ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ


Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը վերջին օրերի ամենամեծ իրադարձությունը հանդիսացավ, որը տարբեր քաղաքական ուժերի մղեց` իրենց գնահատականները հնչեցնել, այս հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստեր տեսնել: Ոմանք էլ շտապեցին ամեն ինչ կապակցել բիզնեսի աշխարհի հզորներին: Կարեն Կարապետյանն ինքը հայտարարեց, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ինքը շարունակելու է մնալ Հանրապետականի թիմում` չհեռանալով այն ուժից, որը մեծ շանսեր ունի 2012-ի խորհրդարանական ընտրություններում կրկնելու իր հաջողություն ներն ու դառնալու իշխանության հիմնական կրողը: Այսինքն, արդեն նախկին քաղաքապետը հավաստիացնում է, որ իր և Հանրապետականի միջև որևէ տարաձայնություն չի եղել, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իբր ՀՀԿ վերնախավից ոմանք իրենց դժգոհությունն են հայտնել Կարապետյանի գործունեության առնչությամբ: Եթե քաղաքական ենթատեքստերը բացակայում են, ուրեմն պետք է ուշադրություն դարձնել բիզնեսի հետ կապված խնդիրներին, որոնք էլ հավանաբար ստիպեցին Կարապետյանին` հեռանալ քաղաքապետի պաշտոնից: Որոշ աղբյուրներ պնդում են, թե Կ. Կարապետյանի հրաժարականը պայմանավորված է եղել Մոսկվայից ուղարկված որոշ «մեսիջներով»: Ավելի ճիշտ, նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ Երևանում բիզնես ունեցող մի շարք հայ գործարարներ դժգոհել են նրա գործողություններից: Մասնավորաբար, մայրաքաղաքի մի շարք կրպակների ապամոնտաժ ման, գովազդային վահանակների հեռացման, սեփականաշնորհված տարածքներում կատարվող ստուգումների, խստացված հարկային քաղաքականության վարման, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից բիզնես ծրագրեր պահանջելու, նկատելի վոլյունտարիզմի դեմ: Հիշատակվում են մի շարք գործարարների անուններ, որոնց օբյեկտների նկատմամբ նախկին քաղաքապետը «ոտնձգություններ» է կատարել: Այսինքն, շահերի բախումներն էլ ծնել են Կարապետյանի հրաժարականի անհրաժեշտությունը: Որքան էլ այս տվյալները ճշտված չեն, այնուհանդերձ չի կարելի բացառել, որ ոչ թե նախագահ Սարգսյանի, այլ հենց գործարարների ու Կարապետյանի միջև են տեղի ունեցել լուրջ խոսակցութ յուններ, որոնք էլ ստիպել են հրաժարական տալ` առաջ մղելով տնտեսական շահերի գերակայությունները: Կարելի էր նման սևեռուն ուշադրություն չդարձնել սույն խնդրին, եթե հիմնավորումներ և փաստարկումներ չլինեին: Մինչդեռ իր գործունեության առաջին օրվանից Կարեն Կարապետյանն իսկապես պայքար ծավալեց մայրաքաղաքում խոշոր բիզնես ունեցողների, քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մի շարք օբյեկտների դեմ` հավանաբար ձգտելով իրեն հռչակել թիվ 1 բիզնեսմենը: Իսկ որ նա բիզնեսմեն է բառի բուն առումով` կասկածել չի կարելի, քանի որ քաղաքապետի պաշտոնում գտնվելու շրջանում հասցրեց ավարտին հասցնել իր «էլիտար քյաբաբնոցի» շինարարությունը, որի վրա ծախսվել է մոտ 17 միլիոն դոլար… Հասկանալի է, որ սեփական բիզնեսը դեպի բարգավաճում տանելու մտադրություններով առաջնորդվող քաղաքապետը, ով նաև կամենում էր սեփականաշնորհել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շրջակայքում գտնվող սրճարանները, խոշոր տնտեսվարողների և ներդրողների զայրույթը պիտի հարուցեր, ձևավորեր սուր դիմակայություն: Այս ամենին ավելացնենք նաև այն, որ Կարապետյանը սրեց սոցիալական լարվածությունը, բազմաթիվ մարդկանց զրկեց օրվա հաց վաստակելու հնարավորությունից` չառաջարկելով այլընտրանքային միջոցներ: Երկրի իշխանություններն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, բնականաբար, չէին կարող հանդուրժել այս ամենը: Սակայն այս ամենին գումարվում են նոր հանգամանքներ ևս: Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը զբաղեցնելու է «Ռուսգազարդի» գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը` ամսական 135 հազար դոլար աշխատավարձով: Գլխավոր տնօրենի որևէ տեղակալի պաշտոն թափուր չէ, հետևաբար նրա համար պետք է ստեղծվի նոր հաստիք: Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանը կզբաղվի ԱՊՀ երկրների խնդիրներով` այսպիսով նպաստելով,` որպեսզի շուտափույթ կերպով կայանա այն եվրասիական միությունը, որի նախագիծը կազմել է Վլադիմիր Պուտինը: Կարեն Կարապետյանը միշտ համարվել է ռուսամետ գործիչ: Նա Հայաստանում էլ պաշտպանում էր Ռուսաստանի շահերը` անգամ հայաստանյան իշխանությունների թիկունքում համաձայնելով բարձրացնել գազի սակագինը, այստեղ իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք թելադրվում էին Ռուսաստանից: Լինելով «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն` Կարեն Կարապետյանը ներդրեց գազի հաշվիչների դիմաց 40 հազար դրամ վճարելու սկզբունքը, ինչն ակնհայտ կողոպուտ էր: «Հայռուսգազարդը» միլիոնավոր դոլարներ աշխատեց հաշվիչների տեղադրման ժամանակ, մինչդեռ Ռուսաստանում այդ հաշվիչները տեղադրվեցին անվճար, «Ռուսգազարդը» կատարեց նաև մոնտաժային բոլոր աշխատանքները` որևէ գումար չվերցնելով բաժանորդներից: Նման գործչի հայտնությունը ռուսական գազի գերհսկայի կառավարող կազմում, անշուշտ, ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այժմ Կարեն Կարապետյանը բացահայտորեն կաշխատի Ռուսաստանի օգտին և ամեն ինչ կանի, որպեսզի ձևավորվի միասնական տնտեսական դաշտը` Ռուսաստանի գերիշխանությամբ: Հրաժարականի պատճառի մեկ այլ տարբերակ ևս քննարկվում է, որը կապակցվում է նախագահ Սարգսյանի վարած հստակ արտաքին քաղաքականությանը: Ռուսամետ գործիչներին, այս դեպքում` երկու Կարեն Կարապետյաններին հեռացնելով ասպարեզից, նախագահը ցույց է տալիս իր ճշգրիտ արտահայտված հավասարակշռման քաղաքականությունը` այսպիսով իշխանության բարձր օղակներում տեղ տալով նաև արևմտամետ ուժերին: Այս ռազմավարությամբ Սերժ Սարգսյանը հասկացնում է Ռուսաստանին, որ լինելով ռազմավարական գործընկեր, Հայաստանն այնուամենայնիվ այն ֆորպոստը չէ, որի մասին երբեմն-երբեմն հայտարարում են ռուս պետական և քաղաքական գործիչները: Ուրեմն, այսօր արդեն կարելի է ասել, որ Հայաստանը որդեգրում է մի նոր քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալու ձևավորել համարձակ հարաբերություններ Արևմուտքի հետ և պաշտպանել սեփական տնտեսության շահերը: Իսկ «Ռուսգազարդում» Կարեն Կարապետյանի հայտնութ յունը, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, չի կարող ազդել մեր «գազային քաղաքականության» վրա. Ռուսաստանն այստեղ շահեր ունի և երբեք չի դիմի սուր դիմակայության:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ