ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ


 

Մենք անդրադարձել էինք այն փաստին, որ Գյումրու նորանշանակ քաղաքապետ Բալասանյան Սամվելը պաշտոնանկ էր արել քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանին: Ալեքսանյանը ազատամարտիկ է, ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար:

Ինչպես վկայել է ազատամարտիկը, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը սատարել էր Բալասանյանին ընտրությունների ժամանակ, կոչ արել ազատամարտիկներին` ձայն տալ նրա թեկնածուի օգտին: Բայց ահա Բալասանյանը դրժել էր խոստումն ու առաջին հարվածը հասցրել այն բոլոր ազատամարտիկներին, ովքեր օգտվում էին Գյումրու քաղաքապետարանի աջակցությունից:

- Վարդանը պանթեոն կառուցեց զոհված տղաների համար: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչքան գումար ծախսեց, բայց կարողացավ գերեզմանոցը խելքը գլուխը բերել: Շենքի հարցում էլ Վարդանը մեզ օգնեց, ԵԿՄ-ին շենք տրամադրեց: 5 աշխատող ունենք, 2-ի աշխատավարձը ինքն էր տալիս: 40 հատ խանութ-կրպակ նվիրեց զոհված ազատամարտիկ ների ընտանիքներին, այդ թվում նաև 1-2 կարգի հաշմանդամ, խեղճ ու կրակ ազատամարտիկներին: Գյուղի ազատամարտիկներին է´լ կով նվիրեց, է´լ ավտոմեքենա:

Ազատամարտիկը նաև հիշեցնում է, որ ԲՀԿ քաղաքային կառույցներից մեկի ղեկավար Սարգսյան Արտաշն իրենց դուրս է արել զբաղեցրած տարածքից, սեփականաշնորհել է տարածքն ու հայտարարել, որ ազատամարտիկներն այլևս չեն կարող այնտեղ գրասենյակ ունենալ: Դե, Արտաշի նման մարդիկ կարող էին այդպես վարվել, քանի որ երբ ազատամարտիկները երկիրն էին պաշտպանում, «Լենշին» տրեստի կառավարիչ Սարգսյանն այդ ժամանակ հզոր շինարարական կազմակերպության ունեցվածքն էր վաճառում պարսիկներին:

Ուրեմն, ազատամարտիկները հսկել են Արտաշի հանգիստը, որպեսզի նա այդ ընթացքում հարստանար:

Հիմա էլ Յուրա Ալեքսանյանն իր վիրավորվածության մասին է խոսում.

- Բնական է, որ պիտի նեղանայի. ես 45 տարեկան եմ, երբևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, և դրա կարիքը չունեմ, բայց էստեղ ազատամարտիկներին օգնելու հարցն էր: Վստահ եմ, որ ժողովրդի ցանկացած շերտ դեմ չէր լինի, եթե ես մնայի տրանսպորտի բաժնի պետ ու 30 ազատամարտիկների դիսպետչերի աշխատանքում տեղավորեի: Էդ կարգի տղաներին գործի տեղավորելը խեր կլիներ, թող օրական իրենց 2000-3000 դրամը վաստակեին, ի՞նչ կլիներ որ: Իսկ էսօր ի՞նչ է փոխվել Գյումրու տրանսպորտի ոլորտում. որպես դիսպետչերներ էլի նույն հղփացածներն են աշխատում, իսկ ազատամարտիկներից շատերը էլի սովից մեռնում են: Էսօր կան ազատամարտիկներ, ովքեր 50 տարեկան են դարձել, բայց չեն կարողանում ամուսնանալ, փող չունեն: Բա սա մեր քաղաքին ամոթ չէ՞:

Յուրա Ալեքսանյանը հույս է փայփայում, որ նորանշանակ քաղաքապետը կհասկանա իր սխալն ու ամեն ինչ կանի, որպեսզի ազատամարտիկներն իրենց հարազատ քաղաքում սովի չմատնվեն: Նա լսել է, որ Բալասանյանը կամենում է դառնալ ԵԿՄ անդամ: Ուրեմն, միության անդամ դառնալուց առաջ, նա որոշակի պարտավորություններ կստանձնի: