Դանակով, եռացրած ջրով թեյնիկով ու քարերով 


 

Ոստիկանության Վանաձորի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր. նույն տան մեջ ապրող հարազատներ էին վիճաբանել, եղբայրը ձեռք էր բարձրացրել եղբոր և նրա կնոջ վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 41-ամյա Նաիրա Պ.-ն հայտնել է, որ ալկոհոլ օգտագործած վիճակում, ամուսինը` 45-ամյա Գարեգին Ա.-ն և նրա եղբայրը` 32-ամյա Նարեկը, տանը վիճաբանել են միմյանց հետ: Նարեկը դանակով հարվածել է ավագ եղբոր գլխին, հետո մետաղյա ձողով` կրծքավանդակին, իսկ թեյնիկում եղած եռացրած ջուրը լցրել է իր` եղբոր կնոջ վրա: Այդքանը ասես քիչ համարելով` որպես տանը տեղի ունեցած «մարտական գործողությունների եզրափակիչ ակորդ»` թեյնիկով հարվածել իր գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Բայց հարազատական ամոթալի տուրուբմփոցն այդքանով չի սահմանափակվել: Եղբայրներն այնուհետև վիճաբանությունը շարունակել են տան բակում, որտեղ դարձյալ կրտսեր եղբայր Նարեկը քարերով հարվածել է ավագ եղբոր մարմնի տարբեր մասերին: Վերջինս գլխի և կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ամուսիններին դատաբժշկի ուղեգրեր են տրվել: Նարեկ Ավետիսյանը բերման է ենթարկվել բաժին: