ՉՈՒՇԱՑՈՂ ԾԱՓԵՐ


Բազմաթիվ անգամներ ենք խոսել մեծ քաղաքներից հեռու ապրող և ստեղծագործող արվեստագետների մասին: Մեր մեծ դերասան Սոս Սարգսյանը նրանց հերոսներ և նվիրյալներ է կոչում, կարևորում այն, որ այդ մարդիկ շունչ ու ոգի են հաղորդում «մեր գավառին», որն էլ դարձել է ազգային մշակույթը հարստացնող կարևոր արմատներից մեկը: Խոսքը Վանաձորի մասին է, որտեղ ապրող և ստեղծագործող գեղանկարիչ Փափագ Ալոյանին էլ կարելի է նվիրյալ համարել: Նա միշտ այստեղ է` իր քաղաքում, իր բնությանը ձուլված, իր երազներն այստեղ հյուսող: Ու ապրելով, ստեղծագործելով այստեղ` կարծես չնկատեց էլ, թե ինչպես դարձավ վաթսուն տարեկան... Ու հիմա վաթսուն տարին ընդամենը ստեղծագործական ու մարդկային հասունություն համարելով` շարունակում է ամեն օր արթնանալ զարմացումն ու հիացումն իր հոգում պահած, ամեն օր քայլել հարազատ քաղաքի փողոցներով` տեսնելով հեռվում տարածվող անտառի կերպարանափոխումները, հետո նստել նկարակալի մոտ ու կտավին հանձնել իր երազներն ու երևակայությունը... Երբեք չի նեղվել, որ իր ապրած վաթսուն տարիները տվել է իր քաղաքին, չի հեռացել նրանից: - Վանաձորն իմ հոգին է, իմ էությունը, իմ քաղաքն է, որն այնքան թանկ ու հարազատ է ինձ: Եթե հեռանայի այստեղից, ապրեի մայրաքաղաքում` երևի կորցնեի անմիջակա նությունս ու պարզությունս, կորցնեի այն գույները, որոնցով լցված է քաղաքը, լցված է այն բնությունը, որի մի մասնիկն էլ իմ քաղաքն է դարձել… Երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Հեռանալը դավաճանության կնմանվեր: Իսկ ես չեմ կարող դավաճանել իմ քաղաքին, որի ամեն մի փողոց կարծես ճանաչում է ինձ…,¬ ասում է գեղանկարիչը: Ու չի սխալվում. կարծես իրապես ամեն մի փողոց ճանաչում է նրան, բարևում… Մոտ քառասուն տարվա ստեղծագործական աշխատանք, մի քանի հարյուր գեղանկաչական աշխատանքներ, բազմաթիվ ցուցահանդեսներ, պարգևներ, գնահատումի խոսքեր… Այսպիսին է նրա ստեղծագործական ընթացքի կորագիծը: Այդ ամենին զուգընթաց էլ` Կերպարվեստի թանգարանի տնօրեն, Նկարիչների միության մասնաճյուղի ղեկավար… Փափագ Ալոյանի ջանքերով Կերպարվեստի թանգարանը դարձել է հագեցած կյանքով ապրող մշակութային օջախ, ուր բացվում են ցուցահանդեսներ, թարմացվում է ցուցադրությունը, տեղի են ունենում ուշագրավ հանդիպումներ, քննարկումներ: Եվ Փափագ Ալոյանը յուրովի հարստացնում է հարազատ քաղաքի գեղարվեստական կյանքը, ամեն ինչ անում, որպեսզի գավառային քաղաքներին բնորոշ տաղտուկն ու միապաղաղությունն այստեղ գերակա չդառնան: - Վանաձորը տարբերվում է Հայաստանի բոլոր քաղաքներից` զարմանալի արվեստասիրությամբ, մշակութային ակտիվությամբ: Դեռ 1960-70-ական թվականներից սկսած, երբ ես սկզբում դպրոցական էի, իսկ հետո էլ` ուսանող, սովոր էի տեսնել այն ակտիվությունը, որը բնորոշ էր քաղաքին: Այն տարիներին քիչ էին արվեստագետները, նկարիչներին մատով էին ցույց տալիս, որովհետև քիչ էին նրանք: Սակայն մեկ տասնյակից էլ պակաս նկարիչները ձևավորում էին հարուստ գեղարվեստական կյանք, նպաստում, որպեսզի մարդիկ շփվեն գեղեցիկի հետ, պատկերացումներ ձևավորեն գեղանկարչության մասին: Հետո գեղանկարիչներին միացան բանաստեղծները, երաժիշտները, թատրոնի մարդիկ… Վանաձորն իսկապես արվեստների քաղաք դարձավ: Հիմա մեր նպատակն է այդ ամենի պահպանումը: Բայց ոչ միայն պահպանում, այլև հարստացնում ենք,¬ համոզված է արվեստագետը: Փափագ Ալոյանն իր մասին չի խոսում, իր ստեղծագործությունների մասին չի խոսում: Ու սա է պատճառը, որ մեր զրույցը վերածվում է Վանաձորի մշակութային իրողություններին նվիրված մտորում ների: Անսահման համեստությունն է նրան ստիպում չխոսել սեփական ստեղծագործությունների մասին, որոնք շատ վաղուց արժանացել են արվեստաբանների ամենաբարձր գնահատականներին, առիթ հանդիսացել, որ Փափագ Ալոյանը դասվի ժամանակակից հայ գեղանկարիչների այն շարքին, որը մշտապես ձգտում է դասականի ու նորարարականի ներհյուսմանը, նոր մտածողության և նոր ձևերի հաստատմանը: Ձևն ինքն էլ բովանդակություն է, և Փափագ Ալոյանը գեղարվեստական ձևի նորացմամբ հասնում է բովանդակային ուշագրավ հաստատումների, կերպարվեստ բերում սեփական դիտումներն ու ընկալումները, գունային ինքնատիպ մտածողությունը, կոմպոզիցիա կառուցելու զարմանալի վարպետությունը… Գեղանկարչի ամեն մի ստեղծագործություն մղում է դեպի նորը, ինքնատիպը, դեպի սեփական էության խորքը: Նրա կտավներից մեկը, որը «Կաղնուտ» է կոչվում, կարող է լիովին բացահայտել նկարչի գունային և կոմպոզիցիոն մտածողության յուրատիպությունը, իսկապես առանձնացնել նրան շատերից: Փափագ Ալոյանի ծննդյան վաթսունամյակն արդեն իրողություն է դարձել, սակայն շնորհավորելով նրան` համոզված ենք, որ ծափերը երբեք ուշացած չեն լինում, որ ամեն մի գնահատություն ոգևորում և ոգեշնչում է արվեստագետին:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ