ՀԱՅԱՑՔ ԵՐԿՐՈՐԴ «Պետք է սկսել… լուսաբացից»


Բնավերության լակոնիկ արտահայտչականությամբ իր վրա է կենտրոնացնում ուշադրությունդ Խաչատուր Ղարաբեկյանի ձևավորած բեմատիպարը` Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» դրամայի (1984 թ.)£ Կենսական ու խորհրդանշական տրագիկոմիկական գույների, մանրակրկիտ իմաստավորված, պատկերավոր բեմավիճակների ներդաշնակմամբ` այն նորովի կենդանացնում են «աբելյանցիները» ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի վերաբեմադրությամբ: Թվում էր, թե 88-ի ավերիչ երկրաշարժի օրերին անմիջականորեն արձագանքած ու Կիրովականի (Վանաձորի), Ստեփանակերտի, Թբիլիսիի թատրոններում բազմիցս խաղարկվելով մեծ ռեզոնանս առաջացրած այս հայրենաշեն բեմադրամտահղացումը պատմականի հնչողություն կունենա մեր օրերում£ Հասարակական-քաղաքական հեղաբեկումների բովով անցած «աբելյանցիների» վաստակաշատ ավագների ու շնորհալի նորերի կատարողական առկա ներուժի հնարավո րինս ուղղորդմամբ, ներկային բնորոշ ինչ-ինչ հավելումներով (կարելի էր, կարծում եմ, ավելի համարձակ ու պերճախոս «ներարկումներ» սինթեզել հեղինակային հնամենի տեքստին) կրկին բեմ բարձրացված թատերախաղը արդիաշունչ համազգային հրատապությամբ է իր հանդիսատեսին հուզում ու հարազատանում: Արծարծված խնդիրներից շատերը, ըստ էության անլուծելի մնալով կամ արտաքին դրսևորումները կերպափոխելով, հավասարապես վերաբերում են կիսավեր մնացած ու շարունակաբար լքվող մեր սահմանամերձ գոտուն, արտերկրի հայաշատ բնակավայրերին: Արտագնա աշխատանքի հարկադիր-կամավոր մեկնողների շարքերի ստվարացմամբ` հիմա էլ քայքայվում են շատ ու շատ ընտանիքներ: Հայաստանի ազգաբնակչության 1/3-ը տարերահորդ ծվարել է մայրաքաղաքում£ Մի ստվար զանգված կուշտուկուռ ապաստանել է արտերկրի փախստականների ճամբարներում` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, մինչ այստեղ երկքաղաքացիության մեխանիզմներ են մտմտում… Երիտասարդները հատկապես խուսափում են իրենց ծնողների գյուղական չարքաշ ու անհետաքրքիր կյանքով ապրելուց: Բնութագրական են այս առումով Հոնուտի միակ շեն տանտիրոջ (11 երեխա ունի, սիրող ու ներողամիտ կին, սեզոնային աշխատանք)` նվիրյալ հողագործ Լևոնի (Վրույր Հարությունյան) զրույցները Նազիկին (Ռեբեկա Խուդանյան) սիրահետող Արայիկի` քաղաքաբնակ մեծահարուստի որդու (Հակոբ Դեմիրճյան ) և գյուղապետ Սեկոյանի (Արթուր Պապիկյան) հետ: Արդարացի է ցասումը. «Շուտով երկրի անո°ւնն էլ կփոխեք, Երևան կդնեք»: Եվ կենցաղային ամենատարբեր, առաջին հայացքից` առօրեական առարկաների կոլաժով արված երկշարք միջնորմները թափուր մնալու դատապարտված տների խոսուն խորհրդանիշներից անծածկ գերեզմանների են վերափոխվում, երբ նրանցում մերթ ընդ մերթ երևում են կիսակենդան ուրվականներ հիշեցնող հատուկենտ սգակիր կանայք (Շամիրամ Տերտերյան, Ռուզան Խաչատրյան, Գայանե Մեսրոպյան), ասես բնազդաբար նստում սպասումի աթոռներին ու հուշիկ աներևութանում: Բեմական գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում փոստատան կենտրոնատարած պատվանդանին ու նրա շուրջ, որին տիրաբար բազմած հնագույն հեռախոսակայանը միակ կենդանի կապն է դրսի աշխարհի հետ: Ներկայիս գերժամանակակից հեռահաղորդակցությանը, որպես ծարավը հագեցնող մեկ բաժակ ջրին, ընտելացածներից շատ-շատերին անծանոթ այդ պարզունակ սարքը աստիճանաբար համարժեքանում է բնավերության համազգային աղետի վերծանման գաղտնագիրը ամփոփող պահոցի (յուրատեսակ «սև արկղի») հետ: Սկսած այն պահից, երբ կարմիր հեռախոսալարը, դրանից օձագալար հեռանալով, Երևանից կորած-մոլորած Հոնուտ (հընթացս մտապատկերումդ այս Հոնուտը զուգահեռվում է մաթևոսյանական Ծմակուտին) է հասցնում տագնապի առաջին ահազանգը Մանվելի (Հայկ Թորոսյան) պահանջատիրական խոսքի մետաղե զրնգոցով: Անսպասելիորեն շանթահարված Սաթենիկը (Ռոզա Մխիթարյան) կծկվում, կարկամում է մի պահ. մայրաքաղաքում հիմնավորապես բնավորված որդին շրխկացնում է լսափողը` ի նշան բողոքի եղբորն ավելի շատ սննդամթերք ուղարկելու դեմ: Որդիների կարոտից դալկացած մոր զայրույթը տհաճ միջադեպի միակ վկայի` հեռախոսավարուհի Եվայի 48 տարվա մորմոքուն սիրո պատրանքի հանիրավի փլուզմամբ է պարպվում: Ճիշտ ժամանակին հայտնվում է «հանդարտ» պիտակված ուսուցչուհի Արուսը (Էլինե Աղամյան), ում վաղուց չեն ջերմացնում բազմազբաղ հռչակավոր որդու` Վահագնի բացիկները, ով չի էլ արժանացել թոռների տեսությանը: Այդուհանդերձ, կյանքը նրան չի չարացրել, Սաթենիկին ու Եվային մշտապես հաշտեցնելու ուժ է գտնում. «Եթե սպասում ես, մարդն ապրում է»: Խաղաղվում են երկուստեք: Սիրած տղամարդու զոհվելուց հետո նրա վերադարձի ինքնախաբեությանն ապավինած Եվան (Ալլա Հովհաննիսյան) որդիական սիրուց իրականում զրկված Սաթենիկի, բոլոր միայնակ մնացած մայրերի կրած հոգեկան կտտանքների դեմ է ընդվզում. «Մարդ մայր լինի ու զավակ չունենա՞, տատ լինի ու թոռ չունենա՞»: Պատահաբար չէ բեմի խորքում վեր խոյացող դատարկ թռչնաբույնը կարմրացոլք լուսավորությամբ գործողության մեջ մտնում Վարդանի (Թեմուր Աճինյան) գիշերային ամենօրյա ասպետական «հայտնության» քնարաշունչ ու սիրառատ երազադրվագում միայն: Այս Եվայի մեջ բարեգութ նկրտումները գերազանցում են թվացյալ չարացածությանը` անբասիր մարդկային նկարագրի կատարելատիպ իր Վարդանի մշտարթուն, թող որ տեսլական հարատևության ներշնչած հավատով միայն£ Առանց ավելորդ մանրամասների` պարզորոշ հստակվում է հասուն տարիքում կամա-ակամա բախտակիցներ դարձած, սպասումից հոգնաբեկ այս միայնակ կանանց տխրատամուկ կյանքի դրաման: Երեք դերասանուհիների ընդհանուր խաղով (ամենահամաչափը, անխոս, Ալլա Հովհաննիսյանի կերպարային զգացողություններն են)` տարբեր կանանց միասնական եռանկարն է կենդանանում: Միմյանց լրացնելով ու հարստացնելով` նրանք իրենց վիճակված նոր փորձություններին դիմագրավելու ուժ են գտնում: Համահայկական բնավերության գենետիկ սինդրոմի հաղթահարման պոռթկումով է որդիների շահադիտական, քարսիրտ քաղքենիական ակնկալությունները վերջակետում Սաթենիկ-Մխիթարյանը («Իզուր չսպասե°ք, չեմ մեռնելու, այս տունը վաճառքի ենթակա չի»), ում մի ակնկարթ էր միայն վիճակված հրճվել որդիների այցելությամբ, երբ հին, բարի օրերի պես նրանք, մանկացած, խլխլում էին իրարից հեծանիվը, որը դրամատիկ լարվածությամբ շիկացող տեսարանի ավարտին երկար շրջված է մնում բեմառաջքում` մունջ շեշտադրելով մերօրյա բնավերության ամենազորեղ հարուցիչի` ծնողի (և ոչ միայն. հանուն շահի մտերիմ-հարազատներն էլ են հիմա իրար ծվատում) բարոյական սպանության հրեշավորությունը£ Եղբոր անմարդկային նպատակամետությանը Սամվելի (Շահեն Ոսկանյան) տատամսոտ համակերպվածությամբ` ուժգնացնում եղկելի իրավիճակի բորբոքած հոգեկան ցնցումը£ Տրագիկոմիկական իրադրությունների հնարամիտ հերթափոխությամբ, գյուղական առօրյայի զուսպ աշխուժացմամբ, մարդկային ամենժամանակյա փոխհարաբերությունների պարզ վերակենդանացմամբ` կենսական դաժան ճշմարտությամբ է հագենում ներկայացման գլխավոր ասելիքը: Միաժամանակ` լավատեսություն ներշնչող, սակայն ներկա կենսավիճակում` դժվար իրականանալի հույսերով: Հոնուտում է հաստատվում Լևոնի նորահայտ որդին` Կամոն (Էդգար Քոչինյան), ում արժանապատիվ ընդունում է Վարսենիկը (ընդամենը մեկ բեմելով տպավորվում է Սոֆա Սողոմոնյանի մարմնավորած միակ բախտավոր հոնուտցի կինը): Բարձր ամբիոնի վերածված հեռախոսատուփից այս նրբազգաց լեհահայը ի սրտե որդիական ջերմություն է առաքում բոլոր միայնակ կանանց: Սաթենիկի ուրախությանը չծառայած խնջույքի սեղանը հարսանեկանի է վերածվում... Ինչպես կասեր Եվայի անուղղակի միջամտությամբ քաղաքից ամուսնու` Սեկոյանի մոտ վերադարձած կինը (Հերիքնազ Բաղդասարյան). «Ամեն գիշեր ունի լուսաբաց, բայց պետք է սկսել լուսաբացից»: Բնավերության սինդրոմի ներկայիս կենսունակության իրական փաստերը մոտալուտ արժանապատիվ լուսաբացի հավատընծա հույսեր գրեթե չեն շողարձակում, բայց քանիցս խաղարկված այս ներկայացմանը հանդիսատեսի ինքնաբուխ արձագանքները, այնուամենայնիվ, լավատեսորեն են տրամադրում մարդկային ազնիվ մղումների ու վսեմ հատկանիշների անկորնչելիության նկատմամբ: Գուցե անհավանական թվացած հանդիսատեսային աննախադեպ հաջողությամբ «աբելյանցիների» թատերախումբն ի՞նքն ազատագրվի բնավերության համահայկական սինդրոմից և շուտով սկսի ապրել… «լուսաբացից»: Չէ՞ որ կարողացավ, ընդհանուր առմամբ, սրտառուչ բեմական կյանք պարգևել խորհրդային իրականության օրերին անմիջականորեն առնչվող այս դրամային (բնավերության սինդրոմը մեր գեներում է նստած), ամայացող հայկական բնօրրանի յուրատիպ խաչքար սպասասրահ-փոստատունը հավատի արևով ջերմացնել և բավականաչափ նախադրյալներ ունի այժմ վերընձյուղման:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ