ՖՐԱՆՍԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐ 


 

Վերջերս ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որից հետո երկու կողմն էլ հայտարարեցին, որ պատրաստ են շարունակելու քննարկումները` վերջնական համաձայնության հասնելու համար:

Ճիշտ է, այս հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը, արհամարհելով սեփական երկրի արտգործնախարարի հայտարարությունը, նորից խոսեց առաջիկա ռազմական գործողությունների մասին: Սակայն արդեն բոլորն են վարժվել ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը, և, կոպիտ ասած, բանի տեղ չեն դնում: Ուրախալի է, որ միջազգային կառույցները և ողջ եվրոպական հանրությունն արդեն սկսել են ճնշումներ գործադրել, քանզի համոզված են, որ սառեցված են բանակցությունները, որոնք կարող են առմիշտ սառեցված մնալ, իսկ Սաֆարովի դեպքից հետո իրավիճակը խիստ լարված է: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը փորձում են ամեն ինչ անել` բանակցությունների տոնն ու մթնոլորտը պահպանելու համար` այսպես անուղղակիորեն խոստովանելով, որ հանդիպումների և քննարկումների ձևաչափն արդեն իրեն սպառել է, անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Գիտենք, որ տևական ժամանակ Կրեմլն ամեն ինչ անում էր բանակցություններում իր նախաձեռնողականությունը և թելադրող կեցվածքը պահելու համար. հանգամանք, որը չէր կարելի դիտարկել սոսկ խաղաղասիրական ջանքերով:

Բազմիցս ենք ասել, որ Մոսկվան ղարաբաղյան կոնֆլիկտում իր շահերն է տեսնում և բնավ էլ դեմ չէ, որպեսզի հանգուցալուծումն ուշանա: Այս դեպքում նա ավելի շատ կկարողանա ադրբեջանամետ դիրքորոշումներ արտահայտելով` պահպանել իր որոշակի ազդեցությունները Բաքվի վրա: Սակայն հիմա արդեն Մոսկվան ժամանակավորապես պիտի հեռու քաշվի առաջատարի դիրքերից: Հայաստանում առաջիկայում ընտրություններ են, ինչը նշանակում է, որ ղարաբաղյան խնդիրները մղվելու են հետին պլան: Միացյալ Նահանգները ևս պատրաստվում է ընտրությունների, ուստի այստեղ էլ ժամանակավորապես մոռացության կտան Ղարաբաղը:

Ստեղծված կացության մեջ Ֆրանսիան դառնում է առաջատար և ստանձնում բանակցությունները կազմակերպողի դերը: Սա արդարացված է, որովհետև տվյալ պահին Ֆրանսիայում վիճակը կայուն է, արդեն խաղաղվել են կրքերը, նոր կառավարությունը հայտնել է իր դիրքորոշումները:

Ֆրանսիան, իհարկե, չի կարող որևէ հարց լուծել, որովհետև, ըստ էության, Ղարաբաղյան հարցը հայտնվել է փակուղում, քանի որ թե´ հայերը, թե´ ադրբեջանցիները պատրաստակամություն են հայտնում փոխզիջումների գնալու, բայց իրականության մեջ նրանցից որևէ մեկը որևէ քայլ չի կատարում: Այսինքն, իսկական «պատային վիճակ», որն ավելի նախընտրելի վիճակ է, քան պատերազմը: Եվ հասկանալի է, որ Ֆրանսիան էլ շահագրգռված է, որպեսզի իրադարձություններն այլ կերպ չզարգանան: Ղարաբաղյան խնդիրն այնքան ժամանակ լուծում չի ունենա, քանի դեռ չի ստեղծվել նոր միջազգային կարգավիճակ: Ուրեմն, որքան ժամանակ ձգվի հանգուցալուծումը, այնքան կշահեն Արցախն ու Հայաստանը: Հենց չլուծվածությունն էլ լուծում է, որովհետև այս ընթացքում Ղարաբաղն ամրապնդում է իր դիրքերը միջազգային հարաբերություններում, մշտապես մնում է որպես միջազգային հարաբերությունների հարց: Միաժամանակ Ղարաբաղը հնարավորություն է ստանում զարգանալու, առաջընթաց ապրելու, կայանալու իբրև պետություն: Իսրայել պետությունն արդեն քանի˜ տարի ապրում է պաղեստինյան խնդրի հետ սերտակցված: Խնդրի չլուծվածությունը որևէ մեկին չի խանգարում: Ուրեմն, չպետք է խանգարի նաև մեզ: Ի վերջո, միջազգային հանրությունն աստիճանաբար կգա ինքնագիտակցության և ինքը կլուծի հարցը` դե յուրե ճանաչելով Լեռնային Ղարաբաղը: Կճանաչի նաև Ադրբեջանի ժողովուրդը, որը, ինչպես ցույց են տալիս այդ ժողովրդի տրամադրությունները, գրեթե մոռացել է ղարաբաղյան խնդրի գոյության մասին: Այն հիշում է միայն Ալիևը, ում պետք է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, իր հարստություններից, օրավուր պակասող ադրբեջանական նավթից, ինչը կարող է շուտով միջազգային սկանդալի նյութ դառնալ, կազմաքանդել ադրբեջանական տնտեսությունը: 

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ