ՉԻ ԽԱՄՐՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Միջազգային հայ-կոզակական բարեկամության և համագործակցության միավորման նախագահ, գլխավոր ատաման, ինչպես նաև 2005-ից «Խաղաղարար բանակ» միջազգային ռազմահայ րենասիրական կազմակերպության` Հայաստանում Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար Կարապետ ԶԱԴՈՅԱՆԸ ծնվել է Ախալցխա քաղաքում 1949-ին: Ավարտել ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը: Սովետական բանակում ծառայության ժամանակ ստանալով սպայական կոչում` տեղափոխվել է պայմանագրային ծառայության որտեղից զորացրվել է կապիտանի կոչումով: Ապա աշխատանքի է անցել Կենցաղսպասարկման նախարարության շինարարական վարչությունում, աշխատել է նաև ռադիո-հեռուստատեսությունում` որպես խմբագիր: 1990 թվականին «Ղարաբաղ կոմիտեի» ստեղծումից անմիջապես հետո ընդգրկվել է կոմիտեի աշխատանքներին: Իր ղեկավարած «Աշոտ Երկաթ» ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Երասխի կռիվներին, Լաչինի միջանցքի բացմանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի անմիջական համաձայնությամբ ծառայության է անցել ՀՀ ՊՆ համակարգում և ղեկավարել է վառելիքաքսուկային նյութերի ապահովման գծով ծառայության բնագավառի բարդ աշխատանքները: Իր վրա դրված պարտականությունները մեծ պատասխանատվությամբ ու հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով է կատարել` բազմիցս վտանգի ենթարկելով ինչպես իր, այնպես էլ անձնակազմի անվտանգությունը: Պատերազմական դժվարին տարիներին, զինվորագրվելով կամավորական ջոկատին, շրջափակման սարսափի ներքո կարողացել է ժամանակին ռազմաճակատ հասցնել վառելիքով, ռազմամթերքով` անդադար մտածել-մտահոգվելով` որտեղից ձեռք բերել այդ ամենը, ժամանակին ճիշտ ելքեր գտել: Ռազմաճակատ հասնելու համար նրանց բեռնված ավտոշարասյունը դժվարին ու վտանգավոր ճանապարհներ պիտի հաղթահարեր, թշնամու կրակահերթերը պիտի ճեղքեր, իսկ այնտեղ անհամբեր սպասում էին զինյալ-տղաները: Նրա ջոկատի տղաներից շատերը զոհվեցին այդ գործողությունների ժամանակ: Իր ծառայական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու, սպային հատուկ վարքագիծ դրսևորելու, հայրենիքի նկատմամբ խոր նվիրվածություն ցուցաբերելու համար 94-ին Պաշտպանության նախարարի առաջարկով Կ. Զադոյանը գործուղվել է Հյուսիսային Կովկաս` որպես զինվորական ներկայացուցիչ` զինծառայությունից խուսափող անձանց հայտնաբերելու և տեղում կոզակների հետ անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար, որպեսզի ձեռք բերվի կոզակների անհրաժեշտ օժանդակությունը` ինչպես հնարավոր պատերազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ պայմաններում ՀՀ հետ համագործակցելու համար: Հյուսիսային Կովկասում մայոր Զադոյանը, այժմյան հայ-կոզակական միավորման գլխավոր շտաբի պետ Նվեր Թորոսյանի անմիջական ու ակտիվ օժանդակությամբ, հաջողությամբ իրականացնելով առաջադրանքը` ստեղծելով բավարար փոխհարաբերություններ տեղի կոզակության հետ` ներգրավվելով նրանց շարքերում, հաստատվել է ՌԴ միջազգային կոզակական զորքերի մայորի կոչումով, այնուհետև ստացել փոխգնդապետի, գնդապետի, իսկ 95-ից գեներալ-մայորի կոչում: Առաջադրանքները գերազանց կատարելուց հետո նա պետք է որ վերադառնար Հայաստան, բայց Մոսկվայի միջազգային գիտությունների ակադեմիայի կողմից հրավիրվել է Մոսկվա և նշանակվել ակադեմիայի ազգային անվտանգության խնդիրների հարցով միջազգային կոզակական միավորման նախագահ, որտեղ և ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: 98-ին զորացրվելով Հայոց բանակից` նվիրվել է հայ-կոզակական շարժմանը: 2009-ին լրացավ Հայաստանում միավորման հիմնադիրման տասը տարին: Գեներալ-լեյտենանտ Զադոյանի և հայ-կոզակական շարժման մշտական գաղափարակիցներ ու համախոհներ, այսօրվա գեներալներ Թորոսյանի, Մաքսապետյանի, Չախոյանի և Փիրումյանի ներդրած ջանքի ու համառ աշխատանքի արդյունքում դարձել է մեծ միավորում, որի հետ համագործակցեցին ու միավորվեցին Հայաստանում 2006 և 2007 թ.թ. գործող կոզակական միավորումներ` նպատակ ունենալով հայ կոզակությունն իր բարքերով հանդերձ դարձնել որպես տոհմական երևույթ: - Ո՞րն էր մեր նպատակը… Այսօր միլիոնավոր հայեր ապրում են հայրենիքից դուրս: Նախկինում ազգամիջյան բախումներ շատ էին լինում, իսկ այսօր մեր համատեղ աշխատանքների շնորհիվ իրավիճակը բավականին մեղմացել է: Պետք է ապահովել դրսում ապրող հայության անվտանգությունը: Հիմա կոզակները մեզ իրենց բարեկամն են համարում: Հիրավի, բարեկամական կապի ամրապնդումը դրական լուրջ տեղաշարժի խթան կդառնա: Կազմակերպում ենք համատեղ մի շարք միջոցառումներ: Իմանալով մեր պատմությունը` նրանք զարմացել էին, որ հայերը եղել են կոզակական շարքերում, կռվել նրանց հետ: Մեր բարեկամական կապը խոր արմատներ ունի. 1732-ին` ռուս-կոզակական շարժման ժամանակ, նրանց շարքերում եղել է 307 հայ: ԵՎ հիմա տեղին է հիշել Լորիս-Մելիքովի մասին, ով տասը տարի եղել է Ստավրոպոլի մարզի կոզակների ատաման: Հայ-կոզակական միավորումը նրա անունն է կրում: Որոշել ենք նրա աճյունը տեղափոխել Հայաստան, դնել կիսանդրին: Հայ երիտասարդը քաջատեղյակ պիտի լինի իր պատմությանը: Մի բան հստակ է` պատմական արդարությունը պետք է հիշել-պահպանել: Հայ-կոզակական միավորումը ջանք-ներդրում ունի սփյուռքի հայության անվտանգության ապահովման հարցում: Այսօր նաև սահմանների հարցի կարգավորման, մի շարք խնդիրների լուծման լուրջ հեռանկար ունենք: Աստված մի արասցե, եթե նորից խնդիրներ լինեն, մենք պատրաստ ենք բռունցքվել: Նրանք, ովքեր կռվել-զոհվել են Արցախյան կռվում, գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առաջ: Գյումրիում զոհված ռուս սպաների հիշատակին նոյեմբերին հուշարձան է դրվելու: Կուբանում կոզակների օրվա առթիվ մեծ միջոցառում է լինելու, հրավիրվել ենք: Մեր մասնաճյուղերը հանրապետության ¥և հանրապետությունից դուրս¤ մի շարք մարզերում գործում են: Մենք կոզակների պատմության, ավանդույթների կրողն ու շարունակողն ենք` հայկական ոգով ու շնչով: Ռուս կոզակները բազմիցս նշել են, որ մեզանից սովորելու շատ բան ունեն: Մինչև այսօր իրականացրել ենք շատ ու շատ ծրագրեր: Ծրագրերի շրջանակներում աջակցում-համագործակցում ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների, սոցիալապես անապահով մարդկանց հետ: Ի վերջո պետք է ամրագրվի այն ճշմարտությունը, որ պետք է ուշադիր ու հոգատար լինել բոլորի հանդեպ: Մեր գործունեությունում կարևորում ենք ծրագրերի լիարժեք իրականացումը, որը պետք է լինի հասցեական ու նպատակային: Ցավոք, այսօր մենք էլ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ: Կասեցրել ենք մի շարք ծրագրերի գործընթացը, որպեսզի կարողանանք կարգավորել մեր խնդիրները: Փաստենք, որ Հայաստանում հայ-կոզակական միավորումը միակը չէ, թերևս հիմնադիրը եղել է պարոն Զադոյանը, բայց հայ-կոզակական միավորման կադրերի և անվտանգության գծով տեղակալ, գեներալ-մայոր Արթուր ՄԱՔՍԱՊԵՏՅԱՆԸ հավելեց. - Հայաստանում ունենք մի քանի հայ-կոզակական կազմակերպություններ: Մեր իրականության մեջ ընդունված է պառակտումը, հոգնել ենք դրանից: Շնորհիվ Կարապետ Զադոյանի` ստեղծել ենք ատամանների խորհուրդ, որտեղ նախապես քննարկվում-վերլուծվում են բոլոր հարցերը` տարաձայնություններից ու տարանջատումներից խուսափելու համար: Խորհրդի ստեղծումը կարևոր էր: Այսօր հասել ենք մեծ արդյունքների, սա ազգանպաստ գործ է: Անշուշտ, զերծ չենք դժվարություններից: Նպատակային գործունեության համար համատեղ ենք քայլում: 2000 թվականից հետո Հայաստանում սկսեցին գործել կոզակական միավորման մասնաճյուղեր, որի անդամները Արցախյան կռվի մասնակիցներ են: Նրանք բոլորն էլ համախմբվել են մի գաղափարի շուրջ` ծավալել հայանպաստ գործունեություն: Այս առումով իր խոսքն ասաց հայ-ռուս-կոզակական միավորման ղեկավար, գեներալ-մայոր, հայկական բանակի պահեստի գնդապետ Մայիս ՄԻՐԶՈՅԱՆԸ: Նա 89-ից Արցախյան շարժման մասնակից է եղել, բանակաշինության գործում լուրջ ներդրում է ունեցել: - 2007-ին ստեղծվեց հայ-ռուս-կոզակական միավորման մասնաճյուղը Հայաստանում, որտեղ հիմնականում ընդգրկվեցին Արցախյան կռվի մասնակից-տղաներ: Ստեղծելով ատամանների խորհուրդը` համատեղ ծրագրեր ենք իրականացնում: Չ՞է որ մենք նույն գործն ենք կատարում, հետևաբար ի՞նչը կարող է մեզ խանգարել: Միասնական լինելով` ավելի ուժեղ ենք դառնում: Մարտադաշտում մեզ հետ եղել են կոզակներ, նրանց նվիրվածությունը հիացնող էր: Նրանք մեզ օգնության հասան, երբ սպառվում էր ռազմամթերքը, սննդամթերքը: 14 զոհ տվեցին. ռուս-կոզակները մեզ շատ օգնեցին: Գնալով ավելի է ամրապնվում մեր բարեկամական կապը, իսկ մեր գործունեությունը հայանպաստ է: Խաղաղ պայմաններում մեկ անգամ չէ, որ հայ կոզակների միջամտությամբ լուծվել է սահմաններից դուրս ապրող հայերի և տեղի բնակիչների միջև ծագած ազգամիջյան բախումները: Տեղի կոզակների միջոցով ամրագրվել է կառուցողական փոխհարաբերություններ: - Ծանոթանալով մեր գործունեությանը, կարծում եմ, համոզվեցիք, որ հայ-կոզակական միավորումը խոր հիմքեր ունի մեր իրականութան մեջ` որդեգրելով արդար, ազգասեր գործելաոճ,- ավելացրեց գեներալ-լեյտենանտ Կ. Զադոյանը: Ասում են` ճշմարտությունը բարձրաձայնելու կարիք չունի: Սակայն իրատեսական չէ անառողջ մթնոլորտում համեստորեն սպասումը: Երբ խոսում է կենսագրությունը, լռում է ժամանակը: Բայց հենց ժամանակը համառ վկան է կենսասեր անհատների նվիրված գործունեության:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ