«Վաղարշ և որդիներ»-ի փոխտնօրենը 8 կգ ոսկին «առել-թռել է» 


 

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի արտառոց և աննախադեպ հանցագործության մասին հաղորդում է ստացվել:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ անվտանգության ծառայության պետի տեղակալն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, ընկերության փոխտնօրենը` 47-ամյա Արմեն Բաղդասարյանը, որպես նյութական պատասխանատու անձ, Պուշկինի փողոցում գտնվող «Արարատ» բանկից, ստացել է 8 կգ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ` Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ տեղափոխելու համար: Սակայն հափշտակել է իրեն վստահված ոսկեղենն ու մեկնել ՀՀ-ից:

Թե ինչով կավարտվի աշնանային արևոտ օրով տեղի ունեցած այս մութ պատմությունը` դեռևս հայտնի չէ: Իսկ մինչ ոստիկանությունը անհետաձգելի միջոցներ էր ձեռնարկում Ա. Բաղդասարյանին և ոսկեղենը հայտնաբերելու ուղղությամբ` հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, անսպասելի մեկ այլ տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ անվտանգության ծառայության պետին է զանգահարել Արմեն Բաղդասարյանի կինը` Իննա Ս.-ն: Նա հայտնել, որ ամուսինը զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ ոսկու մի մասը` 4 կիլոգրամը, ինքը թաքցրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասում գտնվող իրենց տան նկուղում:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ այդ 4 կգ ոսկին հայտնաբերվել է նշված տան նկուղից և վերադարձվել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: