ՀՈԲԵԼՅԱՆԱՄՈՒՏ ԳՈՒՅՆՆ ՈՒ ԳԻԾԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲԱՌ, ԽՈՍՔ


«Հայաստանի այն տեղանքը, որ մոռացել է գեղեցկացնել Արարիչը, իր նկարներում լրացնում է Արևշատ Ավագյանը»£ Գրիգորե ՎԻԵՐՈՒ Սեփական գույների ու գծերի ձևավորած փոխաբերական պատկերներով տեսանելի աշխարհի յուրընկալ արտահայտությունները դեռ մանկուց են Արևշատ Ավագյանի ստեղծագործական երևակայության սլացքը կոնկրետացրել£ Տարիների կենսափորձն ու իմաստնության կուտակումները գեղանկարչական աշխարհընկալումն ուղղորդել են բանաստեղծության հունով` աստիճանական փոխներթափանցմամբ շուտով անշփոթելի կերպավորում տալով ինքնաստեղծ երփնագրին£ Որքան էլ պարադոքսալ թվա, առաջին բանաստեղծական ժողովածուից` «Ակունքներ»¬ից (1963 թ.) տասը տարի անց է միայն որպես գեղանկարիչ հրապարակավ երևացել, «Գարուն» ամսագրի խմբագրատանը բացված անդրանիկ ցուցահանդեսով£ «Մաքրվող հեռուներ» ժողովածուից (1974 թ.) սկսած անձամբ է գեղազարդել Երևանում, Մոսկվայում լույս տեսնող իր բոլոր գրքերը£ Այսօր, 70-ամյա հոբելյանի նախաշեմին, մի քանի հազար գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների և 23 գրքերի հեղինակ է փութաջան արվեստագետը, ինչպես նաև` մշակութային մի շարք միջոցառումների («Նավասարդ» հեռուստահանդես, «Մշակութային գարուն», «Մշակութային աշուն», «Բոլոր մուսաները թատրոնում» և այլ փառատոներ ու մշակութային հավաքներ, «Ծիր կաթին» միավորում, Մշակութային խորհրդարան...)£ Որպես գեղանկարիչ լայն ճանաչում գտնելով Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, ապա «ՁՐցՊ» թերթի խմբագրատանը կազմակերպված անհատական ցուցահանդեսներից ի վեր` Արևշատ Ավագյանը այնուհետև հանրությանը հիմնականում ներկայացվել է գրական ու գեղանկարչական քանքարի երկմիասնությամբ£ Արվեստաբանների խանդավառ գնահատականներին արժանանալով` նույն եռանդով մինչ այժմ էլ շարունակում է հարստացնել «մանկական հեքիաթայնությամբ» ակնառու իր ստեղծագործությունը` բոլոր գործերի հիմքում դնելով կյանքի հարատևության, «սերմացու լույսի» գաղափարը£ …Նկարչի տան նորաբաց ցուցահանդեսի 88 աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվողներին «Աշտարակցի երազողը» (Ալ. Կամենսկու բնորոշմամբ) սիրահոժար պարզաբանում էր տիեզերական անսահմանության սեփական պատկերացումների խորհրդանշական համակարգի ենթիմաստների թանձրացումներն առանձին կտավներում` միաժամանակ ուղենշելով դրանք միավորող ներքին ռիթմի գունագծային ելևէջումները, որոնցով ամբողջանում էին Նախասկզբի շուրջ բանաստեղծական մտորումները£ Բնության ու կյանքի ճանաչողությունը ծնունդ է տվել նրա երևակայական աշխարհի ինքնահնար «բնակիչներին»: Գերիշխող վառվռուն գուներանգները նույն բնությունն ու կյանքը առավել գեղեցիկ ու հավատաշող տեսնելու համառ ձգտումից են, կարծես, հորդում: Այցելուներից շատերը չէին էլ փորձում թաքցնել գոհունակությունը` Արևշատյանի հորինած հեքիաթային աշխարհից ճառագած ապրեցնող ներուժի մոգական ներգործությունից: Կանաչ, կապույտ, ոսկեգույն օրերի ռիթմերը բարձր տրամադրություն էին արթնացրել մռայլ առօրյայից մթագնածների հոգում: Արդի հայ կերպարվեստում նրա ունեցած ուրույն դիմագիծը արժևորելով` ոմանք սարյանական գեղագիտության սաղմեր են որսում Արևշատյանի կտավներում: «Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ,- ասում է Համո Սահյանը:-Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում երկինքն ու երկիրը արտացոլված են իրար մեջ, և այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են միայն հեղինակի կողմից: Գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է»: Իր գեղագիտական հավատամքը նախահոբելյանական մեր զրույցում բնորոշում է ինքը` հնօրյա «Ավանգարդ»-ցի արվեստագետը. «Իմ արվեստը որևէ «իզմ»-ի մեջ չի տեղավորվում` պատկերավոր մտածողություն, որ գույնը գծի է փոխարկում, հետո` բառի»: Ճիշտ այդպես, խորհրդապաշտական յուրատիպ արժևորում ստացած գույներով ու գծերով, նրա կենսահայացքն են արտացոլում բանաստեղծական երևակայության մեջ բեկված ինքնարտահայտման դրսևորում-կտավները` մեկը մյուսի ասելիքը լրացնելով ու շարունակելով: «Նախաստեղծ լեռները», «Երազի ծառերը», «Ներաշխարհի ձյունոտ օրը», «Լեռների խորհուրդը», «Տոհմածառերի ծնունդը», «Հիշատակները», «Վաղնջական հավատը»… Երբեմն հենց բառ-նշաններով են կոնկրետ խորհրդանիշ պատկերները ձևավորվում: Եվ, իր իսկ խոսքով. «Արվեստագետի ձեռքը կամա թե ակամա արձանագրում է տիեզերական ռիթմի գծանկարը, որը կարդիոգրամայի նման ներկայացնում է ոչ միայն իր սրտի ու հոգու առողջական վիճակը, այլ նաև այն ժամանակաշրջանի բարոյական ու հոգեբանական իրավիճակը, որի մեջ ապրել է ինքը»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ