Արխիվները մատչելի են բոլորին:


Գերմանիայում սովետական ռազմագերիների տվյալների` աշխարհում ամենախոշոր բազան, օնլայն համակարգում արդեն մատչելի է` գերմաներեն ու ռուսերեն լեզուներով` տեղեկացրել է ԺՀԸ-ն: Ինտերնետ-արխիվը պարունակում է տվյալներ Համաշխարհային պատերազմի շուրջ 700 հազար ռազմագերիների մասին, որոնց մեծ մասը զոհվել են հենց Գերմանիայում` գերության մեջ: Ռազմագերիների անուն-ազգանունները, նրանց ծննդյան ու մահվան ամսաթվերը զոհվածների հարազատներին հնարավորություն կտան տասնամյակներ հետո գոնե տեղեկանալ նրանց ճակատագրի մասին: Ի դեպ` հետաքրքրվողներին կտրամադրվի ավելի ընդարձակ տեղեկատվություն: Հրապարակված տվյալների մեկ այլ ցուցակ էլ ընդգրկում է անուններն ու ծննդյան տարեթվերը ավելի քան 10 հազար այն գերմանացիների, որոնց նկատմամբ խորհրդային դատարանների կողմից տարբեր պատիժներ են սահմանվել: Ծավալուն այս աշխատանքն իրականացրել են Դրեզդենում գործող «Սաքսոնական հուշեր` քաղաքական ահաբեկչության զոհերի հիշատակին» հասարակական միավորման աշխատակիցները: Ծրագիրն իրականացվել է 9 տարվա ընթացքում և դրան աջակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի ներկայացուցիչները: