«Սենդին» խենթացրել է մարդկանց 


 

Ամերիկային պատուհասած «Սենդի» աղետաբեր փոթորիկը նաև անհեթեթ իրավիճակներ է ծնել: The Metro թերթի տեղեկացմամբ` հեռուստատեսությունների, կայքերի թղթակից ները Վաշինգտոնի պատկազդու փողոցներում նկարել են միայն մարզական կիսավարտիքով երկու տղամարդկանց: Մերկությունը դեռ ոչինչ. այդ ամերիկացիները ձիու դիմակներ են կրել և երջանիկ թռչկոտել են ու թափահարել ձեռքերը: Մեկ ուրիշն էլ ինքնամոռաց սահել է անվակոշիկներով: Ոմանք այս արարքը բացատրել են այսպես. մշտապես ծանրաբեռնված փողոցներում երբևէ հնարավոր չի եղել այդքան ազատ լինել, ու հիմա մարդն օգտվում է ամայության ընձեռած առիթից:

Կարելի է ասել` փոթորիկ դրսում և հոգիներում: Թե հոգեկան ի՞նչ ավերումներ կպատճառի «Սենդին»` հետո կերևա: Իսկ մինչ այդ` առայժմ հաշվարկված է, որ Ամերիկայի արևելյան ափերն ու Կանադան չխնայած հողմը շուրջ 2 տասնյակ կյանքեր է խլել, 7,3 միլիոն տներ և ձեռնարկություններ զրկել էլեկտրականությունից:

***

Չարաղետ տարերքը մոլգնել էր ամերիկացիների ամենասպասված տոներից մեկի` Հելլոուինի օրերին, երբ երկրի նախագահը ևս անմասն չէր մնում տոնակատարությունից: Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տանը սովորաբար մանկական հանդիսություն էին կազմակերպում: Սպիտակ տան աշխատակիցներն ու պաշտոնյաները, դիմակահանդեսային հանդերձներով, դպրոցականների հետ խաղում էին «Քսակդ կամ կյանքդ» ավանդական խաղը: Այս տարի «Սենդի»-ն տապալել է և այդ ավանդույթը:

Անհոգ Հելլոուինի զվարճանքների փոխարեն, Օբամային սպասվում են ծանր տեսարաններ` փոթորկից մեծապես տուժած Նյու-Ջերսի նահանգում: Իսկ Միշել Օբաման փոթորկի պատճառով չի կարողանում հեռանալ Չիկագոյից, ուր մեկնել էր մինչ աղետը: