն է լատինաամերիկյան մի դիկտատորի մասին ասել` «իրե°նց» շանորդին է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ