ՍԵՎԱՆԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ


 

Արդեն տեղեկացել ենք, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեգամետ պլյուս» ընկերությունը ցանկանում է Սևանա լճի ափի մերձակա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումա-սիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրը, որը կզբաղեցնի 120 հա տարածք: Արդեն գիտենք, որ տեղի են ունեցել հանրային լսումներ, որոնց արդյունքում էլ ընդունելի է համարվել ներկայացված նախագիծը: Ըստ նախագծի, հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով և գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին: Համաձայն ներկայացված նախագծի, հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով: Առաջին փուլը տևելու է 50 տարի: Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հեկտար: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո կատարվելու է միայն բացահանքերի հատակների վերջնական հարթեցում 1.7 հա մակերեսով:

Մտահոգող հարց է առաջանում. եթե, ըստ նախագծի, հարթեցվելու միայն 1,7 հա տարածքը, ապա ինչպե՞ս են վարվելու 120 հա տարածք զբաղեցնող բաց հանքերի հետ: Այս մասին ոչինչ չի ասվում: Կարելի է կարծել, որ լսումների մասնակիցները պիտի ուշադրություն դարձնեին այս հանգամանքին, սակայն ոչ ոք քննարկման նյութ չի դարձրել այս կարևորագույն խնդիրը: Հիշյալ ընկերությունն, ի դեպ, այս հանքավայրն օգտագործում է դեռևս 2009 թվականից և, ըստ նախնական հայտարարության, պետք է արտադրեր հրակայուն աղյուսներ: Ժամանակին Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը խոտանել էր այս նախագիծը և արգելել շահագործումը, քանի որ հաշվի չէին առնված Սևանի համար առաջադիր խնդիրները: Մեր լեռնային գեղեցկուհու մոտակայքում կառուցվող հանքավայրը չի´ կարող ազդեցություն չթողնել լճի վրա: Բնականաբար, վտանգվելու է շրջակա միջավայրը, հանգստի գոտին, որը միտում ունի դառնալու միջազգային, կորցնելու է իր գրավչությունը: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ անընդունելի են այն բաց հանքավայրերը, որոնք ստեղծվում են ջրային տարածքների մոտ: Այս մասին մեզ մոտ էլ շատ լավ գիտեն, սակայն ինչ-որ մարդիկ, իրենց շահույթներն ապահովելու համար, ընտրել են բաց հանքի սկզբունքը: Նրանց չի հուզում այն հանգամանքը, որ Սևանա լիճը ոչ միայն հանգստի գոտի է, այլև` հանդիսանում է երկրի գլխավոր ջրամբարը, որի ջուրը կարելի կլինի օգտագործել նաև սննդարդյունաբերության մեջ:

Զարմանալ կարելի է, որ Էներգետիկայի և բնական ռեսուրսների, Բնապահպանության նախարարությունները, ՀՀ Գիտությունների ակադեմիան որդեգրել են կրավորական կեցվածք և չեն կամենում իրենց վճռական խոսքն ասել: