ԱՅԼԵՎՍ` ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Ընդդիմության վերջին հանրահավաքին գնացողների դեմքերին ոչ անհանգստություն ու մտահոգություն կար, ոչ էլ` խանդավառություն: Մի տեսակ անտարբեր ու հոգնած հայացքներով մարդիկ էին հավաքվում Ազատության հրապարակում` ականատեսը դառնալու շարունակվող-ձգվող թատերախաղի, որի «դիմակներն» ու «բեմավիճակները» նույնն էին և անփոփոխ: Սակայն այս անգամ փոփոխվել էր օրերի «հայեցադրույթը», որն էլ «ավետեց» բոլորին, որ հետայսու Հայ ազգային կոնգրեսն անցնելու է գործուն ընտրարշավի` մի կողմ թողնելով բոլոր նախկին պահանջներն ու կարգախոսները: Սա արդեն նշանակում էր, որ ձևավորվելու է մի իսկական ու «անկրկնելի» դատարկ տարածություն, որը լցնելն ու իմաստավորելը չափազանց դժվար է լինելու: Ընդդիմությունն, ուրեմն, ցույց տվեց սեփական ձգտումների իրական պատկերը և սկսեց քայլել իր համար շատ վաղուց ուրվագծված ճանապարհով: Իսկ ժողովուրդը, որ խանդավառ ու ներշնչված` իշխանափոխություն էր ուզում, ուզում էր հավատալ իր առաջնորդներին` հայտնվեց հիասթափության ու հուսալքության մեջ ու մեկ անգամ ևս համոզվեց, որ ինքն ընդամենը զանգված է, որի ձայները նպաստելու են հենց նույն ընդդիմության քաղաքական բարեկեցությանը... Երևանում, ասել է թե` Հայաստանում, տեղի ունեցավ այն, ինչը տեղի է ունենում այն բոլոր երկրներում, ուր իշխանությունը կորցնողները ջանում են վերականգնել իրենց նախկին դիրքն ու ունեցվածք ձեռք բերելու հնարավորությունները: Ու եթե փորձենք հիմա արդեն ուրվագծել ապագա ընտրությունների ընտրական բուրգը, ապա կտեսնենք, որ ունենք իշխանություն, իշխանությունը կորցրած և իշխանության նորից ձգտող ընդդիմություն ու իրենց ընդդիմադիր կոչող գործիչների ոչ մեծ խումբ: Վերջինս ցանկացած պահի կարող է կորցնել իր կողմնորոշումները, քանի որ այսօր Հայաստանում չունենք այն իրական ընդդիմությունը, որը պիտի հանդես գար որպես այլընտրանքային ուժ և քաղաքական բանավեճ վարեր իշխանությունների հետ` ձգտելով կառուցողական ծրագրերի հայտածումներին: Հայաստանում տեղի ունեցածը մեկ անգամ ևս հավաստում է, որ քաղաքական գործընթացները շատ վաղուց կորցրել են զարգացումների տրամաբանությունը և վերածվել իշխանության համար պայքարի: Սա արդեն իսկ հուշում է, որ Հայաստանում ընտրությունների ուրվագծերն ու ելքերը հայտնի են, հայտնի են ֆավորիտներն ու «հետնապահները»: Հայտնի են նաև այն մեթոդաբանական քայլերը, որոնք հատկապես ընդդիմության համար դառնալու են առաջնային և գլխավոր: Հանրահավաքն ինքնին տվեց այդ ամենի հստակ պատկերացումները, նշմարելի դարձրեց մարտավարական քայլերը ու նաև հանրահռչակեց այն ճշմարտությունը, որը տևական ժամանակ թաքցվում էր հանրությունից: Հիմա չգիտենք` հանրահավաքից տուն դարձողները նույն անտարբեր դեմքերն ու հայացքնե՞րն ունեին, թե՞ ինչ-որ բան փոխվել էր, հասկացել էին, որ ժողովրդի հավաքական կերպարից վերածվել էին սովորական ընտրազանգվածի, որին վաղն արդեն «հեղափոխական» կոչերով տանելու են «Բաստիլը» գրոհելու... Իսկ պայքարի դաշտն էլ վերաձևվելու է պարզ ու սովորական դատարկ տարածության... Ահա այն ամենը, ինչը դարձավ արմատականների գլխավոր «քաղաքական ձեռքբերումը»: