ԻՍԿԱՊԵՍ, ԻՆՉՈՒ՞ ԷԻՆ ՀԻՇԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ 


 

Հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ էին ԱԺ մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 26-ին` ահաբեկչության հերթական տարելիցի նախօրյակին, այցելել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Այցելությունից հետո որոշ պատգամավորներ կցկտուր բացատրում են, թե իրենք որևէ նպատակադրում չեն ունեցել, թե ցանկացել են ուսումնասիրել ՔԿՀ-ում տիրող վիճակն ու պայմանները: Եվ Նաիրի Հունանյանի խուց էլ մտել են պատահաբար` ոչ ընտրողաբար խնդրելով բացել դռներից մեկը… Հետաքրքիր է. այսօր չքմեղացող պատգամավորները ժխտում են այն փաստը, թե իրենք գիտեցել են, որ մտնում են Հունանյանի խուց: Մինչդեռ նրանց հետ գտնվող Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը չեն մտել խուց` չկամենալով հանդիպել այն մարդուն, ով գնդակահարեց պետության ղեկավարների և պատգամավորների: Ու այստեղ որևէ զրույց չվարելով ահաբեկչի հետ, տեղեկացել են, որ նա գլխացավ ունի, որ տարել ու բուժել են գլխացավը…

Մենք չգիտեինք, որ մեր որոշ պատգամավորներ պայծառատեսներ են և մարդու դեմքին նայելով` տեղեկանում են, թե ինչ հիվանդություն ունի և այդ հիվանդությանը բուժում են գտնում: Այդ պայծառատես պատգամավորներն ավելի լա՞վ չէր իրենց «տաղանդը» ծախսեին մեր տնտեսության մեջ, նայեին այս կամ այն չգործող ձեռնարկությանը, «զգային» չաշխատելու պատճառներն ու իրենցից ճառագող էներգիայի միջոցով վերականգնեին մեր արդյունաբերությունը… ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման հանձնաժողովի անդամներն անտարբերության են մատնում բազմաթիվ բողոք-նամակներ, մինչև այսօր որևէ վերաբերմունք չեն ցույց տվել նախագահականի դիմաց հինգերորդ ամիսը նստացույց անող մի տիկնոջ, ումից խլել են բնակարանը և ով իր հավաստմամբ, Գարեգին Նժդեհի զարմուհին է: Նույն այս հանձնաժողովն այսքան ժամանակ չուզեց այցելել Գյումրիում ժամանակավոր կոչվող ու վաղուց քայքայված տնակներում ապրող հազարավոր մարդկանց, չուզեց հետաքրքրվել, թե ինչպես են ապրում փլուզման ենթակա հանրակացա րաններում 1988-89 թվականներին Հայաստան եկած փախստականները, որոնցից շատերի սոցիալական վիճակը պարզապես ծայրահեղ է: Այս հանձնաժողովը մինչև օրս չի մասնակցել հանրային կյանքին. լռություն պահպանեց, երբ «Հարսնաքարում» հոշոտվեց ազգային բանակի մայորը…

Բայց ահա Հունանյանին հիշել էին և իրենց առաջնահերթ խնդիրն էին համարել այցելել նրան ու հետաքրքրվել որպիսությամբ: Որքան էլ այս հանձնաժողովի անդամները փորձեն կոծկել իրենց այցի բուն նպատակը, այնուհանդերձ չեն կարող թաքցնել այն, որ ՔԿՀ էին գնացել հատկապես Նաիրի Հունանյանի համար, քանի որ սա բողոքել էր իր պայմաններից: Ուրեմն, պետք է ծափահարել մեր պատգամավորներին, որ այնքա˜ն մարդասեր են եղել, անմիջապես արձագանքել են ահաբեկչի բողոքին, հոգ տարել, որպեսզի նրա գլուխը չցավի: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այս առթիվ իր բողոքն է հայտնել.

- Ցնցվեցի և վրդովվեցի, երբ իմացա` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին: Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև այդ պարագայում գուցե վերոհիշյալ հանձնաժողովն ավելի «պուպուշ» կերևար եվրոպական կառույցների աչքերին: Այս ի՞նչ մոտեցում է: Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշ ները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի: Մի քանի րոպեում գլխատվեց Հայաստանը, անասելի հարված հասցվեց մեր երիտասարդ պետականությանը: Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը գրեցին Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջը: Ու այդ ոճրագործի որպիսությամբ հետաքրքրվող մարդիկ հաջորդ իսկ օրը` հոկտեմբերի 27-ին, Խորհրդարանի բակում անվրդով ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Իսկ գուցե պետք էր Սաֆարովի՞ն էլ այցելել կալանավայր»:

Լ.Մ.